«ԱՐՏԱԲԼՈԿԱՅԻՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ». ԻՆՉՊԵՍ ԵՆ ՆՈՐ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԵՌԱՑՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ
Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի «ԵՄ անդամակցության պատրանքը» հոդվածն առաջին հայացքից նվիրված է եվրոպական ինտեգրմանը։ Հեղինակը երկար ու հանգամանալից բացատրում է, թե ինչու է Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը քիչ հավանական, ինչ վտանգներ այն կարող է ստեղծել Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների համար, ինչու Արևմուտքը չի ստանձնի Երևանի անվտանգության ապահովումը և որքան վտանգավոր է մի կախվածությունը մյուսով փոխարինելը։
Ընթերցողը ստիպված է լինում հաղթահարել աշխարհաքաղաքական նախազգուշացումների մի ամբողջ շարան, մինչև հասնում է գլխավոր ասելիքին։ Իսկ գլխավոր ասելիքը, ըստ ամենայնի, այն է, որ Հայաստանը պետք է ընտրի «արտաբլոկային տրամաբանությունը»։
Ահա և ամբողջ պատմության բուն իմաստը։ Հոդվածում այդ միտքը զգուշորեն անցկացվում է եվրոպական ուղու վտանգների մասին դատողությունների արանքով, իսկ CivilNet-ին տված հարցազրույցում արդեն ներկայացվում է գրեթե առանց քողարկման։ Ըստ Գրիգորյանի՝ Հայաստանը պետք է հարաբերություններ պահպանի ուժային բոլոր կենտրոնների հետ, բայց չմիանա աշխարհաքաղաքական որևէ դաշինքի։ Գեղեցիկ է հնչում։ Վաշինգտոն, Մոսկվա, Թեհրան, Բրյուսել՝ բոլորին ուրախ ենք տեսնել, ոչ մեկի հետ չենք կապվում, ոչ մեկից կախված չենք։ Մնում է մի չնչին խնդիր՝ ո՞վ և ի՞նչ միջոցներով է ապահովելու այդ փոքրիկ երկրի անվտանգությունը մի տարածաշրջանում, որտեղ հարևանները բազմավեկտորության մասին փիլիսոփայելու փոխարեն լուծում են իրենց միանգամայն իրական, ոչ թե տեսական խնդիրները։։
Շատերը, կարդալով Արմեն Գրիգորյանի նման դատողությունները կամ Նիկոլ Փաշինյանի թիմակիցների հայտարարությունները, միայն տարակուսած ձեռքներն են տարածում. ի՜նչպիսի մտավոր թուլություն, ի՜նչ խառնաշփոթ է նրանց գլխում։ Հակասություններ՝ ամեն քայլափոխի, վերլուծության փոխարեն՝ կարգախոսներ, փաստարկների փոխարեն՝ միամիտների համար նախատեսված բառերի մի կույտ։ Ոմանք էլ պարզապես քմծիծաղում են. դե, ի՞նչ սպասել, լուրջ մարդիկ չեն, իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են ասում։ Իզուր։ Անիմաստ է քաղաքական քարոզչությունից տրամաբանական անթերիություն կամ ակադեմիական խորություն ակընկալել։ Պարտադիր չէ, որ այն մտավոր խորությամբ և նրբությամբ առանձնանա։ Նրան ընդամենը պետք է դիպչել հանրային գիտակցության ճիշտ կետին։ Իսկ եթե դրա համար բավական են վաղուց անգիր արած մի քանի բառերը, կարելի է առանց մնացած ավելորդությունների էլ «յոլա գնա»լ։
Հայաստանի անկախության տարիներին արևմտյան հասարակական կազմակերպություններն ու դրանց հետ կապված քաղաքական նախագծերը հասարակության մի հատվածի աշխարհայացքը որոշակի ուղղությամբ ձևավորելու համար մեծ ջանքեր են գործադրել։ Այդ պատկերացումներում իր ժողովրդավարական արժեքներով Արևմուտքը գրեթե անվերապահ բարին է, իսկ Ռուսաստանը՝ ազատության, բարեկեցության և իրական անկախության ճանապարհին կանգնած խոչընդոտը։ Այս աշխարհայացքի ձևավորմամբ զբաղվել են տարբեր մարդիկ, որոնցից ոմանք հետագայում բարձր պետական պաշտոններ են զբաղեցրել Փաշինյանի թիմում։ Արմեն Գրիգորյանն այդ մարդկանցից է։ Նա աշխատել է Transparency International Anticorruption Center-ում, համակարգել ընտրական ծրագրեր, մասնակցել «Քաղաքացիական դիտորդ» նախաձեռնությանը, որը կապված էր Եվրամիության և Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերի հետ։
