ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՍՏԱՑԵԼ ՆՈՒՅՆԻՍԿ ԱՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸ ՄՇԱԿԵԼ Է ՆԱԽԱԳԻԾԸ

Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ, Սահմանադրական խորհրդի անդամ Էդմոն Մարուքյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում քննադատել է նոր Սահմանադրության հրապարակված նախագիծը՝ բացահայտելով դրա մշակման ընթացակարգային և բովանդակային խնդիրները։ Նրա խոսքով՝ հրապարակված փաստաթուղթը Սահմանադրական խորհրդի նախագիծը չէ, քանի որ խորհուրդը վերջնական տարբերակը չի քննարկել և չի հաստատել։ Այն, ըստ էության, արդարադատության նախարարության և իշխող քաղաքական մեծամասնության ներկայացրած տարբերակն է։

Մարուքյանի գնահատմամբ՝ իշխանությունը շտապել է հրապարակել նախագիծը՝ այն դարձնելով կառավարության քաղաքական ծրագիրը, մինչդեռ խորհրդի աշխատանքային կարգով նախ պետք է հաստատվեր հայեցակարգը, ապա վերջնական նախագիծը՝ քվեարկությամբ։

Հարցազրույցի ընթացքում Մարուքյանն առանձնացրել է ամենահակասական փոփոխությունը՝ Անկախության հռչակագրի հղման հեռացումը Սահմանադրության նախաբանից։ Նա հիշեցրել է, որ Սահմանադրական դատարանն արդեն արձանագրել է՝ Հայաստանի Սահմանադրությունը հարևան պետությունների նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում։ Հետևաբար, իշխանության՝ Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգով այդ փոփոխությունը հիմնավորելը, նրա կարծիքով, անհիմն է։

Մարուքյանը կոշտ քննադատել է նաև այն փաստը, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին արդեն խոսում են օտարերկրյա պաշտոնյաները։ Նրա խոսքով՝ ստացվում է, որ մի կողմից իշխանությունը հայտարարում է ինքնիշխանության մասին, մյուս կողմից՝ այլ մայրաքաղաքներից հնչող պահանջները վերածում Հայաստանի ներքին քաղաքական օրակարգի։

«Անկախության հռչակագիրը մեր երկրի, մեր պետության ծննդյան վկայականն է»,– հայտարարել է Մարուքյանը՝ ընդգծելով, որ դրա տեքստում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման վերաբերյալ դրույթ չկա։ Նա նաև հակադարձել է պատերազմում պարտությունը սեփական պետականության հիմնադիր գաղափարներից հրաժարվելու պատճառ դարձնելու մոտեցմանը. «Պարտվել պատերազմում չի նշանակում, որ մենք սխալ էինք»։

Մարուքյանը չի ընդունել նաև իշխանության պնդումը, թե նոր նախագիծը սահմանափակում է վարչապետի լիազորություններն ու ուժեղացնում խորհրդարանը։ Նրա խոսքով՝ փաստաթղթում այդպիսի փոփոխություններ չկան, իսկ իր առաջարկները՝ ընդլայնելու խորհրդարանական վերահսկողությունը գործադիր իշխանության նշանակումների նկատմամբ, չեն ընդունվել։ Մասնավորապես, նա առաջարկել է խորհրդարանի մշտական հանձնաժողովներին իրավունք տալ վետո դնելու վարչապետի ներկայացրած մի շարք պաշտոնյաների թեկնածությունների վրա։

Անդրադառնալով Փաշինյանի՝ նոր Սահմանադրություն ընդունելու քաղաքական ծրագրին՝ Մարուքյանը հիշեցրել է, որ վարչապետը ընտրություններից առաջ այդ նպատակով ժողովրդի մանդատն էր խնդրում, սակայն, իր գնահատմամբ, նման մանդատ չի ստացել։ Նա նաև նշել է, որ եթե խորհրդարանը չի ընդունում նախագիծը, Փաշինյանը պետք է կատարի իր իսկ հայտարարությունը և գնա արտահերթ ընտրությունների։

Մարուքյանն առաջարկել է, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվելու դեպքում քաղաքացիներին հնարավորություն տրվի ընտրելու երկու տարբերակի միջև՝ գործող նախաբանով և իշխանության առաջարկած նոր նախաբանով։ Նրա համոզմամբ՝ ժողովուրդը պետք է ինքնուրույն որոշի Անկախության հռչակագրի հղման ճակատագիրը։

Հարցազրույցի վերջում նա անդրադարձել է Փաշինյանի առաջ քաշած «Չորրորդ հանրապետության» գաղափարին՝ այն համարելով վտանգավոր քաղաքական մոտեցում։ Մարուքյանի խոսքով՝ Հայաստանը մեկ պետություն է՝ 1991 թվականին անկախություն հռչակած Հայաստանի Հանրապետությունը, որն ունի իր Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունն ու իրավաքաղաքական հիմքերը։ Նա հարց է բարձրացրել՝ ի՞նչ տարածք, ի՞նչ իրավական հիմք և ի՞նչ պետական կարգավիճակ է ենթադրում այդ նոր հանրապետությունը։ Մարուքյանի հիմնական ուղերձը հստակ էր․ Հայաստանի պետականության պատմությունը չի կարելի վերաշարադրել իշխանության քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, իսկ Անկախության հռչակագրից հրաժարվելու և նոր հանրապետություն հռչակելու որոշումները չեն կարող կայացվել ժողովրդի կամքից ու պետականության իրավական հիմքերից կտրված։