ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ կապերի մասին
Հանրային տրիբունալը հրապարակում է Լևոն Մելիքյանի (Ղազարյան) 2009թ.հոկտեմբերի 24-ի «Հովանոցներ դեմոկրատ նախագահի համար» հոդվածը , որտեղ հեղինակը փորձել է հասկանալ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անձի և կենսագրության մութ կողմերը:
ՀՈՎԱՆՈՑՆԵՐ ԴԵՄՈԿՐԱՏ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՐ
«Գոլոս Արմենիի»-ին (N 97, 2009թ. սեպտեմբերի 12) սենսացիոն նյութ է հրապարակել. Հայաստանի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից, իրադարձությունների ականատես և մասնակից Մ. Ա.-ն պատմել է Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ ունեցած կապերի մասին: Ցանկացած այլ երկրում նման նյութի ի հայտ գալը բուռն արձագանք կառաջացներ՝ հերքումներից մինչև դատախազության հաղորդագրություն քրեական գործ հարուցելու մասին։ Ցանկացած երկրում, բայց ոչ՝ Հայաստանում։ Արդեն մեկ ամսից ավել է անցել… և ոչ մի արձագանք։ Ո՛չ մի։
Միտքը, թե հասարակությունը խորը շոկի մեջ է ստացված տեղեկատվությունից, մենք միանգամից մերժում ենք։ Ճշմարտությանը շատ ավելի մոտ կարող էր լինել մեկ այլ ծայրահեղություն. իբր, ասվածի մեջ ոչ մի սենսացիա չկա, ամեն ինչ արդեն վաղուց հայտնի է։ Բայց այս վարկածի հետ էլ անհնար է համաձայնել, քանի որ պատահական մարդկանց ենթադրությունները, ասեկոսեները, հայտարարությունները մի բան են, իսկ կոնկրետ և, անկասկած, բանիմաց անձանց փաստագրական վկայությունները՝ բոլորովին այլ բան։ Ոչ, այստեղ վաղուց են գործում այլ մեխանիզմներ։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ մեկ կենտրոնից ղեկավարվող, «սենսացիաների» սիրահար, հիստերիկ ՀՀՇ-ական մամուլն այս անգամ ստացել է համապատասխան ցուցումներ, ինչը կարելի է բացատրել միայն մեկ հանգամանքով՝ Լ․Տ․-Պ․-ն չունի ոչինչ ասելու ի պատասխան, չի կարող հերքել ասվածը, և նրան ոչինչ չի մնում անել, քան անտեսել մեղադրանքը․․․ թե բա՝ դա էլ կմոռացվի․․․
Այդ հույսերը, հավանաբար, անհիմն չեն։ Ով ով, բայց Լ․Տ․-Պ․- ն լիովին իրավունք ունի ապավինելու իր անձի և կենսագրության կասկածելի և մութ կողմերի նկատմամբ հասարակության՝ ոչ մի կերպ չբացատրվող հանդուրժողականությանը (էլ չենք խոսում բացահայտ հանցավոր արարքների մասին), ինչի շնորհիվ նա դեռ գոյություն ունի որպես քաղաքական գործիչ ։
Մինչդեռ, Լ․Տ․-Պ․-ի անձի նկատմամբ մեծ ուշադրությունն անհրաժեշտ է գոնե այն պատճառով, որ ուսումնասիրելով ու վերլուծելով նրա անձի ու կենսագրության առանձնահատկությունները (իհարկե, ոչ միայն նրա)՝ գուցեև ուշացումով, բայց հնարավոր կլինի հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել մեր երկրում և մեր երկրի հետ 20 տարի առաջ, ինչ է տեղի ունեցել այս ամբողջ 20 տարվա ընթացքում, ինչ է կատարվում այսօր և ինչ կարող է տեղի ունենալ ապագայում։ Իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանի անձն այս առումով վերլուծության ենթակա բազմաթիվ գործոններից ընդամենը մեկն է, սակայն համաձայնեք, որ դա բավական կարևոր գործոն է, ավելին՝ մինչ այժմ արդիական։
