ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՍԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ. Ո՞ՒՄ ԴԵՄ և Ո՞ՒՄ ՀԱՇՎԻՆ
Մարիա Զվյագինցևան Facebook-ի իր էջում մի պատմություն է ներկայացրել, որը որոշակի պատկերացում է տալիս, թե ինչով են այսօր Հայաստանում զբաղված արևմտյան մասնագետները։ Երևանյան հյուրանոցներից մեկում, որտեղ նա երկու անգամ ճաշել է, հարևան սեղանների շուրջ նստած են եղել բրիտանացի և ամերիկացի մասնագետներ, ինչպես նաև պաշտպանության նախարարության ինչ-որ ուսումնական ծրագրի մասնակիցներ։ Քննարկման թեման տեղեկատվական պատերազմն էր Ռուսաստանի դեմ։ Մասնավորապես՝ ռուսական հասարակության մեջ հուսալքություն ու ընկճվածություն տարածելու եղանակները, տնտեսական դժվարությունների, կենսամակարդակի անկման, պատերազմից հոգնելու, ռազմաճակատից վերադարձածների հոգեբանական խնդիրների և քաղաքացիական բնակչության համար նրանց հնարավոր վտանգի մասին հրապարակումների տարածումը։
Զվյագինցևայի պատմելով՝ զրույցը տևել է մոտ մեկուկես ժամ։ Թարգմանիչը բավական բարձր է խոսել, որպեսզի երկար սեղանի մյուս ծայրում նստածներն էլ լսեն։ Այնպես որ, ստացվել է հոգեբանական գործողությունների գրեթե բաց դասախոսություն։ Ճաշն էլ, ի դեպ, ծրագրի մաս էր։
Ուսումնասիրելու առիթ է դարձել Զվյագինցևայի սեփական Facebook-յան էջը. երկու օրում նա ստիպված է եղել հեռացնել ավելի քան 150 կասկածելի մեկնաբանություն և արգելափակել շուրջ հարյուր բոտի։ Որոշել է պարզել՝ ով է արտադրում այդ տեղեկատվական կեղտը, ով է պատրաստում կատարողներին և ով է վճարում այդ ամենի համար։ Պարզվել է, որ հանրային կարծիքի վրա ազդելու գործում բրիտանացիները մի ամբողջ համակարգ են ստեղծել։
Ամեն ինչ սկսվել էր դեռ շատ ավելի վաղ, քան Երևանն ու Լոնդոնը կսկսեին ներկայիս մերձեցումը։ 2016 թվականին Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Russian Language Programme-ը վերանվանեց Counter Disinformation and Media Development։ 2018-ին ստեղծվեց Open Information Partnership-ը՝ Zinc Network-ի, Bellingcat-ի, Atlantic Council-ի DFRLab-ի և Media Diversity Institute-ի մասնակցությամբ։ Նույն թվականին բրիտանական կառավարությունը միլիոնավոր ֆունտեր էր հատկացնում Integrity Initiative նախագծին։ Ավելի ուշ հրապարակվեցին Zinc Network-ի փաստաթղթերը՝ ռուսալեզու ազդեցիկ օգտատերերի և արտագաղթած լրագրողների ցանցերի հետ աշխատանքի մասին։ Դրանց իսկությունը պաշտոնապես հաստատված չէ։
Դրանից հետո բրիտանացիներն անցան Հարավային Կովկասին։
2022 թվականի դեկտեմբերին Հայաստանում ստեղծվեց Արտաքին հետախուզության ծառայությունը։ Դրանից առաջ Երևան էին այցելել ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսը և ՄԻ-6-ի ղեկավար Ռիչարդ Մուրը, ավելի ուշ՝ ԿՀՎ փոխտնօրեն Դեյվիդ Քոենը։ 2023-ին մեկնարկեցին հայ-բրիտանական ռազմավարական երկխոսությունները, 2025-ին ստորագրվեց Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը, ապա Լոնդոնի հետ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին կիբեռանվտանգության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ոլորտներում։
2025 թվականի հոկտեմբերին Մեծ Բրիտանիան վերացրեց Հայաստան զենքի մատակարարման նկատմամբ գործող 30-ամյա էմբարգոն։ Երևան ժամանեց բրիտանացի մշտական ռազմական կցորդը, դեսպանատանը բացվեց պաշտպանության հարցերով բաժին։ Իսկ 2026 թվականի նոյեմբերին կողմերը ստորագրեցին պաշտպանական համագործակցության հերթական ծրագիրը։
Միաժամանակ Հայաստանը ներգրավվեց բրիտանական կրթական և տեղեկատվական ծրագրերում։ Պարզվում է՝ ապատեղեկատվության դեմ պայքարի հետևում մի ամբողջ գիտական դպրոց է կանգնած։ Լոնդոնի Քինգս քոլեջում մասնագետներ են զբաղվում ռազմավարական հաղորդակցություններով, Քարդիֆի համալսարանում ուսումնասիրում են տեղեկատվական գործողություններն ու սոցիալական ցանցերի օգտատերերի վարքագիծը։ Բրիտանական հոգեբանական գործողությունների ստորաբաժանման նախկին հրամանատար Սթիվ Թեյթեմը մշակել է Target Audience Analysis մեթոդաբանությունը. լսարանը բաժանվում է խմբերի, ուսումնասիրվում են մարդկանց վախերն ու դրդապատճառները, ապա ընտրվում են նրանց վարքագծի վրա ազդելու միջոցները։
