ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄՅԱՆ․ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԼՈՒԾԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԲԱՅՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՏԱ ԸՆԴԴԻՄԱԽՈՍՆԵՐԻՆ ՃՆՇԵԼՈՒ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը 24TV-ի եթերում Նարե Գալստյանի հետ զրույցում քննադատել է Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը՝ նշելով, որ դրա ընդունումը չի բխում հասարակության պահանջներից և չի կարող կանխել Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիան։ Նրա խոսքով՝ Բաքվի պահանջով նախաձեռնված սահմանադրական փոփոխությունները կարող են լեգիտիմացնել Ադրբեջանի գործողությունները Հայաստանի և Արցախի հայության դեմ, ինչպես նաև նոր ճնշումների հիմք ստեղծել։
Գեղամյանի գնահատմամբ՝ նախագիծը վտանգավոր է նաև Հայաստանի ներսում, քանի որ իշխանություններին լայն հնարավորություններ է տալիս սահմանափակելու ընդդիմախոսների գործունեությունը և թուլացնելու պետական ինստիտուտների միջև զսպումների ու հակակշիռների համակարգը։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց տարածաշրջանային նպատակներին հասնելու համար չեն կաշկանդվի Հայաստանի ընդունած որևէ սահմանադրական փաստաթղթով։
Անդրադառնալով Ադրբեջանի ռազմական նկրտումներին՝ Գեղամյանը նշել է, որ Բաքուն շարունակում է զինվել, իսկ ադրբեջանական հասարակության մեջ հետևողականորեն ձևավորվում են պատերազմի համար անհրաժեշտ տրամադրություններ։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի դեմ նոր ագրեսիայի հավանականությունը մեծապես կախված է արտաքին քաղաքական իրավիճակից, և որևէ սահմանադրական փոփոխություն չի կարող ապահովագրել երկիրը ռազմական հարձակումից։ Նա առանձնացրել է նաև Սյունիքի և Վայոց ձորի ռազմավարական խոցելիությունը՝ այն կապելով Հայաստանի պաշտպանական հնարավորությունների թուլացման հետ։
Խոսելով TRIPP նախագծի մասին՝ թուրքագետը կասկածի տակ է դրել Սյունիքում տեղի ունեցած շինարարության մեկնարկի արարողության իրական նշանակությունը՝ հիշեցնելով, որ ճանապարհի տնտեսական արդյունավետության ուսումնասիրությունները դեռ ավարտված չեն, իսկ դրա վերջնական երթուղին և տեխնիկական մանրամասները հստակեցված չեն։ Նրա գնահատմամբ՝ նախագիծը Թուրքիայի և Ադրբեջանի համար Հարավային Կովկասում ազդեցության ընդլայնման միջոց է, իսկ հայկական կողմը հասարակությանը ներկայացնում է այն որպես բացառիկ խաղաղության ձեռքբերում։
Գեղամյանը նաև զգուշացրել է, որ Հայաստանի հասարակության ուշադրությունը սահմանադրական փոփոխությունների վրա կենտրոնացնելը շեղում է երկրի առջև ծառացած իրական խնդիրներից՝ օկուպացված տարածքներից, սահմանային անվտանգությունից և պաշտպանունակությունից։ Նա կոչ է արել պահպանել ազգային հիշողությունը, չտրվել պարտվողական տրամադրություններին և շարունակել խոսել Հայաստանի ու Արցախի իրավունքների մասին։