Մ.Ա.-ն պատմել է այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել արդեն Լ.Տ.-Պ.-ի նախագահության ժամանակ, հիմնականում 1992 թվականի գարնանը, երբ նրան հավաքագրել են ամերիկյան հատուկ ծառայությունները, որոնք, ինչպես հիմա արդեն հստակ գիտենք, այդ ժամանակից սկսած ղեկավարում են նրան։ Անշուշտ, այս հավաստի փաստն ամենևին չի բացառում նրա՝ հատուկ ծառայությունների հետ համագործակցելու հնարավորությունը նաև նախորդ տարիներին։ Այս մասին են վկայում նաև ուղղակի և անուղղակի վկայությունները, որոնք հայտնի են նույնիսկ բաց աղբյուրներից։
Այնուամենայնիվ, հետաքրքրական է, որ հենց այդ ժամանակ էր, որ մամուլում հայտնվեցին ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտեի հետ Լ.Տ.-Պ.-ի համագործակցության վկայություններ։ Եթե այսօր դա ընկալվում է որպես «չարյաց փոքրագույն», ապա 1992 թվականին՝ հակասովետիզմի ալիքի պայմաններում, այդ բացահայտումը կարող էր պարզապես կործանել մարդուն՝ որպես քաղաքական գործչի։ Սակայն, ինչպես արդեն նշվել էր, դա չէր վերաբերում Լ.Տ.-Պ.-ին։
Հակիրճ հիշեցնենք այն պատմությունը, որը ժամանակային առումով զարմանալիորեն համընկավ Լ.Տ.-Պ.-ի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ թուրքերի հետ սերտ շփումների սկզբին (տես՝ ՀՀ նախկին արտաքին գործերի նախարարների վերջին օրերի վկայությունները)։ 1992թ. հունիսի 29-ին Լ.Տ․-Պ-ն առաջին անգամ հեռուստատեսությամբ հրապարակավ մեղադրանքներ հնչեցրեց ՀՅԴ հասցեին։ Կոպիտ և անամոթ ստի հեղեղում որպես հիմնական մեղադրանք հնչեց նաև ԿԳԲ-ի հետ «Դաշնակցության» շփման վերաբերյալ անհեթեթ պնդումը։ Ի պատասխան՝ կուսակցության առաջնորդներ, այժմ հանգուցյալ Հրայր Մարուխյանը և Հրաչ Տասնապետյանը պատմեցին Խորհրդային պետության պաշտոնյաների հետ իրական հանդիպումների մասին (որոնք, անշուշտ, չէին կարող կապ չունենալ ՊԱԿ-ի հետ), իսկ Երևանում հայերեն և ռուսերեն լեզուներով լույս տեսնող ՀՅԴ Բյուրոյի «Ազատամարտ» պաշտոնաթերթը սկսեց ՊԱԿ-ի հետ Լ․Տ․-Պ-ի համագործակցության մասին վկայող փաստաթղթերի հրապարակումը՝ Մյունխենի հայկական հարցերի հաստատության տնօրեն, դոկտոր Էդուարդ Հովհաննիսյանի մեկնաբանություններով։ Այդ բոլոր առումներով ուսանելի պատմությունը, թերևս, արժե հիշել բոլոր մանրամասներով և նյութերի վերատպմամբ, սակայն այս պահին սահմանափակվենք երկու մեջբերումով։
