«ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ» ՄԻՆՉև ԱՐՑԱԽԻ ԿՈՐՈՒՍՏ․ EADAILY-Ն՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ և ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

,

2023 թվականի մայիսի 6-ին EADaily-ն հրապարակել էր ծավալուն վերլուծություն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Հայաստանում տեղի ունեցած հասարակական-քաղաքական փոփոխություններին, Ռուսաստանի հետ ավանդական կապերի թուլացմանը և Ղարաբաղյան հարցում Երևանի վարած քաղաքականության հետևանքներին։ Հոդվածի հիմքում ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքներն էին։ Դրանց միջոցով հեղինակը փորձել էր ցույց տալ, թե ինչպես են փոխվել հայ հասարակության պատկերացումները Հայաստանի անվտանգության, արտաքին քաղաքական գործընկերների և Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին։

Հարցումների համաձայն՝ Ռուսաստանի դիրքերը հայ հասարակության ընկալումներում աստիճանաբար թուլանում էին։ Եթե 2022 թվականին հարցվածների 57 տոկոսը Ռուսաստանը համարում էր Հայաստանի գլխավոր քաղաքական գործընկերներից մեկը, ապա 2023-ին այդ ցուցանիշը նվազել էր մինչև 50 տոկոս։ Միաժամանակ զգալիորեն աճել էր Ֆրանսիայի վարկանիշը՝ 50-ից հասնելով 75 տոկոսի, Իրանի ցուցանիշը՝ 23-ից 67 տոկոսի, իսկ ԱՄՆ-ինը՝ 38-ից 52 տոկոսի։

Փոխվել էր նաև արտաքին սպառնալիքների ընկալումը։ Ռուսաստանը Հայաստանի համար տնտեսական վտանգ ներկայացնող երկիր էր համարում հարցվածների 28 տոկոսը՝ նախորդ տարվա 17 տոկոսի փոխարեն։ Մինչդեռ Հայաստանի անվտանգության հնարավոր երաշխավորների շարքում առաջին տեղերում էին Իրանը (54%), Ֆրանսիան (52%) և Ռուսաստանը (50%)։ ԱՄՆ-ին այդ առումով վստահում էր հարցվածների 37 տոկոսը, իսկ Եվրամիությանը՝ ընդամենը 22 տոկոսը։

EADaily-ն ուշադրություն էր հրավիրում մի ուշագրավ հակասության վրա․ արևմտյան պետությունների նկատմամբ հայ հասարակության վստահությունն աճում էր, թեև նրանցից ոչ մեկը չէր կարողացել կանխել Հայաստանի և Արցախի համար աղետալի հետևանքներ ունեցած իրադարձությունները։ Հոդվածի հեղինակի գնահատմամբ՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հասցեին հնչող դրական գնահատականները խիստ անհամաչափ էին այդ երկրների իրական քայլերին։

Հեղափոխական կարգախոսներից մինչև բանակցային գործընթացի խաթարում

Հասարակական տրամադրությունների փոփոխության ակունքները EADaily-ն փնտրում էր 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո սկսված քաղաքական գործընթացներում։ Հեղինակի կարծիքով՝ Փաշինյանի իշխանության գալուց հետո ազգային օրակարգի ավանդական խնդիրները՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման պայքարը, ինչպես նաև Արցախի պաշտպանությունը, աստիճանաբար հետին պլան մղվեցին։

Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը։ Համահայկական ամառային խաղերի բացման ժամանակ նա հայտարարել էր․ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ EADaily-ի գնահատմամբ՝ այդ հայտարարությունը լուրջ հարված էր բանակցային գործընթացին, քանի որ փաստացի փակուղի էր մտցնում Արցախի կարգավիճակի շուրջ նախկինում ձևավորված բանակցային մոտեցումները։

Հոդվածում ընդգծվում էր Փաշինյանի հայրենասիրական հռետորաբանության և իրական քաղաքական քայլերի միջև եղած հակասությունը։ Վարչապետը հրապարակավ խոսում էր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնության մասին, սակայն միաժամանակ սրում էր հարաբերությունները Արցախի նախկին քաղաքական ղեկավարության հետ՝ խաթարելով տարածաշրջանում ձևավորված ստատուս քվոյի պահպանման հնարավորությունները։

Պատերազմից առաջ հնչած նախազգուշացումները և Մոսկվային ուշացած դիմելը

Հոդվածի առանձին հատվածը նվիրված էր 2020 թվականի 44-օրյա պատերազմին նախորդած իրադարձություններին։ EADaily-ն վկայակոչում էր Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած տեղեկությունը, ըստ որի՝ պատերազմից 26 օր առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախազգուշական նամակ էր ուղարկել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։