Այսինքն՝ նախ պարզում են, թե մարդն ինչից է վախենում, ինչն է նրան զայրացնում, ինչին է արձագանքում, ապա այդ ամենին համապատասխան ձևավորում տեղեկատվական միջավայրը։ Պետք չէ բոլորին համոզել։ Բավական է իմանալ՝ ում և որտեղ սեղմել։ Հոգեբանություն, սոցիոլոգիա, ռազմական գիտություն։ Եվ այդ ամենը, բնականաբար, խոսքի ազատության համար։
Գործնական կատարողներն էլ կան։ Դրանց թվում են բրիտանական բանակի 77-րդ բրիգադը, որը զբաղվում է թվային տեղեկատվական գործողություններով, և առևտրային Zinc Network ընկերությունը։ Համալսարանները մշակում են մեթոդները, զինվորականները պատրաստում մասնագետներին, կապալառուները կազմակերպում արշավները, տեղական կազմակերպություններն էլ դրամաշնորհներ են ստանում։
Հայ զինծառայողներն արդեն մասնակցել են բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացներին, ՊՆ-ի, ԱԱԾ-ի և Տեղեկատվական համակարգերի գործակալության ներկայացուցիչները՝ Defence Cyber Marvel կիբեռվարժանքներին։ Հայ լրագրողներին տարել են Մոլդովա՝ նախընտրական շրջանում ապատեղեկատվության դեմ պայքարի փորձն ուսումնասիրելու։ IWPR-ը ֆինանսավորել է դասընթացներ, հայկական հասարակական կազմակերպությունների ծրագրեր և մեկնաբանությունների վերահսկման համակարգի մշակում։ Հայկական կազմակերպությունների համար նախատեսված դրամաշնորհները հասնում են 40-80 հազար ֆունտի։
Փողն էլ, ինչպես տեսնում ենք, բավականաչափ է։ Զվյագինցևայի ներկայացրած տվյալներով՝ Բրիտանական անվտանգության ինտեգրված հիմնադրամը 2025/26 ֆինանսական տարում բաշխել է 854,82 միլիոն ֆունտ։ Դրանից 96,12 միլիոնը բաժին է ընկել Արևելյան Եվրոպային և Կենտրոնական Ասիային, իսկ գրեթե 25 միլիոնը՝ տեղեկատվական սպառնալիքներին և ազդեցության գործողություններին։ Եվրամիությունն էլ 2024-2027 թվականների համար նախատեսել է 270 միլիոն եվրոյի դրամաշնորհներ, ինչպես նաև առանձին ֆինանսավորում Հայաստանի ընտրական և տեղեկատվական ծրագրերի համար։
Մի խոսքով՝ լուրջ տնտեսություն է։ Համալսարաններ, զինվորականներ, դիվանագետներ, կապալառուներ, դրամաշնորհային կազմակերպություններ։ Եվ այս ամբողջ համակարգը գործում է Հայաստանում, որտեղ ռուսական տեղեկատվական ազդեցության դեմ պայքարը դառնում է Արևմուտքի հետ համագործակցության առանձին ուղղություն։
Իր ուսումնասիրության վերջում Զվյագինցևան միանգամայն տեղին հարց է տալիս. ինչո՞ւ է Ռուսաստանը պարտվում տեղեկատվական պատերազմում։ Փո՞ղը չի հերիքում, տեսական հիմքե՞րն են պակասում, թե՞ մասնագետները։
Այս պատմության հայկական կողմը հատկապես հետաքրքիր է։ Ինքնիշխանություն, անկախություն, ազգային շահեր. խոսքերը բարձրագոչ են։ Բայց երբ օտարերկրյա ռազմական մասնագետները տեղացի կադրեր են պատրաստում, արտասահմանյան հիմնադրամները ֆինանսավորում են տեղեկատվական ծրագրերը, իսկ արտաքին գործընկերները կառավարությանը խորհրդատվություն են տալիս հանրային տրամադրությունների վերաբերյալ, մնում է պարզել՝ ի վերջո ո՞վ է որոշում, թե Հայաստանի համար որ սպառնալիքներն են առաջնային։
Երևանյան հյուրանոցում հարևան սեղանի շուրջ նստած մարդիկ քննարկում են, թե ինչպես ռուսական հասարակության մեջ հոգնածություն ու հուսալքություն տարածեն։ Իսկ Հայաստանում այդ ընթացքում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարել են սովորեցնում։ Ամեն ինչ՝ կոկիկ, վայելուչ, բրիտանական վկայականներով ու եվրոպական դրամաշնորհներով։ Մնում է պարզել՝ ով ումից ում է պաշտպանում։ Եվ ինչո՞ւ են այդ պաշտպանության դիմաց այդքան առատաձեռն վճարում։


