Ինչո՞ւ ռուս խաղաղապահները չկարողացան փրկել Արցախը․ Փաշինյանի որոշումների գինը

,

168.am-ի տաղավարում Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցում Էդգար Ղազարյանը հիշեցրել է, որ մինչև 2022 թվականը ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի միջամտությամբ հնարավոր էր եղել կանխել Ստեփանակերտը Գորիսի հետ կապող ճանապարհի փակումը։ Սակայն 2022 թվականի դեկտեմբերին, երբ Ադրբեջանը շրջափակեց Լաչինի միջանցքը, նույնը չհաջողվեց անել։

Ի՞նչ փոխվեց, և ինչո՞ւ ռուս խաղաղապահների հնարավորությունները սահմանափակվեցին այն ժամանակ, երբ Արցախը կանգնած էր շրջափակման ու հայաթափման վտանգի առաջ։

Այս հարցի պատասխանը փնտրելիս հնարավոր չէ շրջանցել Նիկոլ Փաշինյանի կառավարության քաղաքականությունը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումից մինչև Արցախի կարգավիճակի հարցում դիրքորոշման փոփոխություն։

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ռուսական միջնորդությամբ կանգնեցրեց պատերազմը և ապահովեց ռուս խաղաղապահների տեղակայումը Արցախում։ Արցախի վերջնական կարգավիճակի հարցը մնում էր չլուծված, ինչը հնարավորություն էր տալիս շարունակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, անվտանգության և ապագայի համար պայքարը։

Բայց Փաշինյանը փոխեց խաղի կանոնները։ Արցախի հարցի կարգավորումը Մոսկվայի միջնորդությամբ ընթացող գործընթացից տեղափոխվեց եվրոպական հարթակ, որտեղ Ռուսաստանը ոչ թե գործընկեր էր, այլ աշխարհաքաղաքական մրցակից։ Իսկ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանը վերահաստատեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հիմքում ընկած՝ Ալմա-Աթայի հռչակագրին Հայաստանի հավատարմությունը։

Արցախի հարցը ինքնորոշման իրավունքի և կարգավիճակի շուրջ բանակցություններից վերջնականապես տեղափոխվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակ։ Բաքուն ստացավ քաղաքական կարևոր փաստարկ՝ պնդելու, որ Ղարաբաղն իր ինքնիշխան տարածքն է, իսկ այնտեղ ապրող հայ բնակչության ճակատագիրը՝ Ադրբեջանի ներքին հարցը։

Այս շրջադարձի հետևանքներն ակնհայտ դարձան 2022 թվականի դեկտեմբերին, երբ Ադրբեջանը շրջափակեց Լաչինի միջանցքը։ Ռուս խաղաղապահների ներկայությունը չկանխեց շրջափակումը, իսկ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունն ավարտվեց Արցախի հայաթափմամբ։

«Հանրային տրիբունալը» այս քաղաքական շղթային անդրադարձել էր «Բրյուսել, Ջերմուկ, Պրահա. Երեք քայլ դեպի ազգային աղետ»հոդվածում՝ քննադատելով Փաշինյանի արտաքին քաղաքական ուղեգիծը և դրա հետևանքները Հայաստանի ու Արցախի անվտանգության համար։

Այս իրավիճակում առանցքային հարց է առաջանում․ ինչպե՞ս պետք է Ռուսաստանը պահանջեր պահպանել Արցախի նախկին կարգավիճակն ու կանխել դրա ուժային լուծարումը, եթե Հայաստանի ղեկավարությունն արդեն ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Փաշինյանը պարտավոր է պատասխանել՝ ինչո՞ւ փոխեց բանակցային հարթակը, ինչո՞ւ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ առանց գործուն երաշխիքների, և ինչո՞ւ իր քաղաքական որոշումների հետևանքով կործանվեց Արցախը։

Արցախի ողբերգությունը չի կարելի ներկայացնել որպես անխուսափելի ճակատագիր։ Այն Նիկոլ Փաշինյանի կոնկրետ որոշումների հետևանքով Հայաստանի անվտանգային համակարգի փլուզման, բաց թողնված հնարավորությունների, ռազմավարական զիճումների, պարտվողական քաղաքականության պատմություն է։ Եվ այս ամենի համար Հայաստանի գործող վարչապետը իր վարչակազմի հետ միասին պետք է անպայման պատասխան տա տրիբունալի առջև։