«ՆՐԱՆՔ ԴԱ TRIPP ԵՆ ԱՆՎԱՆՈՒՄ, ՄԵՆՔ՝ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔ». Ո՞Վ Է ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԸ

,

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ փայլուն կերպով դրսևորեց քաղաքական աճպարարության իր շնորհքը։ Հանրությանը բեմից ցույց են տալիս ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և հավաստիացնում, թե որևէ միջանցքի մասին խոսք լինել չի կարող։ Մինչդեռ վարագույրի հետևում կնքվում է մի համաձայնագիր, որով ամերիկյան ընկերությունը, ունենալով 74 տոկոս բաժնեմաս, 49 տարով բացառիկ իրավունքներ է ստանում Հայաստանի տարածքով անցնող ռազմավարական ենթակառուցվածքը զարգացնելու և շահագործելու համար։ Եվ այս ամենը հայ ժողովրդին մատուցվում է որպես Հայաստանի բացառիկ հաղթանակ։

Երևանում տարիներ շարունակ նույն խոսքն են կրկնում՝ Զանգեզուրի միջանցք չի լինելու, բացվելու են տրանսպորտային հաղորդակցություններ, որոնք գործելու են Հայաստանի լիակատար ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Բաքվում ու Անկարայում, ըստ երևույթին, չեն լսել այս պաշտոնական բացատրությունները կամ պարզապես հարկ չեն համարում դրանց հետ հաշվի նստել։ Այնտեղ նախագծի մասին խոսում են առանց ավելորդ ձևականությունների՝ այն անվանելով Զանգեզուրի միջանցք։ Քննարկում են երկաթուղային ու ավտոմոբիլային հաղորդակցության հեռանկարները, էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը, Թուրքիայի՝ Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի հետ անխոչընդոտ կապվելու հնարավորությունը։

Պարզվում է՝ խնդիրը աշխարհագրությունը չէ, այլ քաղաքական բառապաշարը։ Ընդ որում, Բաքվի և Անկարայի բառապաշարը շատ ավելի անկեղծ է, քան երևանյան պաշտոնական ճառերը։

Երևանում միջանցք չկա, իսկ Բաքվում ու Անկարայում արդեն խոսում են դրա բացման մասին

2022 թվականի սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Ազգային ժողովում, հայտարարեց.

«Հայաստանի տարածքով միջանցք չկա և չի կարող լինել»։

2023 թվականի հուլիսի 25-ին նա կրկին պնդեց, որ տրանսպորտային հաղորդակցությունները պետք է գործեն պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների պահպանմամբ։

2025 թվականի օգոստոսի 8-ին Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում էր.: . «Միջանցք չի լինելու, ճանապարհներ են բացվում»։Հաջորդ օրը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց,թե Թրամփի ուղու նախագծում միջանցքային տրամաբանություն լինել չի կարող։

2025 թվականի սեպտեմբերի 30-ին արտգործնախարար Արարատ Միրզոյանը Deutsche Welle-ին տված հարցազրույցում պաշտոնական դիրքորոշումը ձևակերպեց առավել քան հստակ.

«Նախևառաջ՝ սա միջանցք չէ։ Այս պահին միջանցք չկա։ Ես նկատի ունեմ, որ կա TRIPP»։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ երթուղու հայկական հատվածը կառավարելու է հայ-ամերիկյան կոնսորցիումը, որն առանձին աշխատանքների կատարման համար կարող է ներգրավել այլ ընկերությունների։

2026 թվականի մայիսի 27-ին Փաշինյանը կրկին հայտարարեց,թե «միջանցքի թեմա չկա և երբեք չի եղել»։Իսկ հակառակ տեսակետն ունեցողներին վարչապետը մեղադրեց օտարերկրյա հատուկ ծառայությունների շահերից գործելու մեջ՝ նրանց պիտակավորելով որպես «պատերազմի եռագլուխ կուսակցություն»։

