TRIPP՝ ՊԱՐՏՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԳԻՆԸ․ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ 63 ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՆ ՏԱԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ

44-օրյա պատերազմը Հայաստանի պատմության ամենածանր էջերից մեկն է։ Հազարավոր զոհեր, խեղված ճակատագրեր, կորցրած Արցախ, թշնամու առաջխաղացում և ազգային անվտանգության փլուզված համակարգ։ Այդ աղետի քաղաքական պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի իշխանությունից տարանջատել հնարավոր չէ։ Իսկ այսօր նույն իշխանությունը խորհրդարանում ստացավ 63 պատգամավորի աջակցությունը՝ TRIPP-ի համաձայնագիրը վավերացնելու համար։ Պատերազմից հետո Հայաստանին պարտադրվող նոր աշխարհաքաղաքական իրողությունը նրանք ընդունեցին որպես երկրի խաղաղ ապագայի ճանապարհ։

Մեղրիով անցնող միջանցքի գաղափարը երեկ չի ծնվել։ Այդ թեման շրջանառվել է դեռ 1990-ականներից։ Տասնամյակներ շարունակ Սյունիքը եղել է տարածաշրջանային մրցակցության առանցքային տարածք, իսկ Հայաստանի հարավով հաղորդակցություն ստանալու ձգտումը՝ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական նպատակներից մեկը։ Այսօր այդ հին ծրագիրը նոր անուն ունի՝ TRIPP, նոր դերակատար՝ Միացյալ Նահանգները, և նոր քաղաքական պայմաններ՝ պատերազմից հետո ուժերի փոխված հարաբերակցությունը։

TRIPP-ի շրջանակային համաձայնագրով նախատեսվում է ստեղծել զարգացման ընկերություն, որի բաժնեմասի 74 տոկոսը պատկանելու է ամերիկյան կողմին, իսկ Հայաստանին՝ 26 տոկոսը։ Գործունեության սկզբնական ժամկետը 49 տարի է։ Իշխանությունը կարող է խոսել ներդրումների, հաղորդակցությունների և տնտեսական հնարավորությունների մասին։ Բայց Հայաստանի համար առանցքայինը մնում է ռազմավարական վերահսկողության և երկարաժամկետ պարտավորությունների իրական գինը։ Սյունիքը Հայաստանի սահմանային մարզ է, ոչ թե աշխարհաքաղաքական փորձադաշտ, որտեղ կարելի է երկրի անվտանգությունը խաղադրույքի վերածել։

Ամենամտահոգիչը տարածաշրջանային երկրների արձագանքն է։ Իրանը հայտարարել է, որ TRIPP-ի իրականացումն ընդունելի է իր համար միայն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման ու տարածաշրջանում ամերիկյան ռազմական կամ անվտանգության ուժերի բացակայության պայմաններում։ Թեհրանի համար Հայաստանի հարավում ամերիկյան ներկայության ընդլայնումը սպառնալիք է ներկայացնում։ Դա կարող է ընկալվել որպես իր հյուսիսային սահմանների մոտ ռազմավարական հավասարակշռության փոփոխություն։ Հայաստանը դրա հետևանքով կարող է հայտնվել ամերիկա-իրանական դիմակայության անմիջական ազդեցության գոտում։

Ռուսաստանն էլ տարածաշրջանային հաղորդակցություններում ունի իր շահերը։ Մոսկվան հայտարարել է TRIPP-ին հնարավոր մասնակցության տարբերակները քննարկելու պատրաստակամության մասին՝ հիշատակելով նաև ռուսական երկաթուղային փորձը։ Այս պայմաններում Վաշինգտոնի ազդեցության ընդլայնումը կարող է բախվել Մոսկվայի շահերին։ Իսկ այդ հակասությունների հնարավոր գինը վճարելու է Հայաստանը՝ իր սահմաններով, անվտանգությամբ և արտաքին քաղաքական մանևրի սահմանափակմամբ։

Ահա թե ինչու TRIPP-ը չի կարելի ներկայացնել որպես սովորական տնտեսական ծրագիր։ Այն ծնունդ է առնում մի իրականությունից, որի ձևավորման գործում վճռորոշ դեր ունեցավ 44-օրյա պատերազմի պարտությունը։ Փաշինյանի իշխանության վարած քաղաքականության արդյունքներն այսօր Հայաստանի առաջ նոր ռիսկեր են բացում։ Պատերազմից հետո խոստացված խաղաղությունը դեռ չի դարձել անվտանգության հուսալի երաշխիք, իսկ Սյունիքի շուրջ աշխարհաքաղաքական մրցակցությունը կարող է խորացնել երկրի խոցելիությունը։

63 պատգամավորները իրենց քվեով քաղաքական պատասխանատվություն ստանձնեցին այս ուղու համար։ Նրանք չեն կարող հետագայում իրենց առանձնացնել Փաշինյանի որոշումներից և ձևացնել, թե պարզապես խորհրդարանական ընթացակարգի են մասնակցել։ Նրանց աջակցությամբ հաստատված համաձայնագիրը վերաբերում է Հայաստանի ռազմավարական ապագային, հետևաբար դրա հետևանքների համար պատասխանատվությունն էլ համատեղ է։ Քաղաքական պատասխանատվությունն արդեն արձանագրված է քվեարկությամբ։ Վստահ ենք՝ ապագայում իրավական գնահատական նույնպես կտրվի։

Հայաստանը չափազանց թանկ գին է վճարել՝ իր անվտանգությունը Փաշինյանի դավաճանության և սխալ հաշվարկների զոհ դարձնելու համար։ Սյունիքը մեր երկրի հարավային դարպասն է։ Այնտեղ ցանկացած որոշում պետք է չափվի մեկ չափանիշով՝ ուժեղացնո՞ւմ է արդյոք Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, թե՞ երկիրը մոտեցնում է մեծ տերությունների բախման վտանգին։ Փաշինյանն ու նրան աջակցած 63 պատգամավորները պարտավոր են պատասխան տալ իրենց ընտրած ուղու համար։

Հայաստանի ճակատագիրը չի կարող որոշել անհավասարակշիռ, հոգեկան հիվանդ լրագրողից այդպես էլ պետական գործիչ չդարձած վարչապետը։ Այս աղետալի ընթացքը կանգնեցնելու համար Հայաստանին անհրաժեշտ է նոր՝ պետականամետ ու ազգանվեր իշխանություն։

Ալիևի և Էրդողանի կամակատարի քաղաքականությունը հայ ժողովրդին կարող է տանել միայն դեպի նոր ողբերգություններ։ Ի տարբերություն 1915-ի և 1988-ի՝ այս անգամ մեզ ոչնչացնում են՝ թմրեցնելով մեր զգոնությունը ժպիտներով, հոգատարության ցուցադրությամբ, «սիրում եմ ձեզ» կարգախոսներով ու սրտիկներով ուղիղ եթերներով։

Հայ ժողովուրդը հրատապ պետք է սթափվի և դուրս գա այս վտանգավոր թմբիրից։ Այլապես կարող ենք արթնանալ մի իրականության մեջ, որտեղ Հայաստանը կշարունակի գոյություն ունենալ միայն որպես աշխարհագրական անվանում՝ զրկված հայկական բովանդակությունից, ազգային ինքնությունից ու սեփական ճակատագիրը տնօրինելու հնարավորությունից։