«Այլևս չենք լռի» հոդվածում Էդ․ Հովհաննիսյանը գրել է․ «ՊԱԿ-ի գործակալ Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանը, անձնական համար՝ Ժ-385292, այդ հզոր կազմակերպությունում իր ուղին սկսել է 1977 թվականի մայիսի 29-ին, երբ ՊԱԿ-ի մի գործակալ՝ Կազբեկ կեղծանունով, որը ճանաչում էր ապագա նախագահին համատեղ աշխատանքից, նրան բնութագրեց որպես պարզասիրտ, ճշմարտասեր, լուրջ գիտելիքներով օժտված, կոլեկտիվի համակրանքը վայելող մարդ։ Կազբեկի զեկուցման հիման վրա 1977 թվականի հոկտեմբերին Հայաստանի ՊԱԿ-ի 1-ին բաժնի ավագ օպերլիազոր Մ. Հակոբյանը ՊԱԿ-ի ղեկավարությանն է ներկայացնում հետևյալ եզրակացությունը. «Տեր-Պետրոսյանի վերաբերյալ փաստաթղթերը ներկայացնել ԽՍՀՄ ՄԽ-ին առընթեր ՊԱԿ-ի Կրասնոդարի մարզի վարչություն՝ քննարկելու և վճռելու համար նրան ԽՍՀՄ ՄԽ-ին առընթեր ՊԱԿ-ի հատուկ կադրերի թվում ընդգրկելու հարցը» ։ Հայաստանի ՊԱԿ-ի 1-ին բաժնի պետ Հ. Հարությունյանն այդ եզրակացության տակ մակագրում է՝ «Համաձայն եմ»։ Նույն 1977 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը դառնում է ՊԱԿ-ի հատուկ ստորաբաժանումների սպա»։
Այստեղ տեղադրվել է նաև 1981 թվականի հոկտեմբերի 27-ի տեղեկանք-բնութագրի լուսապատճենը, համաձայն որի՝ առաջարկվում է «լեյտենանտ Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանին թողնել ԽՍՀՄ ՊԱԿ-ի հատուկ ռեզերվում»։ («Ազատամարտ», 1992, n10, հուլիսի 14-20):
Այս առաջին հրապարակմանը պետք է հետևեին նաև մյուսները, սակայն դրանք այդպես էլ չհայտնվեցին արտերկրի դաշնակցականների՝ «երկիրը չխայտառակելու» զանգվածային խնդրանքների հետևանքով։ Մյուս կողմից՝ պաշտոնական մամուլում հրապարակվեցին բազմաթիվ նյութեր և հարցազրույցներ, որոնք, իբր թե, հերքում էին ՀՅԴ-ի ներկայացրած տեղեկությունները։ Մասնավորապես, որպես հիմնական փաստարկ՝ Լ․Տ․-Պ-ի պաշտպանները վկայակոչում էին մասամբ արդարացի այն հանգամանքը, որ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի գրեթե բոլոր շրջանավարտները գրեթե ինքնաբերաբար հայտնվում էին ՊԱԿ-ի տեսադաշտում։ Բայց միևնույն ժամանակ, չգիտես ինչու, ուշադրություն չդարձվեց այն ակնհայտ հանգամանքին, որ Լ․Տ․-Պ-ն ավարտել է ԵՊՀ-ն 1968 թվականին, իսկ ՊԱԿ-ի կոնկրետ գործակալի կողմից հավաքագրվել է 1977 թվականին։ Նշենք նաև, որ Լ․Տ․-Պ-ի գործով որպես «խորհրդատու» ներգրավվել է նաև հետագայում որպես հայրենիքի դավաճան բացահայտված ՊԱԿ-ի գեներալ Օլեգ Կալուգինը։ Ինչևէ, ստիպված ենք բաց թողնել բոլոր մանրամասները և կանդրադառնանք միայն Էդուարդ Հովհաննիսյանի «Բաց նամակին Հայաստանի նախագահին», որը հրապարակվել է «Ազատամարտ» օրաթերթի 1992 թվականի օգոստոսի 11-17-ի N14-ում։
