ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆՏԵՐՈՒՄ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԱՌՕՐՅԱ, ԻՍԿ ԿԱԼԱՆՔԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԳՈՐԾԻՔ

«Փակ հաստատություններում մահվան բոլոր դեպքերի համար պատասխանատու է իշխանությունը»․ այս մասին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում մահացած Ստեփանավանի համայնքապետի թեկնածուին։

Մարուքյանի խոսքով՝ Հայաստանի բանտերում, բանակում և այլ փակ հաստատություններում մահվան դեպքերը հաճախակի բնույթ են ստացել, սակայն իշխանությունը չի ապահովում դրանց կանխարգելման և հանգամանքների պատշաճ քննության անհրաժեշտ պայմանները։ Նա իրավիճակը համեմատել է 2001-2012 թվականների հետ, երբ քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդների խմբի կազմում շուրջ տասը տարի մոնիտորինգ է իրականացրել, զեկույցներ հրապարակել, արձանագրված խախտումների վերաբերյալ բարձրաձայնել և գործերը ներկայացրել Եվրոպական դատարան։

«Հիմա տպավորություն է, որ Հայաստանը դարձել է գլխակերներով երկիր։ Մենք ամենօրյա ռեժիմով մահվան դեպքեր ունենք ճանապարհներին, բանակում, բանտերում։ Այս ամենը դարձել է սովորական վիճակագրություն»,– ասել է Մարուքյանը։

Անդրադառնալով Արսեն Գևորգյանի մահվան դեպքին՝ նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ խոսքը Ստեփանավանի համայնքապետի ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի մասին է, որը ձերբակալվել և կալանավորվել էր ընտրակաշառքի մեղադրանքով։ Մարուքյանի համոզմամբ՝ կալանքը տվյալ դեպքում միակ հնարավոր խափանման միջոցը չէր, և կարող էր կիրառվել նաև տնային կալանք։

«Բա որ պարզվի՝ այդ մեղադրանքը կեղծ էր, և մարդն անմեղ էր, պարզապես բանտում էր հայտնվել ու այնտեղ սրտի կաթված ստացել։ Ո՞վ է պատասխան տալու։ Փակ հաստատություններում մահվան բոլոր դեպքերի համար պատասխանատու է իշխանությունը։ Մարդու կյանքի պաշտպանության և կյանքի իրավունքի պահպանման դրական պարտականությունը պետության վրա է»,– հայտարարել է նա։

Մարուքյանը պահանջել է մանրամասն քննություն անցկացնել՝ պարզելու մահացածի առողջական վիճակը, կալանքի կիրառման հիմքերը, պահման պայմաններն ու քրեակատարողական ծառայության, քննչական մարմինների և դատախազական վերահսկողության գործողությունները։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պարզել նաև՝ արդյոք կալանավորումն իսկապե՞ս անհրաժեշտ էր քննության շահերից ելնելով, թե՞ հնարավոր էր կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց։

Մարուքյանի քննադատության առանձին թիրախը Նուբարաշենի և ԱԱԾ նախկին մեկուսարանի պայմաններն են։ Նա այդ հաստատությունները համարել է խորհրդային քրեակատարողական համակարգի մնացուկներ և հիշեցրել, որ դրանց փակման պահանջը բազմիցս բարձրացրել է ինչպես հասարակական դիտորդական խմբի զեկույցներում, այնպես էլ քաղաքական ելույթներում։

«ԿԳԲ-ի բանտը պետք է փակվի։ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկը խորհրդային միության մնացուկ է՝ խայտառակ, մարդակեր բանտ։ Մեր արդարադատության համակարգն էլ է մարդակեր համակարգ։ Մարդկանց գլխին դատական համակարգում որոշումներ են կայացնում, իսկ հետո նույն մարդիկ հայտնվում են նվաստացուցիչ պայմաններում։ Այսինքն՝ այն, ինչ սկսվում է դատարանում, շարունակվում է կալանքի վայրում»,– ասել է նա։

Մարուքյանը նաև քննադատել է կալանքը որպես խափանման միջոցի կիրառման պրակտիկան։ Նրա պնդմամբ՝ Հայաստանում մարդկանց հաճախ կալանավորում են քննությանը չխանգարելու հիմնավորմամբ, մինչդեռ ամիսներ շարունակ նրանք մնում են անազատության մեջ՝ առանց քննիչի հետ պատշաճ շփման։ Նա հարցադրում է արել՝ ինչու նման դեպքերում չեն կիրառվում տնային կալանքն ու այլընտրանքային միջոցները, և որտեղ է դատախազական վերահսկողությունը։

Քաղաքական գործչի գնահատմամբ՝ այս իրավիճակը վտանգավոր հետևանքներ է ունենում նաև ընտրական գործընթացների համար։ Մարուքյանը պնդում է, որ ընդդիմադիր ուժերի թեկնածուների ձերբակալությունների, կալանավորումների և նրանց հարազատների համար առաջացող խնդիրների հեռանկարը մարդկանց հետ է պահում քաղաքական պայքարին մասնակցելուց։

«Ո՞վ է մասնակցելու ապագա ընտրություններին այս այլանդակ բարքերի պայմաններում։ Մարդիկ չեն ուզում առաջադրվել ՔՊ-ի դեմ, որովհետև վախենում են կալանավորվելուց, բանտում հայտնվելուց, հերթական զոհը դառնալուց։ Հետո մեզ ասում են՝ ինչո՞ւ է Քաղաքացիական պայմանագիրը 60-90 տոկոս ձայն հավաքում։ Որովհետև մարդիկ չեն ուզում մտնել այդ գործընթացի մեջ»,– հայտարարել է Մարուքյանը։

Նրա կարծիքով՝ այս մթնոլորտը խորացնում է հասարակության հիասթափությունը քաղաքականությունից, նպաստում ընդդիմադիր դաշտի թուլացմանը և ճանապարհ հարթում միահեծան կառավարման համար։ Նա նաև հակադրել է իշխանության խաղաղության մասին հայտարարությունները երկրի ներսում տիրող իրավիճակին՝ մատնանշելով բանակում, ճանապարհներին և քրեակատարողական հիմնարկներում արձանագրվող մահվան դեպքերը։

Մարուքյանը կոչ է արել հանրային համախմբում ձևավորել Հայաստանում գործող նվաստացուցիչ բանտային համակարգը փակելու և նոր քրեակատարողական հիմնարկներ կառուցելու պահանջի շուրջ։ Նրա համոզմամբ՝ պետության իրական դեմքը երևում է նաև այն բանում, թե ինչպես է այն վերաբերվում ազատությունից զրկված մարդուն՝ անկախ նրանից, թե ինչ հանցագործության մեջ է նա մեղադրվում։

«Նույնիսկ ամենածանր հանցագործության համար դատապարտված մարդու մարդկային արժանապատվությունը պետք է հարգվի։ Դա է ցույց տալիս՝ գործ ունենք մարդու իրավունքները հարգող պետության հետ, թե գազանային, մարդակեր համակարգի»,– նշել է նա։

Մարուքյանը ցավակցել է մահացածի հարազատներին և քաղաքական թիմակիցներին՝ պահանջելով դեպքի բոլոր հանգամանքների անաչառ ու մանրակրկիտ քննություն։ Նա նաև հայտարարել է, որ եթե պարզվի՝ անձը կալանավորվել է առանց բավարար հիմքերի, պատասխանատվության պետք է ենթարկվեն քրեական վարույթ նախաձեռնած և կալանավորման որոշման համար պատասխանատու պաշտոնատար անձինք։

«Բոլորը պետք է պատասխան տան»,– ամփոփել է նա։