ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆ․ ՍԵՎ ԼԻՃՆ ՈՒ ՋԵՐՄՈՒԿԸ ԾԱՂԻԿՆԵՐ ԿԹՎԱՆ ԱՌԱՋԻԿԱ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ

«Հրապարակ» օրաթերթը,անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհային քարտեզի վերաբերյալ հայտարարություններին, ներկայացնում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի գնահատականները։ Նրա խոսքով՝ առանց երրորդ կողմի միջնորդության Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել հայկական կողմի նոր ու լուրջ զիջումների։

Հոկտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է փոխանակեն հավասար չափերի տարածքներ՝ անկլավների և էքսկլավների հարցը լուծելու համար։ Նա նաև նշել էր, որ խաղաղության պայմանագրի համաձայն՝ Հայաստանի տարածքը պետք է կազմի 29 743 քառակուսի կիլոմետր, իսկ սահմանազատումը պետք է իրականացվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Փաշինյանի ներկայացրած սկզբունքներով՝ կողմերը պետք է հրաժարվեն միմյանց նկատմամբ բոլոր պահանջներից և ապաշրջափակեն ճանապարհներն ու հաղորդակցությունները։

Երվանդ Բոզոյանի գնահատմամբ՝ ուժերի ներկայիս անհավասարակշռության պայմաններում երկկողմ բանակցությունները Հայաստանին դնում են զիջող կողմի դիրքում։ Քաղաքագետը նշում է, որ հայ-ադրբեջանական սահմանի շուրջ 1000 կիլոմետրից սահմանազատված է ընդամենը 12 կիլոմետրը։ Նրա խոսքով՝ իշխանությունները խուսափում են գործընթացը շարունակելուց, քանի որ դրա հետևանքները կարող են քաղաքական ծանր գին ունենալ։

Բոզոյանը կարծում է, որ խնդիրը միայն այն չէ, թե ով է ղեկավարում Հայաստանը։ Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը, ունենալով ռազմական առավելություն և Թուրքիայի աջակցությունը, շարունակելու է ճնշում գործադրել Երևանի վրա՝ անկախ Հայաստանի իշխանությունների փոփոխությունից։

Քաղաքագետի համոզմամբ՝ Հայաստանի համար հնարավոր կորուստները նվազեցնելու միակ իրատեսական տարբերակը երրորդ կողմի ներգրավումն է, որը շահագրգռված կլինի ապահովել կողմերի միջև ուժերի հավասարակշռությունը։ Հակառակ դեպքում, նրա կանխատեսմամբ, Սև լճի և Ջերմուկի շուրջ ստեղծված խնդիրները կարող են աննշան թվալ առաջիկա զիջումների համեմատ։

Բոզոյանը նաև քննադատում է քաղաքական բանավեճի ներկայիս տրամաբանությունը, երբ իշխանությունները զիջումները ներկայացնում են որպես պատերազմի կանխման միջոց, իսկ ընդդիմությանը՝ որպես պատերազմի կողմնակից։ Նրա կարծիքով՝ այս հակադրությունը թույլ է տալիս Փաշինյանին առաջ մղել իր ծրագրերը՝ հասարակության մի մասի աջակցությամբ։