Նամակը ընդարձակ է և, մեր կարծիքով, պարունակում է բազմաթիվ վիճելի դրույթներ, սակայն այս դեպքում մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում հետևյալ տողերը․ «․․․Հիմնականում բոլորս կեղտոտված ենք՝ ով իր անտարբերությամբ, ով ՊԱԿ-ով, ով մտացածին գիտական աշխատություններ տպագրելով, ով կուսակցությունով, ով կաշառակերությամբ, ով ուղղակի մատնությամբ, գրում է Էդ.Հովհաննիսյանը ՀՀ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին․․․ Դուք չէիք կարող չկեղտոտվել, քանի որ համակարգն էր այդպիսին․․․ Այսօր արդարանալ, թե իբր այդ մասին տեղյակ չէիք, թե բոլոր արևելագետների ճակատագիրն ի սկզբանե նույնն էր, այլևս իմաստ չունի, քանի որ իրականում ամեն ինչ այդքան էլ այդպես չէր։ ՊԱԿ-ի զեկույցներում նշվում է, որ Դուք խիզախորեն նռնակներ ու ականներ եք պայթեցրել, և այդ նվիրվածության համար պարգևատրվել եք։ Դուք շատ լավ գիտեիք, թե որտեղ եք ծառայում, և պաշտոնապես հայտարարել եք, որ պատրաստ եք ՊԱԿ-ի միջոցով ծառայել հայրենիքին։ Այս ամենը, սակայն, հանցագործություն չէ, քանզի այդպիսին էր ժամանակը։
Ձեր հանցագործությունը շատ ավելի նշանակալի է, քանի որ դուք այն կատարել եք ոչ թե հարկադրաբար, այլ՝ սեփական կամքով: Սակայն, այդ հանցագործության ակունքները պետք է փնտրել ոչ Հայաստանում, ոչ էլ ձեր շրջապատում…
Բոլոր ճշմարիտ կամ բնական արժեքներն ունեն հոգևոր բնույթ, ուստի ազգային արժեքները, ինչպես ինքը՝ ազգը, ոչ այլ ինչ են, քան մեր պատմական հոգևոր ապրումի դրսևորումը։ Ինչպես ժամանակին Եվրոպայով հիացած դեկաբրիստները մասոնների և Պետրոսի «պատուհանի» շնորհիվ ավերիչ գաղափարներ բերեցին Ռուսաստան, այնպես էլ դուք, պարոն նախագահ, նույն մասոնների օգնությամբ ամերիկանացնում եք Հայաստանը, ինչը կործանարար հետևանքներ կունենա մեր հայրենիքի համար։
Հենց այդ պատճառով էլ ատում եք ՀՅԴ-ին... »։
Այս վաղեմի, բայց իր հրատապությունը չկորցրած պատմությունը, հավանաբար, կարելի է ավարտել նույն ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախկին գեներալ Օլեգ Կալուգինի՝ 1993 թվականի հուլիսի 13-19-ը «Ազատամարտ» թերթի N 25-ում հրապարակված հարցազրույցից մեջբերումներով: Անմիջապես նշենք, որ Կալուգինի պատասխանը հիմնական հարցին կատեգորիկ էր․ ««Դաշնակցության» մասին , որպես ՊԱԿ-ի ինչ-որ գործիքի, խոսելն անհեթեթ է։ Յուրաքանչյուր քաղաքական կողմ, հատկապես այնպիսի ուժեղ և ազդեցիկ, ինչպիսին «Դաշնակցությունն» է, իր շահերն է փնտրել համագործակցելով ՊԱԿ-ի հետ՝ միաժամանակ հետամուտ լինելով սեփական շահերին»։ Բայց զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև խնդրի մեկ այլ կողմին։ Հարցազրուցավարի դերում հանդես եկած Հմայակ Հովհաննիսյանը ՊԱԿ-ի նախկին գեներալին նաև այսպիսի հարց է տալիս․ «...