«ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ», «ՀՈՂ ՀԱՆՁՆՈՂԻՆ ՀՈՂԻՆ ԿՀԱՆՁՆԵՆՔ», ԿԱՄ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅԱՆ ԱՆԱՏՈՄԻԱՆ

Ամեն անգամ, երբ խոսք է բացվում 2020 թվականի ազգային աղետի պատճառների մասին, նույն բացատրությունն ենք լսում․ «Հայաստանը պարտվեց, որովհետև չափազանց անզիջում էր»։ Սակայն այս թեզը փաստերի քիչ թե շատ լուրջ քննությանը պարզապես չի դիմանում։ Որովհետև վերջին երեսուն տարիների պատմությունը չափազանց սկզբունքայնության պատմություն չէ։ Սա խոսքի ու գործի, «ոչ մի թիզ հող» հռետորաբանության և իրական քաղաքականության միջև տասնամյակներ շարունակ խորացած ճեղքի պատմությունն է։ Իրական քաղաքականության, որը պետությունը հետևողականորեն վերածում էր մի նեղ շրջանակի համար նախատեսված կերակրատաշտի։

Արթուր Համբարձումյանն իր սոցիալական ցանցերում վերջերս հրապարակած գրառմամբ բացահայտեց այն ներքին խոհանոցը, որը թաքնված է հայրենասիրական բարձրագոչ ճառերի հետևում։ Նա ասաց ամենակարևորը՝ այն դառը սթափությամբ, որը կարող է ունենալ միայն այն մարդը, ով այլևս հրաժարվել է ինքն իրեն խաբելուց։ Մեզ հետ տեղի ունեցած աղետը չափից ավելի սկզբունքայնության հետևանք չէ։ Դա տարիներ շարունակ կառուցված մի հսկայական խաբկանքի օրինաչափ ավարտն է, որի մեջ «ոչ մի թիզ հող» արտահայտությունը աշխարհայացք չէր, և ոչ էլ ազգային գաղափարախոսություն, այլ ընդամենը վարագույր՝ գարշելի իրականությունը քողարկելու համար։

Ինչպես հայտնի է, պատմությունը «եթե»-ներ չի սիրում։ Բայց եթե փորձենք անցած երեք տասնամյակները դիտարկել առանց կեղծ հայրենասիրական պաթոսի և ինքնախաբեության շղարշի, մեր առջև կբացվի մի պատկեր, որն ավելի շատ ողբերգական զավեշտ է, քան հերոսական պատմություն։

Հայաստանի քաղաքական վերնախավը, անկախ կուսակցական պատկանելությունից, մեկ հարցում ապշեցուցիչ միասնություն էր ցուցաբերում․ Արցախի հարցում արտաքին անզիջում կեցվածքը զուգորդվում էր ներքին լիակատար կապիտուլյանտությամբ, որի բուն պատճառը անձնական իշխանության և պետությունը թալանելու միջոցով ձեռք բերած հարստության պահպանման ձգտումն էր։

Մինչ հրապարակներում ու հեռուստատեսային ստուդիաներում հնչում էին սահմանների անսասանության մասին երդումներ, փակ դռների հետևում քննարկվում էր 7 շրջանների հանձնման հարցը և քաղաքական կուլիսներում լուծվում էր բոլորովին այլ խնդիր՝ իշխանությունը պահպանելու և բյուջետային հոսքերը յուրացնելու խնդիրը։

Ըստ էության, մենք ականատես եղանք մի հսկայական խաբեության։

Մինչև 2020 թվականի ողբերգական նոյեմբերը «սկզբունքայնության սյուների» նույն շարքում կանգնած էին և՛ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, և՛ Դաշնակցության գործիչները, և՛ նրանք, ովքեր այսօր իրենց ընդդիմություն են անվանում, և՛ նրանք, ովքեր այսօր իշխանության ղեկին են։

Ստեփա Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Արմեն Աշոտյանը, Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը և այլ քաղաքական, ռազմական և հասարակական գործիչներ՝ նրանք բոլորը նույն թատրոնի դերակատարներն էին։ Թատրոնի, որի ներկայացումը կոչվում էր «Հող հանձնողին հողին կհանձնենք», իսկ բեմադրիչը Սերժ Սարգսյանն էր։ Ստեղծվել էր ինքնիշխանության կեղծ պատրանք, թե Հայաստանը ի զորու է ինքնուրույն որոշելու Արցախի և նրա շուրջ ձևավորված, այսպես կոչված, անվտանգության գոտու ճակատագիրը։

Իսկ ի՞նչ է իրական ինքնիշխանությունը։ Վստահաբար, այն չէ, երբ Նիկոլ Փաշինյանը տեղին ու անտեղի անընդհատ կրկնում է «ինքնիշխանություն» բառը՝ միևնույն ժամանակ հլու-հնազանդ կատարելով Իլհամ Ալիևի ցանկությունները և կուլ տալով Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին նրա հնչեցրած ամեն մի վիրավորանք։

Ինքնիշխանությունը տեսախցիկի առջև գոռգոռալը չէ։ Այն պաթետիկ հայտարարությունները չեն, որոնք աշխարհաքաղաքական առաջին իսկ քամուց փոշու պես ցրվում են։ Ինքնիշխանությունը նախևառաջ տնտեսական ամուր հիմքն է, կայացած ռազմարդյունաբերությունը, այնպիսի բանակը, որտեղ զինվորը ապահովված է ոչ միայն անհրաժեշտ զինամթերքով, այլև վստահ է, որ իր թիկունքը չի վաճառվել։ Ինքնիշխանությունը ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող, միասնական ու կուռ հասարակությունն է՝ ազգային շահերը պաշտպանելու և, անհրաժեշտության դեպքում, ցանկացած թշնամու դեմ պայքարի պատրաստակամությամբ։