Մինասյանի փոխանցմամբ՝ նամակին կից փաստաթղթերում խոսվում էր Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելու հավանականության, Թուրքիայից նրան ցուցաբերվող աջակցության, սիրիացի զինյալների ներգրավման և տարածաշրջանում ուժերի հարաբերակցության՝ հօգուտ Ադրբեջանի փոփոխության մասին։ Անդրադարձ էր կատարվում նաև Հայաստանի դիվանագիտական և տեղեկատվական ճակատներում արձանագրված ձախողումներին։ ՀԱՊԿ-ը, ըստ հրապարակված տեղեկությունների, առաջարկել էր նաև ստեղծված իրավիճակում համատեղ զորավարժություններ անցկացնել։ Սակայն, ինչպես պնդում էր հոդվածի հեղինակը, Հայաստանի ղեկավարությունը պատշաճ ուշադրություն չէր դարձրել այդ նախազգուշացումներին։

Քննադատության էր ենթարկվում նաև պատերազմի ընթացքում Փաշինյանի որդեգրած քաղաքականությունը։ EADaily-ն հիշեցնում էր, որ Մոսկվային պաշտոնական դիմումը՝ խորհրդակցություններ անցկացնելու համար, Երևանն ուղարկել էր միայն պատերազմի 33-րդ օրը։ Հոդվածի հեղինակը պնդում էր, որ ռազմական գործողությունների դադարեցումը հնարավոր դարձավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջամտության և նրա միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ։

Պարտությունից հետո, ըստ հրապարակման, Հայաստանի իշխանությունները սկսեցին պատերազմի հետևանքների պատասխանատվությունը բարդել ուրիշների, այդ թվում՝ Ռուսաստանի վրա։ Միաժամանակ տեղեկատվական դաշտում ավելի ակտիվորեն շրջանառվեց դեպի Արևմուտք արտաքին քաղաքական շրջադարձ կատարելու գաղափարը։

Արևմտյան երաշխիքների պատրանքը և նախկին դաշնակիցներից հեռանալու գինը

EADaily-ն հակադրում էր արևմտյան պետություններից ունեցած ակնկալիքները նրանց իրական գործողություններին։ Չնայած Հայաստանին աջակցելու մասին բազմաթիվ հայտարարություններին՝ ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԱՄՆ-ը չկարողացան կամ չցանկացան այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կկանխեին 2020 թվականի թուրք-ադրբեջանական ռազմական գործողությունները։

Հեղինակը հիշեցնում էր նաև 2021 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Այդ հայտարարությանը, սակայն, չհետևեցին զոհերի ժառանգներին փոխհատուցելու կամ Թուրքիայից պատասխանատվություն պահանջելու գործնական քայլեր։ Անդրադարձ էր կատարվում նաև 2022 թվականի հունիսին Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ-ի «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ ուղղման գործողության կասեցումը երկարաձգելու որոշմանը։

Հոդվածում անդրադարձ կար նաև նախկին իշխանությունների պատասխանատվությանը։ Հեղինակը շեշտում էր, որ Հայաստանի արտաքին քաղաքական ներկայիս ուղղության նախադրյալները ձևավորվել էին դեռևս Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին։ Հենց այդ ժամանակ էր խորացել Երևանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, իրականացվել սահմանադրական բարեփոխումը, իսկ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում թույլ տրվել լուրջ սխալներ։ Հետևաբար, ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը միայն Փաշինյանի իշխանության վրա դնելը, ըստ EADaily-ի, ճիշտ չէր լինի։

Հրապարակման եզրափակիչ հատվածում մեջբերվում էին քաղաքական մեկնաբան Եվգենի Սատանովսկու գնահատականները։ Նա կոշտ քննադատության էր ենթարկել Հայաստանի ղեկավարության հակասական քաղաքականությունը Ռուսաստանի և Արցախի նկատմամբ՝ ընդգծելով, որ Երևանը միաժամանակ Մոսկվայից պահանջում էր ապահովել Արցախի անվտանգությունը և քայլեր ձեռնարկում տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարությունը թուլացնելու ուղղությամբ։

EADaily-ի հրապարակման հիմնական եզրահանգումն այն էր, որ 2018 թվականից հետո Հայաստանը աստիճանաբար կորցրել էր արտաքին քաղաքական նախկին հենարանները, իսկ 44-օրյա պատերազմում պարտությունը վերջնականապես խարխլել էր տարածաշրջանային անվտանգության նախկին համակարգը։ Հեղինակի գնահատմամբ՝ այդ կորուստները Արևմուտքի հետ մերձեցմամբ և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու փորձերով փոխհատուցելու քաղաքականությունը Հայաստանի առջև նոր վտանգներ էր բացում։ Հատկանշական է, որ հոդվածը լույս էր տեսել 2023 թվականի մայիսին՝ Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ռազմական հարձակումից և հայաթափումից մի քանի ամիս առաջ։ Հետագա իրադարձությունները՝ Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական բռնազավթումը և ավելի քան 100 հազար արցախահայերի բռնի տեղահանումը, հրապարակման մեջ բարձրացված մտահոգություններին առանձնակի արդիականություն հաղորդեցին։