ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՆ ՉԷՐ ՎՍՏԱՀՈՒՄ, ՎԻԼԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ՝ ՎՍՏԱՀՈՒՄ ԷՐ․ ԻՆՉԻ՞Ց ԷՐ ՎԱԽԵՆՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ

,

Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանն ուներ ռազմական հետախուզության սեփական համակարգը։ 2021 թվականի նոյեմբերին, երբ սահմանին բախումներ էին ընթանում, վարչապետը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին հանձնարարել էր բանակում ունեցած անձնական կապերի միջոցով պարզել իրավիճակը։ Ոչ թե Գլխավոր շտաբի պետին, ոչ ռազմական հետախուզությանը, ոչ էլ պաշտպանության նախարարին, այլ իր հավատարիմ կուսակցական ընկերոջը՝ Վիլեն Գաբրիելյանին։ Վերջինս, ինչպես պարզվեց, զինվորականների շրջանում ծանոթներ ուներ, որոնց վարչապետը, ըստ ամենայնի, ավելի շատ էր վստահում, քան պաշտոնական զեկույցներին։ Ինչո՞ւ էր անհրաժեշտ նման շրջանցիկ ճանապարհը։ Հնարավոր է՝ Փաշինյանին պետք էր իմանալ ոչ միայն, թե ինչ է անում հակառակորդը, այլև՝ ինչ են պատրաստվում անել սեփական զինվորականները։

Այս պատմությունը պատմել է անձամբ Գաբրիելյանը։ 2021 թվականի նոյեմբերի 14-ին՝ առավոտյան ժամը 10-ին, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության արտահերթ նիստը։ Քննարկվել է Սոթք-Խոզնավար ուղղությամբ տիրող իրավիճակը։ Գաբրիելյանը, որը նախկինում ծառայել էր 2-րդ բանակային կորպուսում, հայտնել է, որ վարչապետն իրեն խնդրել է օգտագործել անձնական կապերը՝ տեղում գտնվող մարդկանցից հնարավորինս ճշգրիտ տեղեկություններ ստանալու համար։

Պատգամավորը դուրս է եկել, կապվել ծանոթների հետ, վերադարձել ու զեկուցել։ Պարզվել է, որ պաշտոնական տեղեկությունները էապես տարբերվում են ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալներից։ Ավելի ուշ Գաբրիելյանը հավելել է, որ իրեն գրեթե հարյուր տոկոսանոց հավաստի տեղեկություններ փոխանցած երկու զինվորականներ նոյեմբերյան իրադարձություններից հետո հայտնվել են ձերբակալվածների կամ պաշտոնանկ արվածների թվում։ Նրանց նա բնութագրել է որպես «հազվագյուտ կամքի տեր» սպաների։

Պատկերը բավական խոսուն է։ Երկրում կան պաշտպանության նախարարություն, Գլխավոր շտաբ, բանակային կորպուսների հրամանատարներ և ռազմական հետախուզություն։ Բայց վարչապետին առանձին՝ կուսակցական տեղեկատվական խողովակ էր պետք։ Գեներալները զեկուցում են, իսկ Վիլենը՝ ստուգում։ Ահա այսպիսին էր բանակի կառավարման համակարգը։ Մեկ էլ տեսար՝ զինվորականներն այնտեղ իրենց գլխից ինչ-որ բաներ են որոշում։

Ստուգելու բանն էլ, պարզվում է, եղել է։ Փաշինյանը հետագայում պնդել է, թե նոյեմբերի 14-ի առավոտյան պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն իրեն հայտնել է, որ սահմանին ամեն ինչ հանգիստ է։ Որպես ապացույց՝ վարչապետը հրապարակել է ժամը 09։38-ին ուղարկված ձայնային հաղորդագրությունը, որտեղ հնչում է․ «Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է»։ Ի դեպ, հրապարակված ձայնագրության մեջ չկա այն նախորդող հարցը, որին պատասխանում է Կարապետյանը։ Բայց քաղաքական ինտրիգի համար դրանք արդեն մանրուքներ են։

