«ԳԻՏԱԿՑՎԱԾ ԶՈՀՈՂՈՒԹՅՈՒՆ», ԹԵ ՀԱՆՑԱՎՈՐ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

, ,

2026 թվականի մարտի 25-ին Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց մի նախադասություն, որը վերլուծաբանների գնահատմամբ պետական դավաճանության մասին ինքնախոստովանություն է.

«Գիտակցված զոհողության մենք գնացել ենք 2020թ․ և արդյունքում ձեռք ենք բերել պետություն և անկախություն։ Սրանից առաջ էդ բոլոր զոհողությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառափնարան և զոհել են իրենց շահերին։ Առաջին անգամ մենք զոհողության ենք գնացել մեր պետության համար, մեր շահերի համար, մեր ապագայի համար, մեր ինքնության համար» ։

Այս հայտարարությունը Փաշինյանը հնչեցրել է պատգամավոր Մարիա Կարապետյանի հարցին ի պատասխան՝ կառավարության հետ հարցուպատասխանի ձևաչափով ։

Հաջորդ օրը՝ մարտի 26-ին, զոհված զինծառայողների հարազատները փաստաբան Վահան Հովհաննիսյանի միջոցով քրեական հաղորդում ներկայացրեցին ՀՀ գլխավոր դատախազություն։ Հաղորդման հիմքում հենց վարչապետի՝ նախօրեին հնչեցրած հայտարարությունն էր «գիտակցված զոհողության» մասին 。 Փաստաբանի խոսքով՝ հայցը պարունակում է երկու հանցագործության տարր՝ դավաճանություն և մարդկության դեմ հանցագործություն, որի արդյունքում զոհվել է 5000 զինծառայող և տարածքային կորուստներ կան ։

Սա Փաշինյանի միակ նման հայտարարությունը չէ։ Դեռևս 2025 թվականի օգոստոսի 23-ին՝ Անկախության հռչակագրի օրվա կապակցությամբ, նա պատմական նշանակության հայտարարություն էր արել՝ բացատրելով, թե ինչու մինչև 2020 թվականի սեպտեմբերը չի գնացել զիջումների.

«Ի վերջո, ինչու՞ մինչև 2020 թվականի սեպտեմբերը Հայաստանի Հանրապետությունը, մեր Կառավարությունը, ես՝ ինքս, չգնացինք զիջումների, ինչը 44–օրյա պատերազմից խուսափելու միակ տեսական հնարավորությունն էր։ Դրա առանցքային պատճառն այն էր, որ այդ զիջումների արդյունքում մեր ունեցած բոլոր սպառնալիքները եւ կախվածությունները մեծանալու էին, մեծանալու էին անհամաչափորեն՝ հանգեցնելով Հայաստանի անկախության եւ պետականության կորստի։ Մենք որդեգրեցինք Հայաստանի անկախությունը պահպանելու եւ այդ անկախությունն իրական դարձնելու ռազմավարություն» ։

Ըստ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի․

«Առաջին անգամ պատմության մեջ Նիկոլ Փաշինյանը բացեիբաց խոստովանություն է անում, որ նա գիտակցաբար զոհաբերել է Արցախը հանուն Հայաստանի անկախության: Նա վերջապես ընդունել է, որ 2020 թվականին կարելի էր գնալ զիջումների և խուսափել պատերազմից» ։

2025 թվականի հունիսին ԵՊՀ-ում ունեցած հանդիպման ժամանակ Փաշինյանը նույնպես անդրադարձել է 2020 թվականի պատերազմին՝ նշելով.

«Մենք կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը 44-օրյա պատերազմի արդյունքում, բայց ձեռք բերեցինք ավելի ինքնիշխան, ավելի անկախ, ավելի ինքնաբավ պետություն» ։

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն իր մամուլի ասուլիսում ուղղակիորեն արձանագրել է.

«Փաշինյանն իր հայտարարություններով անուղղակի ասում է՝ ինքն է հանձնել Արցախը, որպեսզի չունենանք ՀՀ պետականության և անկախության կորուստ։ Այսինքն՝ ուզում է ասել՝ «Ես անկախությունն ու պետականությունը պահել եմ, որովհետև Արցախն եմ հանձնել»։ Սա խոստովանություն է կատարված պետական դավաճանության մասին» ։

Նահապետյանը հավելել է. «Կարծում եմ՝ այս անձին պետական դավաճանության հոդվածով պետք է դատել և կապ չունի՝ այն ժամանակ նա որտեղ կլինի։ Սա ցանկացած նոր իշխանության առաջին գործն է լինելու» ։ Ըստ նրա՝ «Փաշինյանն իր կեցվածքով սադրել է պատերազմ, բերել կորուստներ, հայրենազրկում, Արցախի կորուստ, դրանից հետո՝ միջանցքի հանձնում, ռուսական բազայի դուրսբերում, ՌԴ տնտեսական պատժամիջոցներ և Հայաստանի՝ թուրքական վիլայեթի վերածում» ։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Փաշինյանի հայտարարությունը որակել է որպես «հրեշավոր խոստովանություն» ։ Նա նշել է.

«Գիտակցված զոհողություն»՝ նշանակում է գիտակցված որոշում։ Այսինքն՝ Փաշինյանն, ըստ էության, ընդունում է, որ 2020 թվականի պատերազմը եղել է ոչ թե անխուսափելի ճակատագիր, այլ իր ընտրության արդյունք։ Իսկ եթե դա ընտրություն է եղել, ապա խոսքը արդեն ոչ թե սխալի, այլ քաղաքական պատասխանատվության ծանրագույն դրսևորման մասին է» ։

Սուրենյանցը հատկապես ցինիկ է համարել «զոհողություն» եզրույթի կիրառումը.

