ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ ԲԱՑԵՑ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌԵՂԾՎԱԾՆԵՐԻՑ ՄԵԿԸ․ ԱՐԳԻՇՏԻ ՔՅԱՐԱՄՅԱՆԻ ԴԵՐՆ ՈՒ ՇՈՒՇԻԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀՈՑՆԵՐԸ
Ազգային ժողովում Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածուի քննարկման ժամանակ Էդգար Ղազարյանը կոշտ ելույթ ունեցավ՝ խոսելով ԿԲ-ի անկախության, իշխանության կադրային քաղաքականության, Արգիշտի Քյարամյանի պատերազմի օրերի գործողությունների և Շուշիի դրամական պահոցների շուրջ չպարզաբանված դրվագների մասին։
Ղազարյանը նախ հիշեցրեց, որ Կենտրոնական բանկը սահմանադրական ինքնավար մարմին է, որի գործունեությունը, նրա խոսքով, չի կարող ենթարկվել քաղաքական ազդեցության։ Այդ համատեքստում նա օրինակ բերեց 2022 թվականի հուլիսի 28-ին ԿԲ գործադիր կոմիտեի անդամ և կորպորատիվ ծառայությունների ու զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Չալաբյանի պաշտոնանկությունը։
Նրա պնդմամբ՝ Չալաբյանը ոլորտի ամենափորձառու մասնագետներից էր, իսկ պաշտոնանկությունը պայմանավորված չէր նրա աշխատանքով կամ քաղաքական վարքով։ Ղազարյանի խոսքով՝ որոշման հիմքում եղբոր՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն էր։
Այդ ֆոնին նա հակադրեց մեկ այլ նշանակումը։ Ղազարյանը հիշեցրեց, որ ԿԲ խորհրդի անդամ է ընտրվել նախկին իշխանական պատգամավոր և վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը։ Նա նաև հիշեցրեց Մանուկյանի գործունեությունը «Թրանսփարենսի Ինթերնեշնլում» և նշեց, որ ժամանակին մեկ աղբյուրից գնումների քննադատը իշխանության տարիներին այլևս չէր բարձրաձայնում նույն խնդրի մասին։
Ղազարյանն անդրադարձավ նաև ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանին։ Նա նշեց, որ Ջավադյանը 2019 թվականից զբաղեցրել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը, սակայն իր ուսումնասիրությամբ այդ տարիներին որևէ տեսանելի գործունեություն չի արձանագրվել։ Ղազարյանը նաև պատմեց, որ Ջավադյանի մասին հատվածը պատրաստել էր նախորդ օրը, իսկ առավոտյան տեղեկացել էր նրա պաշտոնանկության մասին։
Ելույթի ամենաքննարկվող մասը վերաբերում էր 44-օրյա պատերազմին։
Ղազարյանը հիշեցրեց, որ պատերազմի օրերին ԱԱԾ տնօրենը Արգիշտի Քյարամյանն էր։ Նրա խոսքով՝ ռազմական դրության պայմաններում այդ պաշտոնը զբաղեցնող անձը պարտավոր էր գտնվել հրամանատարական կետում, մինչդեռ Քյարամյանը հայտնվել էր Արցախում։ Ավելի ուշ նա ազատվել էր պաշտոնից, սակայն, ըստ Ղազարյանի, շարունակել էր մնալ այնտեղ։ Այս դրվագի շուրջ, նրա խոսքով, մինչ օրս սպառիչ բացատրություն չի տրվել։
Այնուհետև Ղազարյանը խոսեց Շուշիում գտնվող Կենտրոնական բանկի դրամական պահոցի մասին։ Նրա խոսքով՝ Արցախում շրջանառվում էր հայկական դրամը, ուստի Շուշիում գործում էր պահոց, որը սպասարկում էր այդ համակարգը։
Նա հիշեցրեց նաև պատերազմի օրերին Շուշիի մատույցներում երևացած ինկասացիոն մեքենաների կադրերը և նույն ճանապարհին հայտնաբերված զոհված զինծառայողների մարմինները։ Ղազարյանը հայտարարեց, որ այդ հանգամանքները հետաքննության կարիք ունեն, քանի որ, իր համոզմամբ, անհրաժեշտ է պարզել՝ արդյոք այդ օրերին Շուշիի պահոցներից խոշոր ծավալի կանխիկ գումար է դուրս բերվել և ինչ ճակատագիր է ունեցել այն։
Նույն համատեքստում նա անդրադարձավ նաև պատերազմի ավարտից հետո դրամի և դոլարի փոխարժեքի փոփոխությանը։ Ղազարյանի խոսքով՝ այդ ժամանակահատվածի ֆինանսական գործընթացները նույնպես պետք է քննության առարկա դառնան, քանի որ պատերազմի ամբողջական պատկերը հնարավոր չէ հասկանալ առանց դրա տնտեսական բաղադրիչը բացահայտելու։
Ելույթի ավարտին Ղազարյանը դժգոհություն հայտնեց, որ քննարկվող թեկնածուն, որը բազմիցս եղել էր Արցախում, այս անգամ անգամ չէր արտաբերել «Արցախ» անունը։ Նրա խոսքով՝ կորցրած հայրենիքը մոռացության մատնելու փոխարեն պետք է հիշել և պահպանել դրա նկատմամբ պատասխանատվության զգացումը։ Որպես օրինակ նա հիշեցրեց Գերմանիայի վերամիավորումը՝ նշելով, որ պատմությունը ճանաչում է տասնամյակներ անց փոխված իրականություններ։
Հանրային տրիբունալի համոզմամբ՝ Էդգար Ղազարյանի բարձրացրած այս հարցերն անպայման տեղ կգտնեն ապագա ազգային տրիբունալի քննության օրակարգում։ Եվ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը պատասխան է տալու իր իշխանության օրոք տեղի ունեցածի, իր որոշումների և դրանց հետևանքների համար։ Պետական դավաճանության համար վաղեմութան ժամկետ չի կարող լինել։


