ԱՐԹՈՒՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԵՄ ՀԱՆԴԵՍ ԵԿՈՂ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍՏՎԵՐՆ Է
Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ պայքարելու մասին հայտարարությունները դեռևս չեն նշանակում, որ քաղաքական տվյալ ուժն իրական ընդդիմություն է։
Արթուր Համբարձումյանի համոզմամբ՝ Հայաստանի այսօրվա ընդդիմադիր դաշտի զգալի մասը շարունակում է գտնվել Սերժ Սարգսյանի քաղաքական ազդեցության ներքո, իսկ Փաշինյանի դեմ պայքարի անվան տակ հասարակությանը կրկին փորձում են վերադարձնել նախկին իշխանության ներկայացուցիչներին։
Համբարձումյանը հիշեցնում է, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո նախկին ՀՀԿ-ականները ոչ միայն չհեռացան քաղաքականությունից, այլև Փաշինյանի կառավարման տարիներին բարձր պաշտոններ ստանձնեցին՝ մարզպետներից ու համայնքապետերից մինչև Սահմանադրական դատարանի նախագահ։ Նրա պնդմամբ՝ քաղաքական դաշտում շատերը խուսափում են այս թեման քննարկելուց, քանի որ գործիչների, պատգամավորների և լրագրողների զգալի մասը ֆինանսական կապեր ունի Սերժ Սարգսյանի հետ։ Հենց այդ պատճառով էլ, ըստ Համբարձումյանի, նախկին նախագահի քաղաքական պատասխանատվության մասին խոսակցությունները դուրս են մնում ընդդիմադիրների օրակարգից։
Առանձնապես կոշտ է նրա գնահատականը Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորվող քաղաքական շրջանակին։ Համբարձումյանը նրանց հավաքներն ու Փաշինյանի դեմ հայտարարությունները համարում է անբավարար՝ իրական ընդդիմադիր օրակարգ ձևավորելու համար։ Նրա համոզմամբ՝ Փաշինյանի խաղաղության օրակարգին պետք էր հակադրել հատուցման և արդարադատության պահանջը՝ ներառյալ 2018 թվականի իշխանափոխության կազմակերպիչների պատասխանատվության հարցը։ Սակայն նա մարտահրավեր է նետում այդ շրջանակի ներկայացուցիչներին՝ հարցնելով՝ արդյոք պատրաստ են նույնքան վճռականորեն խոսել Սերժ Սարգսյանի մասին, որքան քննադատում են գործող վարչապետին։
Համբարձումյանի քննադատության թիրախում է նաև «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Էդգար Ղազարյանը, որը, ՔՊ-ի պատգամավորներից ակնկալում է Փաշինյանի դեմ կոմպրոմատների հրապարակում։ Նրա կարծիքով՝ նման տեղեկությունների տերերին պետք է փնտրել Սերժ Սարգսյանի և Միքայել Մինասյանի շրջապատում։ Նա նույն հարցերն ուղղում է Ավետիք Չալաբյանին, Սուրեն Սուրենյանին և մյուս գործիչներին՝ պահանջելով բացատրել, թե ինչու են նախկին իշխանության պատասխանատվության հարցում այդքան լռակյաց։
Համբարձումյանի քննադատության մյուս առանցքը հայ զինծառայողների անվտանգությունն է։ Նրա պնդմամբ՝ հայ զինվորականներին ուղարկում են ադրբեջանական կողմի փաստացի վերահսկողության տակ գտնվող տարածքներ, որտեղ նրանց նկատմամբ վերահսկողություն են իրականացնում ադրբեջանցի զինվորականները։ Մինչդեռ խորհրդարանական ընդդիմությունը, նրա գնահատմամբ, չի օգտագործում իր լիազորությունները՝ այս իրավիճակի վերաբերյալ բացատրություններ պահանջելու Նիկոլ Փաշինյանից և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից։ Համբարձումյանը հատկապես անընդունելի է համարում «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքի պատգամավորների լռությունը։
Նա անդրադառնում է նաև նախկին ՀՀԿ-ականների այսօրվա ընդդիմադիր կեցվածքին։ Մասնավորապես, Էդուարդ Շարմազանովին հիշեցնում է, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո հանրապետականները ժամանակին դրական էին արտահայտվում Փաշինյանի նախաձեռնությունների մասին, իսկ այժմ փորձում են ներկայանալ որպես նրա վաղեմի հակառակորդներ։ Համբարձումյանը նրանցից պահանջում է բացատրել նաև նախկին իշխանության տարիներին տեղի ունեցած սահմանային զարգացումների և անվտանգության խնդիրների վերաբերյալ իրենց լռությունը։
Ամենածանր մեղադրանքներից մեկը վերաբերում է խորհրդարանական ընդդիմության՝ ԱԱԾ-ի հետ ենթադրյալ կապերին։ Համբարձումյանը պնդում է, որ ընդդիմադիր ներկայացող պատգամավորների զգալի մասը չի իրականացնում անկախ քաղաքական գործունեություն։ Նա Սամվել Կարապետյանից պահանջում է պարզաբանել, թե ով է կազմել իր քաղաքական թիմի ցուցակը, ինչ չափանիշներով են ընտրվել այդ մարդիկ և ով է որոշել նրանց առաջխաղացումը։
Համբարձումյանը կասկածի տակ է դնում նաև այն համայնքապետերի ընդդիմադիր կարգավիճակը, որոնք մասնակցում են զորակոչային ծանուցումների հանձնման գործընթացին։ Նրա կարծիքով՝ եթե համայնքի ղեկավարները կատարում են իշխանության հանձնարարությունները, ապա պետք է պատասխան տան նաև այդ գործընթացի հետևանքների և իրենց համայնքներից զորակոչված զինծառայողների անվտանգության վերաբերյալ։
Հայաստանին, ըստ էության, առաջարկում են ընտրություն կատարել գործող իշխանության և նախկին իշխանության ներկայացուցիչների միջև՝ առանց նրանցից որևէ մեկի անցյալին պատշաճ գնահատական տալու։ Համբարձումյանի գլխավոր մեղադրանքն էլ հենց սա է․ Փաշինյանի դեմ պայքարի անվան տակ քաղաքական դաշտում կրկին տեղ են բացում Սերժ Սարգսյանի հին թիմի համար, իսկ հայ ժողովրդին չեն առաջարկում ո՛չ անցյալի պատասխանատվության հստակ օրակարգ, ո՛չ էլ իշխանության իրական այլընտրանք։