Ժամանակի ընթացքում այս աշխարհայացքը գրեթե կրոնական բնույթ է ստացել՝ իր սրբություններով, մեղքերով, հերետիկոսներով և ամեն պատեհ առիթով արտասանելու համար նախատեսված կախարդական բառերով։ «Անկախությունը», «ինքնիշխանությունը», «ժողովրդավարությունն» ու «կոռուպցիայի դեմ պայքարը», վերածվել են յուրատեսակ քաղաքական ֆետիշների։ Ռուսաստանին էլ բաժին է հասել բացարձակ չարիքի դերը։ Այստեղից էլ բառապաշարի ծանոթ զինանոցը՝ «ռուսական սապոգ», «Ռուսաստանի ստրուկ», «Ռուսաստանի ֆորպոստ», «Կրեմլի գործակալ», «սպիտակ թուրք»։ Բառերն ընտրված են ակնթարթային արձագանք առաջացնելու հաշվարկով։ Արտասանիր անհրաժեշտ բառակապակցությունը, և նախապատրաստված լսարանի մեջ անմիջապես գործի կդրվի պայմանական ռեֆլեքսը։ Ապացույցնե՞ր։ Բացատրե՞լ, թե կոնկրետ ինչ վտանգի մասին է խոսքը։ Ինչի՞ համար, եթե մարդուն տարիներ շարունակ ներշնչել են, որ նրա բոլոր դժբախտությունների հետևում Մոսկվան է կանգնած։
Ուստի կարելի է որքան ասես քննադատել Գրիգորյանի հոդվածի մտավոր արժեքը, փնտրել տրամաբանական բացերը և ծաղրել նրա անհամոզիչ դատողությունները։ Քարոզչության համար դա վճռորոշ նշանակություն չունի։ Դրա ուժը փաստարկների որակի մեջ չէ, այլ նախապես պատրաստված կոճակների վրա սեղմելու կարողության։ «Ինքնիշխանություն», «անկախություն», «ժողովրդավարություն», և անմիջապես՝ ենթագիտակցության խորքում արմատավորված «ռուսական սապոգը», «Ռուսաստանի ստրուկը», «Կրեմլի գործակալը»։ Դրանից հետո մարդն արդեն ավելի շատ արձագանքում է, քան մտածում։ Եվ հենց այստեղ ծիծաղելն առանձնապես տեղին չէ։ Այս պարագայում նույնիսկ ամենապարզունակ քարոզչությունը լուրջ վտանգ է ներկայացնում։
Այժմ Գրիգորյանը զգուշացնում է, որ Հայաստանին ԵՄ չեն ընդունելու, եվրոպական հեռանկարը պատրանք է, իսկ Արևմուտքի հետ մերձեցումը կարող է նոր կախվածությունների հանգեցնել։ Առաջին հայացքից՝ գրեթե ընդդիմադիր։ Մի փոքր էլ, ու կարելի է կարծել, թե մարդը որոշել է բացահայտել սեփական թիմի արտաքին քաղաքական մոլորությունները։ Բայց մի շտապեք ուրախանալ։ Եվրոպական ուղու քննադատության հետևում նույն հին գաղափարն է։ Սկզբում հանրությանը վախեցնում են Ռուսաստանի հետ հակամարտությամբ, նույնիսկ Հայաստանի՝ Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը միանալու հեռանկարով, ապա առաջարկում համընդհանուր դեղատոմսը՝ ոչ մի տեղ չմիանալ։ Ռուսաստանը մնում է կասկածելի ու վտանգավոր գործընկեր, Եվրամիությունը՝ անհասանելի երազանք, իսկ բոլոր դաշինքներից հրաժարվելը հանդիսավոր կերպով հռչակվում է ինքնիշխանության հասուն դրսևորում։ Համաձայնեք՝ իրական նպատակները քողարկելու հարմար սխեմա է։ Հատկապես նրանց համար, ովքեր ցանկանում են փոխել երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումը՝ առանց բարձրաձայնելու, թե իրականում ուր են պատրաստվում այն տանել։
Անկախ ուժային բոլոր կենտրոնների հետ հավասար հարաբերություններ ունենալու մասին պարապ և անբովանդակ խոսքերից աշխարհաքաղաքականությունը բարեգործական երեկո չէ և բարի մտադրությունների մրցույթ էլ չէ։ Յուրաքանչյուր խաղացող ունի իր շահերը, հնարավորություններն ու ախորժակը։ Եվ եթե փոքր երկիրը որոշում է, որ նախկին հենարաններն այլևս պետք չեն, լավ կլիներ նախապես իմանալ, թե ինչի վրա է պատրաստվում հենվել դրանց փոխարեն։ Միայն ինքնիշխանության մասին ճառերը դրա համար բավարար չեն։
