ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ՝ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ՆՈՐ ՃԱԿԱՏ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Католикос Гарегин II, Никол Пашинян

«Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի կազմն արդեն որոշված է։ Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը, իսկ անդամների կազմում ընդգրկվել են իշխող խմբակցության պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, Տարոն Չախոյանը, Արփինե Դավոյանը, Ալխաս Ղազարյանը, Ծովինար Վարդանյանը և Գոռ Արշակյանը։ Խորհրդարանական ընդդիմության երկու խմբակցություններն էլ հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, և իշխանությունը որոշել է հարցը քննել բացառապես սեփական քաղաքական թիմի ուժերով։

Հանրային տրիբունալը տեղի ունեցողը դիտարկում է որպես Հայ Առաքելական Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի իշխանության նախաձեռնած քաղաքական արշավի հերթական փուլ։ Այս անգամ հոգևոր կառույցի վրա ճնշում գործադրելու գործընթացին ներգրավվում է խորհրդարանը, որի առաքելությունը գործադիր իշխանությանը վերահսկելն է, այլ ոչ թե նրա քաղաքական կամքի անվերապահ կատարելը։

Խորհրդարանական վերահսկողությո՞ւն, թե՞ գործադիրի քաղաքական պատվեր

Քննիչ հանձնաժողովի ստեղծումն ու դրա կազմի ձևավորումը բացահայտում են իշխանության գործելակերպի էությունը։ Ակնհայտ է, որ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի ուսումնասիրությունը չի կարող համարվել ինքնուրույն պատգամավորական նախաձեռնություն, երբ գործընթացի ամբողջ տրամաբանությունը, քաղաքական ուղղվածությունն ու պատասխանատվությունը բխում են իշխանության ղեկավարի վարած հակաեկեղեցական քաղաքականությունից։

Հանձնաժողովի կազմում ընդդիմության բացակայությունն ավելի է սրում իրավիճակը։ Երբ քննություն իրականացնող մարմինը ձևավորվում է բացառապես այն քաղաքական ուժի ներկայացուցիչներից, որի առաջնորդը Եկեղեցու հետ հակամարտության գլխավոր դերակատարներից է, անաչառության մասին հավաստիացումները կորցնում են իրենց համոզիչ ուժը։

Եկեղեցին՝ իշխանության քաղաքական թիրախում

Հանձնաժողովի գործունեության շրջանակը ներառում է ոչ միայն Եկեղեցու շուրջ ստեղծված ճգնաժամը, այլև ազգային ինքնության պահպանման գործում նրա առաքելության կատարման հարցը։ Այս ձևակերպմամբ իշխանությունը փորձում է իրեն վերապահել ազգային ու հոգևոր կյանքի առանցքային ինստիտուտի գործունեությունը գնահատելու քաղաքական իրավասություն։

Սակայն ո՞վ է Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը լիազորել սեփական քաղաքական շահերի տեսանկյունից դատելու Հայ Առաքելական Եկեղեցու պատմական առաքելությունը։

Հայոց Եկեղեցին դարերով եղել է հայ ժողովրդի ինքնության, պատմական հիշողության և ազգային շարունակականության առանցքային հենասյուներից մեկը։ Եվ այդ հենասյունը խարխլելը մեծ հանցագործություն է հայ ժողովրդի նկատմամբ։

Օրենսդիր իշխանությունը՝ գործադիրի կամակատար

Հանրային տրիբունալի գնահատմամբ՝ այս պատմության առանցքային խնդիրը միայն հանձնաժողովի կազմը չէ։ Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք խորհրդարանական մեծամասնությունը շարունակաբար ցուցադրում է քաղաքական ինքնուրույնության պակասը՝ իր գործողությունները համապատասխանեցնելով վարչապետի օրակարգին։ Քննիչ հանձնաժողովը, որը տեսականորեն պետք է ապահովի հանգամանքների բազմակողմանի ուսումնասիրությունը, այս պարագայում իշխանության քաղաքական դիրքորոշումը ինստիտուցիոնալ ձևով ամրագրելու գործիք հանդիսանում է։

Փաշինյանի քաղաքականության վտանգավորությունն այն է, որ պետական ինստիտուտները նրա ձեռքում աստիճանաբար կորցնում են իշխանությանը հակակշռելու իրենց նշանակությունը և դառնում են քաղաքական կամքի իրագործման միջոցներ։

Ազգային ժողովը դարձել է Նիկոլ Փաշինյանի որոշումներին քաղաքական կշիռ և լեգիտիմություն հաղորդելու հարթակ՝ աստիճանաբար հրաժարվելով Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններն իրականացնելուց, իր պարտականությունները կատարելուց և օրենսդիր իշխանության առաքելությունն իրագործելուց։

Այս իրավիճակում կասկածելի է ոչ միայն խորհրդարանի քաղաքական ինքնուրույնությունը, այլև նրա ընդունած որոշումների սահմանադրականությունն ու իրավաչափությունը։