ԱՐԳԻՇՏԻ ԿԻՎԻՐՅԱՆԸ՝ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՍԽԱԼՆԵՐԻ, ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ TRIPP-Ի ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ՄԱՍԻՆ
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ նոր Սահմանադրության ընդունման շուրջ ընդդիմադիրներին հասարակական ճնշման միջոցով իրենց կողմը բերելու և անհրաժեշտության դեպքում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը համարում է ընդդիմության դեմ սկսված հիբրիդային պատերազմի դրսևորում։ Նրա գնահատմամբ՝ իշխանությունը փորձում է միաժամանակ ճնշում գործադրել ընդդիմադիրների վրա, խարխլել նրանց դիրքերը և ժամանակ շահել՝ Ադրբեջանի առջև ստանձնած պարտավորությունները կատարելու համար։
Կիվիրյանի խոսքով՝ այդ պայքարը կարող է ուղեկցվել ձերբակալություններով, գույքի բռնագանձման գործընթացներով և ընդդիմադիր պատգամավորներին իշխանության կողմը գրավելու փորձերով։ Նա չի բացառում, որ Փաշինյանը կփորձի ընդդիմադիր խմբակցություններից պատգամավորներ ներգրավել՝ խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ապահովելու համար։ Այդ գործընթացը վերլուծաբանը բնորոշում է «անասնագողություն» քաղաքական եզրույթով՝ նկատի ունենալով ընդդիմադիր ճամբարից պատգամավորներ պոկելու և սեփական ձայներն ավելացնելու հնարավորությունը։
Սակայն Կիվիրյանի քննադատության զգալի մասն ուղղված է նաև ընդդիմությանը։ Նրա համոզմամբ՝ ընդդիմադիր ուժերը պարտությունից հետո փաստացի հրաժարվել են իրենց սկզբնական նպատակից՝ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու պայքարից, և այժմ կենտրոնացել են առանձին նախաձեռնությունների, այդ թվում՝ նոր Սահմանադրության դեմ պայքարի վրա։ «Եթե Նիկոլ Փաշինյանը մնում է, հնարավոր է և՛ Սահմանադրություն, և՛ ամեն ինչ»,– ընդգծել է նա։ Վերլուծաբանի կարծիքով՝ ընդդիմությունը խորհրդարանական մանդատներն ընդունելով և իշխանության հետ սահմանափակ առճակատման մեջ մտնելով՝ ինքն է իջեցրել քաղաքական պայքարի նշաձողը։
Նա նաև համոզված է, որ իշխանության հեռացմանը միտված իրական ռազմավարության բացակայության պայմաններում ընդդիմության ակտիվ ելույթներն ու նույնիսկ փողոցային պայքարի առանձին դրվագները դեռ արդյունք չեն երաշխավորում։ Կիվիրյանի գնահատմամբ՝ Փաշինյանի հեռացումը կարող է տեղի ունենալ միայն անկանխատեսելի, այսպես կոչված՝ «սև կարապի» իրադարձության հետևանքով։ Ընդ որում, նա ընդգծում է, որ գործող իշխանության համակարգը բնավ անխոցելի չէ. Հայաստանում ձևավորվել է կիսաավտորիտար, կիսաժողովրդավարական կառավարման համակարգ, որը, նրա կարծիքով, բավական խոցելի է, եթե դրա դեմ պայքարող ուժը հստակ նպատակ և անհրաժեշտ քաղաքական հմտություններ ունի։
Անդրադառնալով Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությանը՝ Կիվիրյանը մտահոգություն է հայտնել TRIPP նախագծի շուրջ զարգացումների կապակցությամբ։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի տարածքով հաղորդակցային ուղիների բացման հարցը չի կարող լուծվել՝ անտեսելով Իրանի շահերն ու դիրքորոշումը։ Վերլուծաբանը հիշեցրել է, որ Թեհրանը տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական և տնտեսական ներկայությունը դիտարկում է որպես հնարավոր թիրախ։ Այդ պայմաններում Հայաստանը կարող է հայտնվել մեծ տերությունների հակամարտության կիզակետում։
Կիվիրյանի համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունները պետք է ավելի վաղ սեփական նախաձեռնությամբ զարգացնեին երկրի հաղորդակցային ենթակառուցվածքները՝ բոլոր շահագրգիռ պետություններին առաջարկելով օգտվել դրանցից։ Նրա խոսքով՝ այժմ էլ այդ ճանապարհը կարող է գործել տարբեր երկրների մասնակցությամբ, սակայն ստեղծված պայմաններում դրա անվտանգությունն ապահովելը շատ ավելի դժվար է լինելու։ Իսկ իշխանության և ընդդիմության՝ արտաքին ուժերի առաջարկած ծրագրերը մրցակցելով ավելի շահավետ տարբերակ ներկայացնելու փորձերը, ըստ նրա, չեն լուծում երկրի անվտանգության խնդիրը։
Վերլուծաբանը քննադատել է նաև ընդդիմության՝ հասարակության, հատկապես երիտասարդության հետ խոսելու անկարողությունը։ Նրա դիտարկմամբ՝ երիտասարդները կարող են դժգոհ լինել Փաշինյանից, բայց չեն ընդունում ընդդիմության հին կարգախոսներն ու քաղաքական լեզուն։ Նրանք խաղաղություն են ուզում, և ընդդիմությունը պետք է կարողանա ներկայացնել արժանապատիվ խաղաղության սեփական տեսլականը։ Կիվիրյանի կարծիքով՝ իշխանությունը հասարակական տրամադրությունները շատ ավելի լավ է որսում, ինչն էլ օգնում է նրան պահպանել դիրքերը։
Կիվիրյանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական սխալներն ու ընդդիմության անարդյունավետ պայքարը երկիրը դրել են վտանգավոր դրության մեջ։ Նա Արցախի կորուստը, հայաթափությունն ու ներկայիս աշխարհաքաղաքական ռիսկերը համարում է այնպիսի զարգացումներ, որոնցից հնարավոր էր խուսափել, եթե 2018 թվականից հետո երկիրը կառավարվեր ավելի հաշվենկատ և պատասխանատու քաղաքականությամբ։