Այսպիսով, Հայաստանի կառավարությունը համառորեն հերքում է այն, ինչ հարևան պետությունները նույնպիսի համառությամբ ներկայացնում են որպես իրենց ռազմավարական ծրագրի մաս։

2026 թվականի հոկտեմբերի 30-ին Անկարայում՝ Թյուրքական պետությունների կազմակերպության XIII գագաթնաժողովում, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը խոսեց о Զանգեզուրի միջանցքի իրականացման,Միջին միջանցքի զարգացման և տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման մասին։ Նրա խոսքով՝ այդ ծրագրերը պետք է ընդլայնեն տարածաշրջանի տնտեսական հնարավորությունները։

Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, դիմելով Ադրբեջանի երկրորդ միջազգային ներդրումային համաժողովի մասնակիցներին, այլևս որևէ տեղ չթողեց երկիմաստությունների համար։ Նա ուղղակիորեն նույնացրեց ձևավորվող Զանգեզուրի միջանցքը TRIPP-ի հետ՝ հայտարարելով.

«Միջին միջանցքը Կասպից ծովով Կենտրոնական Ասիան կապում է Հարավային Կովկասի, Թուրքիայի և Եվրոպայի հետ, իսկ ձևավորվող Զանգեզուրի միջանցքը, որը հայտնի է նաև TRIPP անվամբ,ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային տրանսպորտային հանգույցի, և նոր հնարավորություններ կստեղծի ամբողջ Եվրասիայում առևտրի, ներդրումների ու արդյունաբերական համագործակցության համար»։

Օգոստոսի 11-ին Ալիևը,ծանոթանալով Նախիջևանի երկաթուղային ենթակառուցվածքներին, տեղեկացրեց Զանգեզուրի միջանցքիհատվածներում ընթացող շինարարական աշխատանքների մասին։ Ադրբեջանական կողմի հաշվարկներով՝ շինարարության ավարտից հետո երկաթուղին տարեկան կկարողանա փոխադրել մինչև 15 միլիոն տոննա բեռ։

Բաքուն նախատեսում է զարգացնել նաև նախագծի էներգետիկ բաղադրիչը։ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ մտադիր են Զանգեզուրի միջանցքով Նախիջևանը միացնել Ադրբեջանի միասնական էլեկտրաէներգետիկ համակարգին՝ միաժամանակ կառուցելով Թուրքիայի հետ կապող նոր էլեկտրահաղորդման գիծ։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը CNN Türk-ին տված հարցազրույցում նախագծի հեռանկարները ներկայացրեց առանց դիվանագիտական քողարկումների.

Եթե Զանգեզուրի միջանցքը բացվի, Ստամբուլից Բաքու հնարավոր կլինի հասնել ավտոմեքենայով կամ գնացքով։ Դա այնքան էլ հեռավոր հեռանկար չէ։ Ակտիվ դիվանագիտական աշխատանքն ու ենթակառուցվածքների շինարարությունը շարունակվում են»։

Նույնքան խոսուն էր Թուրքիայի գլխավոր հյուպատոսը Նախիջևանում՝ Ասիփ Քայան։։ 2026 թվականի օգոստոսի 29-ին լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց.

«Ցավոք, այստեղ ծառայությանս ընթացքում չհաջողվեց ականատես լինել Զանգեզուրի միջանցքի բացմանը։ Բայց Աստծո կամոք, երբ այդ միջանցքը բացվի, աշխարհի որ ծայրում էլ լինեմ, կուզենամ գալ ու լինել առաջիններից մեկը, ով կանցնի այդ ճանապարհով։ Խոսք եմ տալիս։ Աստծո կամոք, մոտ ապագայում մենք միասին ականատես կլինենք այդ պատմական իրադարձությանը»։

Սակայն ամենաանկեղծը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն էր։2026 թվականի հունվարի 15-ին նա հայտարարեց, որ Անկարան ցանկանում է Զանգեզուրի միջանցքի իրականացումը՝ Ադրբեջանի ցանկություններին համապատասխան։ Ապա, ըստ էության, վերջ դրեց դիվանագիտական այս բառախաղին՝ ասելով.