Գրիգորյանի դիրքորոշման մեջ մեկ այլ ուշագրավ մանրուք էլ կա։ Այժմ նա քննադատում է իշխանությունների առանձին որոշումներ, բայց իրեն չի տարանջատում Փաշինյանի քաղաքական օրակարգից։ Հարցազրույցում հայտարարում է, որ աջակցում է խաղաղության օրակարգին և հեղափոխության ժողովրդավարական օրակարգին։ Իսկ ո՞վ է այս նոր քաղաքական կրոնում նշանակվել ժողովրդավարության գլխավոր հենարան։ Ճիշտ է, Արևմուտքը։ Իսկ ո՞վ է խանգարում Հայաստանին ապրել երջանիկ, ազատ և եվրոպավարի։ Իհարկե, Ռուսաստանը։ Այստեղ ամեն ինչ արդեն իր տեղն է ընկնում. Արևմուտքը՝ ազատության ջահակիր, Ռուսաստանը՝ բոլոր դժբախտությունների աղբյուր, իսկ «արտաբլոկային տրամաբանությունը»՝ միակ փրկություն։ Իրականում այս ամենը նշանակում է հեռանալ Ռուսաստանից՝ ի շահ Արևմուտքի, միայն թե ամեն ինչ մատուցվում է ինքնիշխանության ու անկախության սոուսով։ Աշխարհաքաղաքական իմաստը նույնն է, փաթեթավորումն է թարմացվել։
Հարցազրույցում Գրիգորյանը պատմում է, որ դեռ Անվտանգության խորհրդում աշխատելու տարիներին Փաշինյանին և մյուս թիմակիցներին հայտնել է եվրոպական ուղու վերաբերյալ իր մտահոգությունները։ Բայց պաշտոնից չի հեռացել, որովհետև, իբր, երկրի անվտանգության և Ադրբեջանի հետ բանակցությունների համար պատասխանատվությունը պարտավորեցնում էր մնալ։ Դե ինչ, ծանրակշիռ փաստարկ է։ Միայն մի հանգամանք կա. այդ տարիներին նա ոչ թե կողքից հետևել է քաղաքականությանը, այլ Փաշինյանի իշխանական համակարգում զբաղեցրել է պետական կարևորագույն պաշտոններից մեկը և անմիջականորեն մասնակցել այդ համակարգի աշխատանքին։ Իսկ հիմա պարզվում է, որ անհամաձայնություն, այնուամենայնիվ, եղել է։ Պարզապես՝ շատ լուռ, և գործով վարչապետի կամակատարը լինելուն ընդհանրապես չի խանգարել։
Հայաստանում, առհասարակ, մի հետաքրքիր ավանդույթ է ձևավորվել։ Բարձրաստիճան պաշտոնյան, քանի դեռ պաշտոնավարում է, կարգապահորեն կատարում է Նիկոլ Փաշինյանի որոշումները։ Հեռանում է պաշտոնից և հանկարծ իր մեջ բացահայտում քաղաքական ինքնուրույնություն, սկզբունքայնություն ու տարիներով կուտակված առարկությունների մի ամբողջ արխիվ։ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյան, նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյան. ծանոթ անուններ են։ Համակարգի ներսում ծառայում էին, որոշումները կատարում, իսկ հեռանալուց հետո սկսեցին պատմել, որ ամեն ինչի հետ չէ, որ համաձայն են եղել։ Պարզվում է՝ ոմանց քաղաքական խիղճը զարմանալի ճշտապահությամբ է արթնանում։ Գրեթե ըստ ժամանակացույցի՝ աշխատասենյակն ազատելուց անմիջապես հետո։
Արմեն Գրիգորյանն այժմ նույն կերպ է դիրքավորվում։ Նրա գնահատականները ձևականորեն տարբերվում են կառավարության քաղաքականությունից՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների մի մասին գրավելու միտումով։ Գործող իշխանության համար նման իրավիճակը պարտադիր չէ, որ վտանգ ներկայացնի։ Ընդհակառակը՝ դժգոհությունը նոր արտահայտիչ է ստանում՝ մի մարդու, որը որոշ հարցերում իբր վիճում է կառավարության հետ, բայց գտնվում է Փաշինյանի ուղեծիրում։
Այնպես որ, պետք չէ չափազանց տարվել Եվրամիությանն անդամակցելու հեռանկարի իրական լինելու կամ պատրանքային լինելու մասին Գրիգորյանի մտորումների շուրջ։ Դա, անշուշտ, առանձին թեմա է։ Բայց այս դեպքում շատ ավելի հետաքրքիր է մեկ այլ բան. եվրոպական պատրանքից հրաժարվելու անվան տակ առաջարկվում է արտաբլոկային կարգավիճակ, որը ծառայում է նույն քաղաքականության շարունակությանը։ Փաշինյանը բացահայտորեն է եվրոպական ընտրությունը առաջ մղում, իսկ Գրիգորյանը խոսում է այդ ընտրության վտանգների մասին և առաջարկում հեռու մնալ բոլոր դաշինքներից։ Տարբեր հնչերանգներ, տարբեր ցուցանակներ։ Բայց արդյունքը կլինի նույնը՝ Հայաստանում Ռուսաստանի դիրքերի հետագա թուլացումը։


