Ո՞վ էր հրամայել չկրակել. վկայություն Ջերմուկում տեղի ունեցած իրադարձությունների մասին

,

Նախորդ հրապարակումներից մեկում մենք անդրադարձել էինք 2022 թվականի պատերազմին հաջորդած ժամանակահատվածին՝ վերականգնելով այդ տարվա ապրիլից հոկտեմբեր ընկած քաղաքական և ռազմական իրադարձությունների ժամանակագրությունը։ Խոսքը, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի՝ Պրահայում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում ճանաչելու, դրան հաջորդած հայտարարությունների և ՀԱՊԿ-ի հասցեին հնչեցվող մեղադրանքների մասին էր։ Այդ ժամանակ արդեն հարց էր առաջանում՝ ինչո՞ւ 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական հարձակման պայմաններում Հայաստանի իշխանությունը չարեց այն ամենը, ինչ կարող էր և պարտավոր էր անել երկրի պաշտպանության համար։

Մինչ այժմ մենք շարժվում էինք տրամաբանության և ժամանակագրության դաշտում։ Մենք վերլուծում էինք, համադրում, եզրակացնում։ Ամենից շատ մեզ հուզում էր Ջերմուկի հատվածը։ Ի՞նչ եղավ այնտեղ իրականում։ Ինչո՞ւ հնարավոր եղավ ներխուժումը։ Ինչո՞ւ չդիմադրեցին։ Ինչո՞ւ զինվորները, որոնք պատրաստ էին կռվելու, հայտնվեցին անզեն ու անկարող։

Այս հարցերը տարիներ շարունակ կախված էին օդում։ Բայց այժմ այդ կասկածները հաստատվում են։ Եվ հաստատվում են ոչ թե քաղաքական վերլուծաբանների կամ լրագրողների կողմից, այլ մի մարդու, ում որդին ուղղակիորեն առնչվել է այն հրամաններին, որոնք կործանեցին Ջերմուկի պաշտպանությունը։

Խոսքը փոխգնդապետ, ազատամարտիկ Սամվել Մկրտչյանի վկայությունների մասին է։

«Հրաման են տվել՝ չկրակել»

Մկրտչյանի պատմածի համաձայն՝ նրա որդին շուրջ երեք տասնամյակ ծառայած զինվորական է, 44-օրյա պատերազմի մասնակից, Ջաբրայիլի ուղղությամբ՝ հրամանատարի տեղակալ, որտեղ ծանր վիրավորվել է։ Հետագայում շարունակել է ծառայությունը Հայաստանում, սակայն, ըստ հոր վկայության, որոշ ժամանակ անց զեկուցագիր է գրել և հեռացել բանակից։

Պատճառը, Մկրտչյանի պնդմամբ, եղել է իրեն տրված հրամանը՝ չկրակել հակառակորդի ուղղությամբ, դիմադրություն չցուցաբերել և հետ քաշվել։ Նրա որդին, ըստ նույն վկայության, հրաժարվել է կատարել այդ հրամանը։

Մկրտչյանը նաև պնդում է, որ Ջերմուկի մոտ 30 կիլոմետրանոց հատվածում հենց այն ստորաբաժանումն է կարողացել պահել դիրքերը, որտեղ դիմադրություն է ցուցաբերվել, և ադրբեջանական զորքը չի կարողացել առաջանալ։

Այս վկայությունը մենք չենք կարող անտեսել։ Ոչ ոք չի կարող անտեսել։ Որովհետև եթե դա ճիշտ է, ապա Ջերմուկի ուղղությամբ տեղի ունեցածը պետական դավաճանություն էր։

Ո՞վ էր հրամայել

Պաշտպանության ոլորտում «չկրակել» հրամանը չի տրվում շարքային սպայի կողմից։ Նման հրամանը գալիս է վերևից։ Շատ վերևից։ Այն մակարդակից, որտեղ որոշվում են ոչ թե մարտավարական, այլ քաղաքական հարցեր։

Եթե հայկական ստորաբաժանումները Ջերմուկի ուղղությամբ ստացել են «չկրակելու» հրահանգ, ապա այդ հրահանգի հեղինակը պետք է որոնվի ոչ թե դիրքերում, այլ Երևանում։ Ոչ թե սպայական կազմի շարքերում, այլ քաղաքական ղեկավարության մեջ։

Նիկոլ Փաշինյանը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, չհայտարարեց ռազմական դրություն։ Չիրականացրեց զորահավաք։ Չկազմակերպեց պաշտպանություն այնպես, ինչպես դա պահանջում էր ագրեսիայի ենթարկված պետությունը։ Նա չկատարեց իր սահմանադրական լիազորությունները։ Եվ այդ հանցավոր անգործությունը դարձավ սահմանների պաշտպանության փլուզման հիմնական պատճառը։