«Զոհողությունը ենթադրում է բարձր նպատակ՝ արդարացված արդյունքով։ Սակայն երբ արդյունքը հազարավոր զոհեր են, կորսված տարածքներ և խաթարված անվտանգություն, ապա «զոհողություն» բառը դառնում է քողածածկույթ»։

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը նույնպես անդրադարձել է Փաշինյանի խոստովանությանը՝ նշելով.

«Փաշինյանը հրապարակայնորեն խոստովանել է, որ զիջել է ողջ Արցախը՝ կանխելու այդպիսի ելքը։ Այժմ նա զիջել է երկուսն էլ միասին»։

ՀՀ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածը

ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական դավաճանություն է համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից՝

  • թշնամու կողմն անցնելը,
  • լրտեսությունը,
  • պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հանձնումը օտարերկրյա պետությանը, միջազգային կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին,
  • պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին ծանոթանալու պայմանների ստեղծումը,
  • թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնության ցուցաբերումը։

Այս բոլոր արարքները դիտվում են որպես ուղղված Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ արտաքին անվտանգության դեմ ։ Օրենքը նախատեսում է բացառիկ խիստ պատժամիջոցներ՝ ազատազրկում 15-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։

«Գիտակցված» բառի իրավական նշանակությունը

Իրավաբանական տեսանկյունից «գիտակցված» բառը ուղղակիորեն համապատասխանում է քրեական իրավունքում դիտավորություն հասկացությանը։ Եթե Փաշինյանը գիտակցաբար է գնացել 44-օրյա պատերազմի, գիտակցաբար է հանձնել Արցախը, ապա նա գործել է դիտավորությամբ՝ ի վնաս Հայաստանի ինքնիշխանության և տարածքային անձեռնմխելիության։

Պետական դավաճանության հանցակազմը ձևական է՝ հանցավոր արարքն ավարտված է համարվում արարքներից առնվազն մեկի կատարման պահից՝ անկախ հետևանքներից։ Սա նշանակում է, որ Փաշինյանի հայտարարությունները, որոնք պարունակում են Արցախի հանձնման և 2020 թվականի պատերազմի գիտակցված ընտրության խոստովանություն, կարող են ինքնին դիտարկվել որպես հանցակազմի օբյեկտիվ կողմի դրսևորման ապացույց։

«Թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալու» հատկանիշը

Իրավական մեկնաբանության համաձայն՝ որպես «այլ օգնություն» կարող է բնութագրվել ցանկացած այնպիսի գործողություն, որն այլ պետության համար ստեղծում է ՀՀ արտաքին անվտանգության դեմ ոտնձգելու նպաստավոր պայմաններ։

Փաշինյանի գործողությունները՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչելը, 2020 թվականի պատերազմից հետո տարածքների հանձնումը և 2023 թվականին Արցախի ամբողջական էթնիկ զտումը թույլ տալը, ուղղակիորեն վնասում են Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանը։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, մեկնաբանելով Փաշինյանի դեմ ներկայացված հաղորդումը, նշել է, որ այն պարունակում է երկու հանցագործության տարր՝ դավաճանություն և մարդկության դեմ հանցագործություն ։

Դատաստանը անխուսափելի է

Ամփոփելով վերոնշյալ փաստերի, վկայությունների և իրավական վերլուծության ամբողջությունը՝ պետք է արձանագրել մեկ անհերքելի իրողություն. Նիկոլ Փաշինյանը ոչ թե սխալվել է, ոչ թե ստիպված է եղել, այլ գիտակցաբար, դիտավորությամբ և սեփական նախաձեռնությամբ զոհաբերել է Արցախը, թույլ տվել հազարավոր զինվորների մահը և երկիրը հասցրել տարածքային ու ռազմավարական անդառնալի կորուստների՝ այդ ամենը հետագայում հրապարակայնորեն որակելով որպես «զոհողություն հանուն պետության»։

Դա իրավական լեզվով կոչվում է պետական դավաճանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի ուղղակի իմաստով, իսկ բարոյական լեզվով՝ հայրենիքի դավաճանություն, որի համար ոչ մի ժամկետ չի սպառվում և ոչ մի ներում չի նախատեսվում։

Եվ «Հանրային տրիբունալը» հաստատակամորեն համոզված է, որ այդ օրը գալու է. ոչ թե ինչ-որ անորոշ ապագայում, այլ այն պահին, երբ հայ ժողովուրդը վերջնականապես կազատվի վախի և կախվածության շղթաներից։ Այդ օրը Նիկոլ Փաշինյանը, նրա կառավարության յուրաքանչյուր անդամ, յուրաքանչյուր պատգամավոր, ով քվեարկել է դավաճանական որոշումների օգտին, յուրաքանչյուր պաշտոնյա, ով ստորագրել է Հայրենիքի հանձնման փաստաթղթերը, և յուրաքանչյուր «արտահաստիքային քարոզիչ», ով տարիներ շարունակ արդարացրել է այդ ամենը, կկանգնեն դատարանի առջև՝ ոչ թե որպես «քաղաքական հետապնդվողներ», այլ որպես պետական դավաճաններ, որոնց մեղքն ապացուցված կլինի իրենց իսկ ձայնագրություններով, իրենց իսկ ստորագրություններով և իրենց իսկ խոստովանություններով։ Եվ այդ դատավճիռը լինելու է անշրջելի, անողոք և վերջնական։

Նրանք պետք է պատասխան տան յուրաքանչյուր զոհված զինծառայողի, յուրաքանչյուր բռնի տեղահանված արցախցու և հայրենի հողի յուրաքանչյուր կորսված սանտիմետրի համար։

Դավաճանները անխուսափելիօրեն կկրեն իրենց արժանի պատիժը։