ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԱՐՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԻՐԸ ՏԱՆՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԱՆԿՄԱՆ

,

Գազի հնարավոր կտրուկ թանկացում, գյուղատնտեսության ծանր վիճակ, մսխվող պետական միջոցներ, դատարկվող գյուղեր և քայքայվող գիտություն․ 168.am-ի «Օրախնդիր» հաղորդման եթերում տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասարյանը Դավիթ Սարգսյանի հետ զրույցում կոշտ քննադատության է ենթարկել Նիկոլ Փաշինյանի կառավարության քաղաքականությունը։

Մանասարյանի խոսքով՝ իշխանությունները խոսում են տնտեսական դիվերսիֆիկացիայից, բայց Հայաստանի կախվածությունը արտաքին շուկաներից, մասնավորապես՝ Ռուսաստանից, չի նվազում։ Գազի հնարավոր թանկացումը կարող է հարվածել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերին՝ բարձրացնելով արտադրության ինքնարժեքը և նվազեցնելով հայկական ապրանքների մրցունակությունը։ Մինչդեռ կառավարությունը, ըստ տնտեսագետի, հանրությանը չի ներկայացրել ռիսկերի հաշվարկված գնահատականներ և դրանց դիմակայելու հստակ ծրագիր։

Առանձնապես ծանր է գյուղատնտեսության վիճակը։ Մանասարյանի ներկայացրած հաշվարկով՝ այս տարվա ընթացքում ավանդական շուկաներում իրացման խնդիրների պատճառով գյուղատնտեսության հնարավոր կորուստները չորս-հինգ ամսում գերազանցել են մեկ միլիարդ դոլարը։ Մինչ գյուղացին ամիսներ շարունակ աշխատում է, նրա բերքը փչանում է այգիներում։ Մանասարյանը նաև մատնանշել է մշակելի հողերի չօգտագործումը, անասնաբույժների ու գյուղատնտեսական մասնագետների պակասը և գյուղերի դատարկումը։

Տնտեսագետը քննադատել է նաև իշխանությունների տնտեսական հեղափոխության մասին խոստումները։ Նրա գնահատմամբ՝ ճանապարհների ասֆալտապատումը դեռևս տնտեսական զարգացում չէ, հատկապես երբ կասկածներ կան պետական միջոցների արդյունավետ ծախսման վերաբերյալ։ Իսկ գյուղատնտեսության, գիտության ու կրթության թուլացման պայմաններում երկիրը զրկվում է սեփական արտադրությունն ու տնտեսությունը զարգացնելու հնարավորությունից։

Մանասարյանը խիստ քննադատության է ենթարկել նաև Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված բնապահպանական ռիսկերի գնահատումը՝ մտահոգություն հայտնելով ջրային համակարգերի հնարավոր աղտոտման վերաբերյալ։ Նա անդրադարձել է գիտական հաստատությունների թուլացմանը, մասնագիտական կադրերի պակասին և ակադեմիական քաղաքի ծրագրին՝ հարց բարձրացնելով, թե ինչպիսի Հայաստան է ցանկանում կառուցել իշխանությունը, եթե չունի զարգացման հստակ տեսլական։

Զրույցի ընթացքում տնտեսագետը խոսել է նաև Արցախի կորստի, ազգային հիշողության և հասարակական լռության մասին՝ զգուշացնելով, որ կրթության ու գիտության քայքայումը վտանգում է երկրի ապագան։

Մանասարյանի գնահատմամբ՝ Հայաստանում արևմտամետների անվան տակ թաքնված են թրքամետ ուժեր, որոնք իրենց իրական քաղաքական նպատակները քողարկում են արևմտյան կողմնորոշման մասին հայտարարություններով։

Այսպիսով՝ մինչ Նիկոլ Փաշինյանը կառավարության հաջողություններից է խոսում, Հայաստանի գյուղացին կորցնում է իր եկամուտը, գյուղերը՝ մարդկանց, իսկ տնտեսությունը՝ զարգանալու հնարավորությունները։ Լայնորեն գովազդված Փաշինյանի միակ ձեռքբերումը՝ ասֆալտը չի կարող փոխարինել արտադրությանը, ճառերը՝ պետական պատասխանատվությանը, իսկ քարոզչությունը՝ իրական արդյունքներին։ Այս իշխանությունն իր ձախողումներով ոչ միայն հարվածում է երկրի տնտեսությանը, այլև քայքայում նրա դիմադրունակությունը։

Հանրային տրիբունալի կարծիքով՝ այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանի ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքն է։ Այս իշխանությունից օր առաջ ձերբազատվելը երկրի գոյատևման և ազգային շահերի պաշտպանության կենսական պահանջ է։

Ավելի մանրամասն դիտեք 168.am-ի տեսանյութում։