ԿԸՀ-Ի ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ․ ԻՆՉՊԵՍ ԴԱՏԱՐԱՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՐԵՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾԵԼԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ

2026 թվականի հուլիսի 4-ին՝ խորհրդարանական ընտրություններից հետո, Սահմանադրական դատարանը մերժեց յոթ քաղաքական ուժերի բողոքները, անփոփոխ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը և վերջնականապես հաստատեց հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Պետական մեքենան գործեց արդեն ծանոթ սցենարով․ նախ՝ ընտրություններ, ապա՝ ձայների հաշվարկ, հետո՝ դատական ձևակերպում, և վերջում՝ հայտարարություն, թե ամեն ինչ օրինական է, կարելի է շարունակել։

Նիկոլ Փաշինյանն ու նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել են ձայների 49,75 տոկոսը, սակայն խորհրդարանի 105 մանդատից զբաղեցրել 64-ը։ Ընտրողների կեսից էլ քիչ ձայները իշխող ուժին ապահովել են մանդատների շուրջ 61 տոկոսը։ Թվաբանությունն ինքնին առարկության տեղիք չի տալիս։ Շատ ավելի հետաքրքիր են այն հանգամանքները, որոնց պայմաններում ձևավորվել է այդ մեծամասնությունը։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամփոփիչ զեկույցում արձանագրվել են պետական ծառայողների նկատմամբ ճնշումները՝ նրանց «Քաղաքացիական պայմանագրի» միջոցառումներին մասնակցելու նպատակով, վարչական ռեսուրսի օգտագործումը, ինչպես նաև նախընտրական քարոզարշավի իրական ֆինանսավորման զգալի մասի՝ վերահսկողությունից դուրս մնալը։ Ընտրակաշառքի և ընտրական այլ հանցագործությունների փաստերով հարուցվել է ավելի քան 200 քրեական վարույթ։ Դրանց մեծ մասը վերաբերել է ընդդիմադիր ուժերին։ Միջազգային դիտորդները մտահոգություն են հայտնել նաև իրավապահ մարմինների գործողությունների ընտրովի բնույթի և իրավական պաշտպանության արդյունավետ մեխանիզմների բացակայության առնչությամբ։

Սրանք միջազգային դիտորդական առաքելության արձանագրած փաստերն են, ոչ թե պարտվածների քաղաքական երևակայության արդյունքը։

Հատկապես ուշագրավ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատմությունը։ Այն ստացել է 58 287 ձայն, սակայն խորհրդարան չի անցել։ Չորստոկոսանոց շեմը հաղթահարելու համար կուսակցությանը չի բավականացրել ընդամենը 153 ձայն։

10/51 և 35/65 ընտրատեղամասերում զինծառայողները շարունակել են քվեարկել քվեարկության ավարտի՝ ժամը 20։00-ի սահմանված ժամից հետո։ Իսկ 12/13 ընտրատեղամասում օրվա զգալի հատվածում բացակայել են «Ազգային ժողովրդավարական բևեռ» դաշինքի քվեաթերթիկները։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեք ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր է ճանաչել, սակայն կրկնակի քվեարկություն չի նշանակել։ Հիմնավորումը չափազանց հակիրճ է եղել․ այդ ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումը չի ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա։

Այսինքն՝ խախտումները հայտնաբերվել են, արդյունքներն անվավեր են ճանաչվել, բայց դրանց հետևանքները վերանայելու մտադրություն ոչ ոք չի ունեցել։ Ընտրական ինչ հարմար թվաբանություն․ նախ ընդունել, որ խնդիր կա, հետո հայտարարել, թե այն էական չէ, և ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կար։

Հունիսի 15-ին Transparency International Armenia հակակոռուպցիոն կենտրոնը նշել է, որ ԿԸՀ-ն իր պնդումը չի հիմնավորել պատշաճ հաշվարկներով։ Ավելի ուշ ԵԽԽՎ-ն հանձնաժողովի մեկ նախադասությամբ տրված բացատրությունը որակել է «խիստ անբավարար»։ Դիտորդներն արձանագրել են, որ երեք ընտրատեղամասերի տվյալները հաշվի առնելու դեպքում «Բարգավաճ Հայաստանը» կարող էր հաղթահարել անցողիկ շեմը, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ զրկվել խորհրդարանում երեք հինգերորդի մեծամասնությունից։

Սահմանադրական դատարանը չի հերքել բուն խախտումների առկայությունը։ Դատարանն ընդունել է, որ երկու ընտրատեղամասերում քվեարկությունը շարունակվել է սահմանված ժամկետից հետո, ինչի հետևանքով խախտվել են քվեարկության հավասարության և միաժամանակության սկզբունքները։

Սակայն դատարանը խախտումների ազդեցությունը համապետական ընտրությունների արդյունքների վրա համարել է չապացուցված։ Կուսակցության կողմից լրացուցիչ 153 ձայն ստանալու հնարավորությունը որակվել է որպես ենթադրություն՝ պատճառաբանությամբ, թե կրկնակի քվեարկության արդյունքը հնարավոր չէ նախապես կանխատեսել։