«Նրանք դա TRIPP են անվանում, մենք՝ Զանգեզուրի միջանցք»։

Ֆիդանը նաև բացատրեց երթուղու նշանակությունը՝ Նախիջևանը Ադրբեջանի հիմնական տարածքին կապելու և Թուրքիային Միջին միջանցքով դեպի թյուրքական աշխարհ ու Կենտրոնական Ասիա ուղիղ ելք ապահովելու տեսանկյունից։

Ահա և ամբողջ պատկերը։ Բաքվի ու Անկարայի համար TRIPP-ը Զանգեզուրի միջանցքն է։ Ոչ թե տարածաշրջանային համագործակցության հերթական վերացական նախագիծը, ոչ էլ անգլերեն գեղեցիկ անվանումով հերթական ճանապարհը, այլ ռազմավարական երթուղի, որը պետք է Ադրբեջանը կապի Նախիջևանի, Թուրքիան՝ Ադրբեջանի, իսկ վերջինիս միջոցով՝ Կենտրոնական Ասիայի հետ։ Այս մասին ասում են հենց այդ երկու պետությունների ներկայացուցիչները։ Ասում են բացահայտ, առանց որևէ երկիմաստության։

Եթե մի կողմ դնենք դիվանագիտական փաթեթավորումն ու պաշտոնական ճառերը, միջանցքի ռազմավարական նշանակությունը միանգամայն պարզ է։ Ադրբեջանը ստանում է ուղիղ և անխոչընդոտ հաղորդակցություն Նախիջևանի հետ։ Թուրքիան՝ Իրանի ու Ռուսաստանի տարածքները շրջանցելով դեպի թյուրքական աշխարհ և Կենտրոնական Ասիա դուրս գալու հնարավորություն։ Վաշինգտոնը՝ տարանցիկ ուղիների ու բեռնափոխադրումների նկատմամբ ազդեցության և վերահսկողության լծակներ։ Իսկ Հայաստանին, շրջանակային համաձայնագրով, փաստորեն վերապահվում է այդ ամենին հետևողի դերը՝ սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանության ձևական ճանաչման պայմաններում։

TRIPP-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության շրջանակային համաձայնագիրը հրապարակվել է 2026 թվականի մայիսի 26-ին։ Մարկո Ռուբիոն այն ստորագրել է հունիսի 1-ին, Արարատ Միրզոյանը՝ հունիսի 4-ին։

Փաստաթղթի բովանդակությունը շատ ավելի խոսուն է, քան Հայաստանի ինքնիշխանության պահպանման մասին կառավարության հավաստիացումները։

Համաձայնագրի 8-րդ հոդվածը նախատեսում է, որ սահմանային անցակետերում քաղաքացիների և փոխադրողների անմիջական սպասարկումը կարող են իրականացնել մասնավոր օպերատորները, մինչդեռ Հայաստանի պետական մարմինները կպահպանեն սահմանային ու մաքսային վերահսկողության իրենց լիազորությունները։

Եվ այստեղ է, որ ամեն ինչ առավել քան հետաքրքիր է դառնում։ Պետությունը պահպանում է վերահսկողության իր պաշտոնական լիազորությունները, բայց սահմանը հատող քաղաքացիների և փոխադրողների հետ անմիջական շփումն ու սպասարկումը հանձնում է մասնավոր ընկերության։ Ստացվում է մի համակարգ, որտեղ մասնավոր օպերատորն է դիմավորում ու սպասարկում սահմանը հատողին, իսկ պետական մարմինները մնում են հետին պլանում՝ իրականացնելով իրենց վերապահված վերահսկողական գործառույթները։

