ԱՐԹՈՒՐ ԽԱՉԻԿՅԱՆ․ TRIPP-Ի ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐՔԱՇԵԼ ԻՐԱՆԻ ՀԵՏ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը Հայաստանի արտաքին քաղաքականությունը համարում է վտանգավոր և անհավասարակշիռ՝ զգուշացնելով, որ TRIPP-ի նախագծի իրականացումը, Իրանի շուրջ ռազմական լարվածությունը և Ադրբեջանի շարունակվող տարածքային պահանջները կարող են Հայաստանի համար նոր անվտանգության խնդիրներ ստեղծել։ Այս մասին նա խոսել է «Live News»-ի եթերում հեռարձակված Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի ընթացքում՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի հարաբերություններին Ռուսաստանի և Արևմուտքի հետ, ինչպես նաև հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարներին։

Խաչիկյանի գնահատմամբ՝ Իրանի շուրջ ռազմական էսկալացիայի դեպքում Հայաստանը կարող է հայտնվել հակամարտող ուժերի շահերի բախման կենտրոնում։ Նա կարծում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված տարածաշրջանային գործընթացները, ինչպես նաև Ադրբեջանի ու Իսրայելի ռազմավարական համագործակցությունը լրացուցիչ ռիսկեր են ստեղծում Հայաստանի համար։ Քաղաքագետը հատկապես վտանգավոր է համարել Իրանի հետ հարաբերություններում հնարավոր առճակատումը՝ հիշեցնելով, որ Թեհրանը զգուշացրել է տարածաշրջանի երկրներին Իրանի դեմ տնտեսական շրջափակման կամ այլ գործողությունների մասնակցության հետևանքների մասին։

Հաղորդման ընթացքում Խաչիկյանը կոշտ քննադատության է ենթարկել TRIPP-ի նախագիծը՝ կասկածի տակ դնելով դրա տնտեսական օգուտները և Հայաստանի ինքնիշխանության պահպանման վերաբերյալ իշխանությունների հավաստիացումները։ Նրա պնդմամբ՝ նախագծի կառավարման մեխանիզմները, երրորդ կողմերի հնարավոր վերահսկողությունը և ենթադրվող իրավական կարգավորումները կարող են սահմանափակել Հայաստանի վերահսկողությունը սեփական տարածքի նկատմամբ։ Քաղաքագետը հարց է բարձրացրել նաև այն մասին, թե ինչու նման պայմանավորվածություններ չեն կառուցվում փոխադարձության սկզբունքով, և ինչու Հայաստանը չի պահպանում նախագծում վերահսկիչ մասնակցություն։ Նա զգուշացրել է, որ միջանցքի շուրջ կարող են բախվել ԱՄՆ-ի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը, իսկ դրանց հետևանքները ստիպված կլինի կրել Հայաստանը։

Խաչիկյանը կասկածի տակ է դրել նաև իշխանությունների այն պնդումը, թե TRIPP-ը խաղաղության երաշխիք է։ Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը իսկապես բավարարված լիներ ձեռք բերված պայմանավորվածություններով, ապա Բաքվի պաշտոնական հռետորաբանության մեջ չէին շարունակվի վրեժի, պատմական արդարության և հայերից նոր պահանջների մասին հայտարարությունները։ Նա ուշադրություն է հրավիրել «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի առաջմղման, Հայաստանի տարածքների վերաբերյալ ադրբեջանական հայտարարությունների և անկլավների հարցի վրա՝ դրանք դիտարկելով որպես շարունակվող ճնշման հնարավոր դրսևորումներ։

Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ քաղաքագետը նշել է, որ Հայաստանի՝ դեպի Արևմուտք արտաքին քաղաքական կողմնորոշումը կարող է տնտեսական հետևանքներ ունենալ։ Նա մատնանշել է ռուսական շուկայի հնարավոր կորուստը, էներգակիրների թանկացման ռիսկերը և Ռուսաստանից Հայաստան փոխանցվող գումարների հնարավոր նվազումը։ Խաչիկյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները պետք է հստակ որոշեն արտաքին քաղաքական ուղղությունը և հանրությանը ներկայացնեն դրա իրական տնտեսական գինը։

Հաղորդման ավարտին Խաչիկյանը կրկին զգուշացրել է, որ Արցախի կորուստը, Հայաստանի տարածքային ու անվտանգության խնդիրները և տարածաշրջանում մեծ տերությունների մրցակցությունը միասին ստեղծում են բարդ իրավիճակ։ Նա քննադատել է իշխանությունների արտաքին քաղաքական հաշվարկները՝ պնդելով, որ Հայաստանի համար անհրաժեշտ է ավելի զգույշ և հավասարակշռված դիվանագիտություն, որը թույլ չի տա երկիրը ներքաշել նոր ռազմական հակամարտության մեջ։