կրկնակի քվեարկության արդյունքը հնարավոր չէ նախապես կանխատեսել։ Սահմանադրական դատարանը մերժել է յոթ քաղաքական ուժերի բողոքները։ Մի փաստարկները բավարար չափով հիմնավորված չեն համարվել, մյուսները՝ համապետական արդյունքների համար վճռորոշ նշանակություն չունեցող։ Ձևական առումով դատական գործընթացն ավարտված է։ Բայց ընտրությունների շուրջ ծագած քաղաքական խնդիրները մնացել են չլուծված։

Արդյունքում՝ 58 հազար ձայն ստացած կուսակցությունը մնացել է խորհրդարանի դռներից դուրս, իսկ իշխող ուժը պահպանել է իրեն անհրաժեշտ մեծամասնությունը։

Իշխանությունների տարանջատման նորմալ համակարգում դատարանը պետք է լինի այն կառույցը, որն ի վիճակի է սահմանափակել գործադիր իշխանության քաղաքական հավակնությունները։ Հայաստանի իրականության մեջ, սակայն, գնալով ավելի շատ հիմքեր կան հակառակ եզրակացության համար։

«Հանրային տրիբունալի» գնահատմամբ՝ Հայաստանում օրենսդիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքը փաստացի չի գործում։ Խորհրդարանական մեծամասնությունն ու Սահմանադրական դատարանը կորցրել են իրենց քաղաքական ինքնուրույնությունը և սպասարկում են Նիկոլ Փաշինյանի կամքը։ Ընտրական բողոքները մերժելու որոշումը մենք համարում ենք այդ գնահատականի ակնառու հաստատումը։

Այս պայմաններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Սահմանադրական դատարանի որոշումները, որոնք, «Հանրային տրիբունալի» գնահատմամբ, գտնվում են Փաշինյանի քաղաքական վերահսկողության ներքո, չեն կարող համոզիչ վկայություն լինել անկախ և անաչառ որոշումների մասին։

Մենք արդեն անդրադարձել ենք այն սխալ որոշմանը, որով ընդդիմադիր ուժերը ընտրություններից հետո ընդունեցին պատգամավորական մանդատները՝ չնայած ուղեկցող աղաղակող խախտումներին։ Այն ժամանակ կարելի էր ինչքան ասես խոսել խորհրդարանում ներկայություն ապահովելու, ամբիոնը պահպանելու և պատգամավորական լիազորություններն օգտագործելու անհրաժեշտության մասին։ TRIPP-ի շրջանակային համաձայնագրի քվեարկությունը ցույց տվեց այդ խորհրդարանական ռազմավարության սնանկությունը։

Ընդդիմությունը դեմ քվեարկեց։ Բայց դա բավարար չեղավ վավերացումը կասեցնելու համար։ Ահա խորհրդարանում նրա ներկայության գործնական արդյունքը․ իշխանությունը ստացավ իրեն անհրաժեշտ որոշումը, իսկ ընդդիմությունը՝ անհամաձայնություն հայտնելու հնարավորություն։ Քաղաքական պատասխանատվության տեսանկյունից այս երկու արդյունքների միջև տարբերությունը բավականին էական է։

Խորհրդարանական ընդդիմությունն անվերջ չի կարող արդարանալ նրանով, որ դեմ է արտահայտվում կառավարության որոշումներին։ Երբ նրա ձայները չեն բավականացնում երկրի ապագան որոշող փաստաթղթերի ընդունումը կասեցնելու համար, ժամանակն է վերանայել քաղաքական հակազդեցության բուն ռազմավարությունը։

Այս ֆոնին հատկապես տարօրինակ են խորհրդարանում բռունցքներով հարաբերություններ պարզելու փորձերը, անձնական հաշիվներ մաքրելն ու պատգամավորների ցուցադրական բախումները։ Մինչ նիստերի դահլիճում պատգամավորները միմյանց հետ հաշիվներ են մաքրում, իշխանությունն իրականացնում է որոշումներ, որոնց հետևանքները երկիրը զգալու է տասնամյակներ շարունակ։ Արտաքին քաղաքականության առումով այսքան լուրջ վտանգների առջև կանգնած երկրի համար առաջնահերթությունների նման դասավորությունը պարզապես անպատասխանատվություն է։

Այժմ ընդդիմության բարոյական պարտքն է իր ողջ քաղաքական ուժն ուղղել արտահերթ ընտրությունների հասնելուն, այլ ոչ թե խորհրդարանական ներկայացումներին մասնակցելուն։ Պետք է հասնել ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության վերականգնմանը։

Որովհետև Հայաստանը հայտնվել է խոր քաղաքական և պետական ճգնաժամի մեջ։ Կասկածի տակ են դրվել ընտրությունների նկատմամբ վստահությունը, դատական համակարգի անկախությունը և պետական կառույցների՝ երկրի շահերից ելնելով գործելու կարողությունը։ Փոխարենը դրանք ավելի ու ավելի են սպասարկում գործող իշխանության քաղաքական կամքը։ Երկիրը չի կարող անվերջ մնալ մի իշխանության պատանդը, որի լեգիտիմությունը բազմաթիվ հիմնավոր կասկածներ է հարուցում։ Ճգնաժամից դուրս գալու ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորինս շուտ անցկացումն ու իշխանափոխությունն է՝ սահմանադրական ճանապարհով։ Ներկայիս վիճակի պահպանումը միայն երկարաձգելու է քաղաքական փակուղին և խորացնելու է Հայաստանի համար դրա հետևանքները։