Բայց սահմանը հյուրանոց չէ, որի ընդունարանի աշխատանքը կարելի է հանձնել մասնավոր ընկերության։ Սահմանն այն տեղն է, որտեղ պետական ինքնիշխանությունը դառնում է շոշափելի։ Այստեղ ստուգվում են փաստաթղթերը, որոշվում՝ ով կարող է մուտք գործել կամ լքել երկիրը, վերահսկվում են մարդկանց և ապրանքների տեղաշարժերը։ Եվ եթե նույնիսկ վերջնական պետական վերահսկողությունը թղթի վրա մնում է Հայաստանի ձեռքում, սահմանային անցակետերում մարդկանց ու փոխադրողների անմիջական սպասարկումը մասնավոր օպերատորին հանձնելը նշանակում է Հայաստանի պետական ներկայության և վերահսկողության էական սահմանափակում իր իսկ տարածքում։

Այստեղ արդեն միանգամայն տեղին է հարցնել՝ ինչո՞ւ հայ ժողովուրդը պետք է հավատա Նիկոլ Փաշինյանին, որը, իր սովորության համաձայն, լկտիաբար ստում է, այլ ոչ թե Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչներին, որոնք, թեկուզ սեփական շահերից ելնելով, առանց քողարկումների խոսում են իրենց ծրագրերի մասին։

Որքան էլ տարօրինակ հնչի, այս դեպքում Բաքվի և Անկարայի հայտարարություններն ավելի արժանահավատ են, քան Հայաստանի վարչապետի ու նրա թիմի հերթական հավաստիացումները։

Փաշինյանին հավատալու դառը փորձ Հայաստանն արդեն ունի։ 2018 թվականից ի վեր նա այնքան խոստումներ է շռայլել, որ դրանք կբավականացնեին մի քանի քաղաքական կյանքի համար։ Խոստանում էր խաղաղություն, անվտանգություն, բարեկեցություն, Արցախի անձեռնմխելիություն։ Իսկ ի՞նչ ստացավ Հայաստանը։ Ազգային աղետ, Արցախի կորուստ, ավելի քան 120 հազար հայերի բռնի տեղահանում և հազարավոր ընտանիքների խորտակված ճակատագրեր։

2020 թվականի պատերազմի օրերին էլ Փաշինյանը հայ հասարակությանը համոզում էր, թե հայկական բանակը հաղթում է, հակառակորդը ծանր կորուստներ է կրում, իսկ իրավիճակը վերահսկելի է։ Մինչդեռ նույն օրերին Ալիևը հերթով հայտարարում էր ադրբեջանական զորքերի կողմից հայկական բնակավայրերի ու դիրքերի գրավման մասին։ Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, թե ում խոսքերն էին համապատասխանում իրականությանը․Ալիևի՞, թե Փաշինյանի։

Այժմ նույն քաղաքական խաբեության գործելակերպը կիրառվում է TRIPP-ի շուրջ։ Հայ ժողովրդին կրկին հանգստացնում են հավաստիացումներով, թե միջանցք չկա ու չի լինելու, մինչդեռ Բաքուն և Անկարան բացահայտ քննարկում են դրա կառուցումը, շահագործումն ու ռազմավարական նշանակությունը։

Քանի՞ անգամ դեռ պետք է Հայաստանի ազգային շահերը զոհաբերվեն մի մարդու ստերին, որի նախկին խոստումները երկրի համար աղետալի հետևանքներ են ունեցել։ Քանի՞ անգամ պետք է հայ հասարակությանը նույն հեքիաթը պատմեն, մինչև այն վերջնականապես հասկանա, թե ինչ է իրականում կատարվում իր երկրի հետ։

Հայ ժողովուրդը պետք է վերջապես սթափվի։ TRIPP-ի շուրջ ինքնախաբեությունը կարող է Հայաստանի համար շատ ավելի ծանր հետևանքներ ունենալ, քան իշխանությունների հերթական չկատարված խոստումը։ Այս անգամ սխալի գինը կարող է անդառնալի լինել։