Կարապետյանը հակադարձել է, որ այդ օրը գտնվել է Դուբայում՝ սպառազինությունների, առաջին հերթին՝ հարվածային անօդաչու թռչող սարքերի գնման շուրջ բանակցությունների նպատակով, և անձամբ չէր կարող զեկուցել իրավիճակի մասին։ Նրա խոսքով՝ դա պետք է աներ նախարարի պարտականությունները կատարող պաշտոնյան։

Ժամը 09։38-ին՝ «մեզ մոտ ամեն ինչ նորմալ է», ժամը 10-ին՝ իշխող կուսակցության արտահերթ նիստ և Գաբրիելյանին տրված հանձնարարություն՝ անձնական կապերով ստուգելու իրավիճակը։ Երևում է՝ ռազմաճակատում տիրող անդորրը հատուկ ստուգման կարիք ուներ։ Իսկ ստուգումն էլ բացահայտել էր պաշտոնական զեկույցների և տեղից ստացված տեղեկությունների անհամապատասխանությունը։

ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅԴՔԱՆ ԿԱՍԿԱԾԱՄՏՈՐԵՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ։ Պատասխանը գտնելու համար վերադառնանք 2021 թվականի մայիս։

Ադրբեջանական ստորաբաժանումները ներխուժել էին Հայաստանի ինքնիշխան տարածք՝ Սյունիքի Սև լճի շրջանում, ինչպես նաև Գեղարքունիքի առանձին հատվածներում։ Մայիսի 13-ին Փաշինյանը պաշտոնապես ընդունել էր, որ ադրբեջանցի զինծառայողները հատել են Հայաստանի պետական սահմանը և փորձում են վերահսկողություն հաստատել հայկական տարածքների նկատմամբ։ Երևանը պահանջել էր գործարկել ՀԱՊԿ մեխանիզմները։

Իսկ մայիսի 28-ին վարչապետը բացատրել էր «Քաղաքացիական պայմանագրի» կողմնակիցներին, որ Հայաստանը մտադիր չէ պատերազմել Սև լճի «30 տոկոսի» համար։ «Մենք չենք պատրաստվում սրել իրավիճակը Սև լճի 30 տոկոսի համար։ Մենք կարող ենք մի քանի օրով զորքերը հետ քաշել, մինչև միջազգային դիտորդների ժամանումը», — հայտարարել էր նա։

Հետագայում Արշակ Կարապետյանը պատմել է, որ մայիսյան իրադարձությունների ժամանակ երկրի ղեկավարությունից հրահանգ էր ստացվել հակառակորդի ուղղությամբ կրակ չբացել։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը։ Նրա խոսքով՝ երբ իրեն ներգրավել են իրավիճակի կարգավորմանը, ինքը հրահանգել է կրակ բացել, ինչից հետո ադրբեջանական ստորաբաժանումները, ռուս զինվորականների ճնշման ներքո, մի քանի կիլոմետր հետ են քաշվել։

Ահա և հնարավոր բացատրությունը։ Վարչապետը հրապարակավ խոսում է պատերազմից հրաժարվելու և զորքերը հետ քաշելու մասին, իսկ նախկին բարձրաստիճան զինվորականը պնդում է, որ վերևից հրահանգ էր ստացվել չկրակել։ Կարապետյանը, իր պատմելով, վարվել է հակառակ կերպ, և հակառակորդը նահանջել է։ Պետական սահմանը պաշտպանելու պարտավորություն ունեցող զինվորականի համար ամեն ինչ պարզ է։ Իսկ Բաքվի հետ բախումից ամեն գնով խուսափել ձգտող ղեկավարի համար նման ինքնուրույնությունը կարող էր խիստ անցանկալի լինել։

Միաժամանակ Փաշինյանը բացատրում էր, որ պաշտպանության նախարարը և արտաքին գործերի նախարարը պետք է իր քաղաքական թիմի ներկայացուցիչները լինեն ու լիովին կիսեն իր քաղաքական օրակարգը։ Ստացվում է՝ զինվորականներից պահանջվում էր ոչ թե պաշտպանել երկիրը, այլ ապահովել Հայաստանի կապիտուլյացիան, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր Ալիևին։ Իսկ եթե տեղում գտնվող հրամանատարը հերթական դիվանագիտական բանակցություններին սպասելու փոխարեն որոշի կրակ բացել հակառակորդի ուղղությամբ, իշխանության ղեկավարության համար կարող են տհաճ անակնկալներ լինել։

