ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ․ «ԺԱՄԱՆԱԿՆ Է ՄԻԱՎՈՐՎԵԼ և ԿԱՍԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ»
Տիգրան Ուրիխանյանը կոշտ քննադատության է ենթարկել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը՝ նոր Սահմանադրության և արտահերթ ընտրությունների մասին նրա խոստումները դիտարկելով որպես իշխանությունը պահպանելու հերթական փորձ։ Ուրիխանյանի գնահատմամբ՝ վարչապետը փորձում է միաժամանակ մի քանի խնդիր լուծել․ նոր ընտրություններով ստանալ իշխանության վերարտադրման հնարավորություն, փոխել երկրի Մայր օրենքը և շարունակել կառավարել՝ քաղաքականությունից հեռանալու խոստումը թողնելով ապագային ու վերապահումներին։
Ելույթում նա անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմին՝ հիշեցնելով այդ օրերին խորհրդարանում իր աշխատանքը և Փաշինյանի՝ երկիրը պաշտպանելու կոչերը։ Պատերազմի հետևանքների ու տեղի ունեցածի համար պատասխանատվության մասին խոսելու փոխարեն այսօր հանրության ուշադրությունը, նրա դիտարկմամբ, տեղափոխում են խաղաղության պայմանավորվածությունների և մեղավորների որոնման դաշտ։ Ուրիխանյանը հիշատակել է Արշակ Կարապետյանի հայտարարությունը, ըստ որի՝ Փաշինյանը փոփոխել է ՀԱՊԿ-ին ուղղված՝ նախապես պատրաստված դիմումը․ օգնություն խնդրելու փոխարեն այնտեղ առաջարկվել է խորհրդակցություններ անցկացնել։ Նա այս դրվագը համեմատել է 2022 թվականի հունվարի դեպքերի հետ, երբ Հայաստանի՝ ՀԱՊԿ նախագահության օրոք կազմակերպության ուժերը մտան Ղազախստան։
Ադրբեջանի հետ տարածքային պայմանավորվածություններին և 29 743 քառակուսի կիլոմետր թվին անդրադառնալիս Ուրիխանյանը զգուշացրել է, որ այդ սահմանագծից ցանկացած շեղում չի կարելի ներկայացնել որպես խաղաղության անխուսափելի գին։
TRIPP նախագծի մասին խոսելիս Ուրիխանյանը կասկածի տակ է դրել Փաշինյանի այն պնդումը, թե նախագիծը սեփական տարածք չունի։ «Ալիևը, որ ասում է՝ «Զանգեզուրի միջանցքը ստացանք ձրի», տարածք չունի՞, օդի մե՞ջ է գնում»,— հակադարձել է նա՝ պնդելով, որ պայմանագրերին կից քարտեզներում Հայաստանի տարածքով անցնող ուղին հստակ նշված է։
Կառավարության տնտեսական քարոզչությունն էլ է արժանացել նրա քննադատությանը։ Այսօրվա շինարարության ծավալները խորհրդային տարիների ցուցանիշների հետ համեմատելիս, ըստ Ուրիխանյանի, մոռացության է տրվում մի էական հանգամանք․ խորհրդային տարիներին բնակարանները քաղաքացիներին տրամադրվում էին անվճար, մինչդեռ այսօր նորակառույցները վաճառվում են այնպիսի գներով, որոնք շատ ընտանիքների համար անհասանելի են։ Նա հիշեցրել է նաև Սփյուռքի հայազգի բարերարների ու գործիչների ավանդը՝ առանձնացնելով Քըրք Քըրքորյանին, Շառլ Ազնավուրին և Մոնթե Մելքոնյանին։ Ուրիխանյանի խոսքով՝ անընդունելի է տարիներ շարունակ սփյուռքահայերի աջակցությանը ապավինել, իսկ հետո նրանց ներդրումը նսեմացնել։
Ելույթի վերջում նա ընդդիմադիր ուժերին կոչ է արել մի կողմ դնել կուսակցական շահերն ու ներքին հակասությունները և միավորվել գործող իշխանության դեմ պայքարում։ Ուրիխանյանը նշել է մի քանի գործիչների անուններ, որոնց հետ համագործակցությունը հնարավոր է համարում՝ շեշտելով, որ ընդդիմության մասնատվածությունը թույլ չի տալիս համախմբել ուժերն ու հասնել համաձայնեցված գործողությունների։