հայ հասարակության որոշ ներկայացուցիչներ խոսում են նաև «Ղարաբաղ» կոմիտեի անդամների վրա ՊԱԿ-ի ինչ-որ ազդեցության հնարավորության մասին։ Մասնավորապես, վկայակոչվում է նաև դեմոկրատ նախագահի անվտանգության հանդեպ սրտացավ հոգատարությունը, որը ժամանակին դրսևորել է ապագա գեկաչեպիստ Կրյուչկովը։ Վերջինս, ինչպես հայտնի է, դեմոկրատ նախագահին, որի հանդեպ, ըստ էության, չպետք է բարեհաճ լիներ, առանձնացրել է զրահապատ մեքենա ՝ նրա անվտանգությունն ապահովելու նպատակով։ Դա տեղի ունեցավ 1991թ. օգոստոսյան պուտչի նախօրեին»։ Ի պատասխան՝ գեներալն ընդգծել է, որ ՊԱԿ-ը միշտ փորձել է մանիպուլացնել կուսակցություններին, շարժումներին, մարդկանց․ «Բանտը դրա համար շատ հարմար վայր է... բայց քանի որ ես չունեմ անհրաժեշտ տեղեկատվություն, չեմ կարող ոչ հաստատել, ոչ էլ հերքել Ձեր նշած վարկածը»։ Բայց հարցազրուցավարը համառ է․ «Ահա, օրինակ, 1990թ. Հայաստանի նախկին դատախազ Վլադիմիր Նազարյանն այսօր իր հրապարակումներում պնդում է, որ այն ժամանակ փնտրում էին առաջնորդների, որոնք կարող էին ի չիք դարձնել Լեռնային Ղարաբաղի վերամիավորման խնդիրը Հայաստանի հետ։ Ասում են, որ Գորբաչյովը նույնիսկ ուղղակիորեն հարցրել է Հայաստանի այն ժամանակվա կոմունիստական առաջնորդներին ՝ արդյոք նրանք կարող են դրան հասնել։ Երբ նրանք մերժեցին այդ հնարավորությունը, Գորբաչյովը հայտարարեց, որ ինքը կգտնի մարդկանց, ովքեր կկարողանան տիրապետել իրավիճակին»: Այստեղ չի կարելի չնշել Հմայակ Հովհաննիսյանի ՝ «այն ժամանակվա կոմունիստական առաջնորդների» կերպարները չափազանցելու՝ մինչ այժմ պահպանվող հակումը, քանի որ Վլադիմիր Նազարյանը հաստատ գիտեր, թե ինչի մասին էր խոսում։ Այսպես՝ Ղարաբաղյան շարժման նախաձեռնողներից մեկի՝ Վաչե Սարուխանյանի հուշերով, 1988թ. փետրվարի 25-ին Կարեն Դեմիրճյանը հեռախոսազրույց է ունեցել Միխայիլ Գորբաչյովի հետ, ով հարցրել է․ «Արդյո՞ք այդքան ուժեղ են «Ղարաբաղ» կոմիտեի այդ տղաները»։ Ոչ, Միխայիլ Սերգեևիչ, բայց այստեղ կան երկուսը, որոնք իրենց ազգայնական գաղափարներով մեծապես ազդում են ժողովրդական լայն զանգվածների վրա։ Եվ նշում է Իգոր Մուրադյանին և Վաչե Սարուխանյանին։ Լավ, ձեզ մոտ է գալիս ընկեր Խարչենկոն ՝ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր գաղափարախոսական վարչությունից, ով կօգնի փոխել առաջնորդներին և ցրել բոլոր հակասովետական տրամադրությունները։ Եվ իսկապես, որոշ ժամանակ անց «Ղարաբաղ» կոմիտեն վերակազմավորվեց տխրահռչակ «Ղարաբաղ կոմիտե-2»-ի ՝ սկզբում Վազգեն Մանուկյանի, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ: («Հայոց Աշխարհ», 1998, մարտի 27): Նշենք, որ այս հիշողությունները տպագրվել են Կարեն Դեմիրճյանի կենդանության օրոք, ավելին ՝ հեղինակը դիմել է նրան ՝ կոչ անելով հերքել ասվածը, եթե ինքը ճիշտ չէ: Պատասխան, բնականաբար, չի եղել։ Ի դեպ, արդեն այն ժամանակ ժողովրդի շրջանում համոզմունք կար, որ ՊԱԿ-ի այդպիսի ներթափանցած գործակալներ կոմիտեում եղել են չորսը, և նրանցից մեկը կարող էր լինել Կարեն Սերոբովիչի մերձավոր զինակից Թելման Տեր-Պետրոսյանի կրտսեր եղբայրը ՝ Լևոնը, ով, ինչպես այժմ հաստատ գիտենք, քաջ հայտնի է ՊԱԿ-ում։