Նոյեմբերին հակասություններն ավելի սրվեցին։ Կարապետյանը պնդում էր, որ պետք է վերականգնել պետական սահմանը և ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերել Հայաստանի տարածքից։ Նոյեմբերի 13-ին գնդակոծվել էին Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերը, իսկ հաջորդ օրը բախումները շարունակվել էին։ Հենց այդ օրն էլ, ըստ Գաբրիելյանի պատմածի, Փաշինյանը պատգամավորին հանձնարարել էր անձնական կապերի միջոցով ստուգել ռազմաճակատում տիրող իրավիճակը։

Արդեն նոյեմբերի 15-ին Կարապետյանը զրկվեց պաշտոնից, իսկ պաշտպանության նախարար նշանակվեց Սուրեն Պապիկյանը։ Նախկին նախարարն ավելի ուշ պնդել է, որ իրեն պաշտոնանկ են արել Ադրբեջանի վերջնագիրը ընդունելուց հրաժարվելու և հակառակորդի հետագա առաջխաղացման դեպքում կրակ բացելու հրաման տալու պատրաստակամության պատճառով։ Նույն օրերին «Հրապարակը», հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ Կարապետյանը հրաժարվել է կատարել Ջերմուկ-Սիսիան հատվածում նահանջելու հրամանը։

2023 թվականի հունիսին Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ իր ամենամեծ սխալներից մեկը բանակին վստահելն է եղել։ Ասված է չափազանց անկեղծ։ Պարզվում է՝ սխալը սեփական զինված ուժերին վստահելն էր։

Հիշենք նաև մեկ այլ դրվագ։ 2021 թվականի հոկտեմբերի 27-ին վարչապետը խորհրդարանում խոստովանեց, որ անձամբ ինքն է հրահանգել 2020 թվականի դեկտեմբերին Սյունիքում հայկական զորքերը հետ քաշել իրենց դիրքերից, իսկ պաշտպանության այն ժամանակվա նախարար Վաղարշակ Հարությունյանը կատարել է իր հանձնարարությունը։ Փաշինյանը դա բացատրել էր ռազմական գործողությունների վերսկսումից խուսափելու անհրաժեշտությամբ։

Ահա և ամբողջական պատկերը․ զորքերի հետքաշում՝ անձնական հրամանով, հայտարարություն՝ լճի մի հատվածի համար չպատերազմելու մասին, Կարապետյանի պատմածը՝ կրակ չբացելու հրահանգի վերաբերյալ, ռազմաճակատի մասին զեկույցների ստուգում՝ կուսակցական պատգամավորի միջոցով, և այն նախարարի պաշտոնանկություն, որը մտադիր չէր նահանջել հակառակորդի առաջ։

Պարզվում է՝ Փաշինյանին պետք էր իմանալ ոչ միայն, թե որտեղ են տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումները։ Նրան հետաքրքրում էր նաև, թե ինչ են պատրաստվում անել հայկական զինվորականները։ Հանկարծ ինքնուրույն կրակ բացելու որոշում չե՞ն կայացնի։ Հանկարծ Բաքվի առաջ կապիտուլյացիայի իր գծին հակառակ՝ չե՞ն փորձի պաշտպանել պետական սահմանը։ Հավանաբար հենց դրա համար էլ պետք եկավ Վիլեն Գաբրիելյանը։ Գեներալներին վարչապետն այնքան էլ չէր վստահում, իսկ իր կուսակցական ընկերոջը՝ լիովին։

Եվ այստեղ արժե հիշել Փաշինյանի խոսքերը։ 2021 թվականի նոյեմբերի 17-ին, Ազգային ժողովում ելույթ ունենալիս, նա հայտարարել է, որ պետական սահմանը պաշտպանելիս կրակ չբացելու հրամանը կնշանակեր պետական դավաճանություն։

Սա այն դեպքն է, երբ մենք անվերապահորեն համաձայն ենք Նիկոլ Փաշինյանի հետ։ Փաստերի ամբողջությունը վկայում է, որ կրակ չբացելու հրաման, այնուամենայնիվ, եղել է։ Իսկ դա նշանակում է, որ գործող վարչապետը պետական դավաճան է և պետք է կանգնի տրիբունալի առաջ։