«Միգուցե այդ տարօրինակ ձերբակալությունը, որը Հայաստանին պատուհասած սարսափելի երկրաշարժից հետո, երբ արդեն մարդիկ հակված էին մոռանալու Թատերական հրապարակի հռետորների գոյության մասին, դրա հետ կապված նրանց հետագա հերոսացումը հենց Գորբաչյովին անհրաժեշտ՝ Հայաստանի առաջնորդների ձևավորման միջո՞ցն էր։ «ՊԱԿ-ի աշխատանքային մեթոդների տեսանկյունից այս վարկածը բավականին տրամաբանական չէ՞»,- հարցնում է Հմայակ Հովհաննիսյանը։ Օլեգ Կալուգինը պատասխանում է․ «Այն միայգամայն տրամաբանական է»։
Մենք բերեցինք այս մոռացված մեջբերումները ՝ ցույց տալու համար, թե որքան միամիտ էին մեր պատկերացումները Լ․Տ․-Պ-ի և նրա շրջապատի մասին այն ժամանակ, երբ, ըստ «ԳԱ» - ի հրապարակած ճշգրիտ տեղեկատվության, Հայաստանի նախագահն արդեն հնազանդ գործիք էր ամերիկյան հատուկ ծառայությունների ձեռքում ։ Սակայն, ավելի մեծ միամտություն կլիներ կարծել, որ, ինչպես վերը նշվեց, օտարերկրյա հատուկ ծառայությունները նրա նկատմամբ վերահսկողություն են հաստատել միայն նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ։
Իհարկե, մեր տրամադրության տակ այս պահին որևէ ուղղակի ապացույց չկա, և հնարավոր է՝ դրանք հայտնի դառնան դեռևս ոչ շուտ։ Սակայն, եթե ի մի բերենք տարբեր մարդկանց տարատեսակ վկայությունները, օրինակ՝ Խ․ Ստամբոլցյանի և այլոց՝ Ժիրայր Լիպարիտյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի մասոնության վերաբերյալ պնդումները, ինչպես նաև տարիներ առաջ «ԳԱ»-ին տված հարցազրույցում հնչեցրած տեղեկատվությունը նախկին ԿԳԲ-ի գնդապետի կողմից,ով ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հալածվել է, բայց այժմ նրա մտերիմ դաշնակիցն է ՀԱԿ-ում, այն մասին, որ «Ղարաբաղ» կոմիտեի անդամները ազատ արձակվելուց հետո այցելել են «Փարիզի որոշ շրջաններ», ինչպես նաև նմանատիպ այլ վկայություններ, ապա բավականին հստակ և ամբողջական պատկեր է ձևավորվում։
Ցավոք, Հայաստանում, որքան մեզ հայտնի է, ոչ ոք նման տեղեկատվության հավաքմամբ ու վերլուծությամբ չի զբաղվում։ Մենք չենք ուզում, նույնիսկ վախենում ենք առերեսվել մեր ոչ վաղ անցյալի ճշմարտությանը, որն իրականում նաև մեր ներկայի և ապագայի մասին ճշմարտությունն է։ Բայց չէ որ դա անբնական է։ Մնում է միայն ընդունել, որ այս անտարբերություն, երբ անգամ մեկ արձագանք չկա, ցավալիորեն վկայում է այն մասին, որ Լ. Տ.-Պ-ին վերահսկող ուժերը վերահսկում են նաև մեր հասարակության մի մասին։