Ինքնիշխանությունը պետության՝ հանուն երկրի ու ժողովրդի ապագայի զոհողությունների գնալու պատրաստակամությունն է, ոչ թե սեփական խիղճը հանգստացնելու համար հայրենասիրական ճառեր արտասանելու կարողությունը։ Եվ, վերջապես, ինքնիշխանությունը ազգային էլիտայի գոյությունն է՝ այնպիսի էլիտայի, որի շահերը համընկնում են հայկական ազգային պետության և հայ ժողովրդի շահերի հետ, որն ունակ է ձևակերպելու ազգային գաղափարախոսություն ու ազգային նպատակներ և սեփական օրինակով ցույց տալու այդ նպատակներին հասնելու ճանապարհը։

Սակայն անկախության շրջանում մենք տեսանք ճիշտ հակառակը։

Տարիներ շարունակ պետական հիմքերը կառուցելու և ամրապնդելու փոխարեն տեղի էր ունենում դրանց հետևողական քայքայումը։ Բանակի ոգին բարձրացնելու և նրա մարտունակությունն ամրապնդելու փոխարեն ծաղկում էին զինվորական գրքույկների առևտուրը, գեներալների առանձնատների շինարարությունը։ Հասարակությունը համախմբելու փոխարեն այն հետևողականորեն դեգրադացվում, հիասթափեցվում ու պառակտվում էր։

Անհնար է այս ամենը զուտ կառավարման ձախողում որակել։ Սա հերոսական և հայրենասիրական առասպելներով պատված պետական հանցագործություն էր, որի համար մինչ օրս այդպես էլ պատիժ չի կրել։

Ահա այդ ժամանակաշրջանին բնորոշ մի դրվագ, որը Արթուր Համբարձումյանն իր հրապարակման մեջ ներկայացնում է։

2016 թվականի հուլիսն է։ Սերժ Սարգսյանը մեկնում է Ստեփանակերտ՝ «ընտրյալներին» ներկայացնելու բանակցային գործընթացի մանրամասները, որոնք ենթադրում էին Արցախի շուրջ գտնվող յոթ շրջանների հանձնում։ Իսկ նույն այդ ժամանակ Շուշի են գործուղվում ակտիվիստներ՝ ստորագրելու հանրահայտ Շուշիի հռչակագիրը և աշխարհին ցուցադրելու հայկական հաստատակամությունը՝ «ոչ մի թիզ հող չենք հանձնելու»։

Եվ այս ամենին գրեթե զուգահեռ՝ ՊՊԾ գնդի գրավումն էր, որը, ըստ Արթուր Համբարձումյանի, կազմակերպվել էր ԱԱԾ-ի կողմից։

Այստեղ ամեն ինչ ավելի շատ քաղաքական ֆարսի է նմանվում, քան լուրջ պետական գործընթացի։ Բայց սա սովորական ֆարս չէր․ այն արյունոտ էր, որովհետև այդ կեղծ ներկայացման գինը պետության ճակատագիրն էր։

Այն յոթ շրջանները, որոնք բանակցությունների սեղանին քննարկվում էին որպես հնարավոր զիջումների առարկա, նույն ժամանակ ամրագրվում էին Արցախի Սահմանադրության մեջ, վերանվանվում և ներկայացվում որպես «բնիկ տարածքներ»։ Մենք չենք վիճարկում այդ տարածքների պատմականորեն հայկական լինելու հանգամանքը։ Արձանագրում ենք մեկ այլ իրողություն․ դրանք հայերեն անվանումներով վերանվանելով՝ իշխանություններն իրենց վարած քաղաքականությամբ, ըստ էության, ոչնչացնում էին այդ հողերը հայկական վերահսկողության ներքո պահելու ռազմաքաղաքական ու դիվանագիտական բոլոր հնարավորությունները։

Այսօր, երբ 44-օրյա պատերազմի պարտությունը և Արցախի կորուստը դարձել են իրողություն, երբ ճակատները փլուզվել են, իսկ հույսերը՝ ջախջախվել, նույն այդ ձախողված քաղաքական վերնախավը փորձում է ձևացնել, թե տեղի ունեցածի հետ ինքը որևէ կապ չունի։

Մենք լսում ենք Նիկոլ Փաշինյանի հասցեին մեղադրանքներ։ Իհարկե, մենք արդեն բազմիցս հայտնել ենք մեր դիրքորոշումը, որ Փա՛ինյանը պետական հանցագործ և դավաճան է։ Սակայն գործող վարչապետին որոշ մեղադրողներ մոռանում են, կամ պարզապես ձևացնում են, թե մոռացել են, որ խաղը պարտված էր շատ ավելի վաղ, քան որևէ փաստաթուղթ կստորագրվեր։ Այն պարտված էր այն պահին, երբ որոշեցինք, որ կարելի է պետությունը ներսից անպատիժ թուլացնել՝ արտաքին ճամարտակության ու ցուցադրական անզիջում կեցվածքի հետևում թաքնվելով։ Այն պարտված էր այն պահին, երբ սեփական պատասխանատվությունը քողարկելու նպատակով կեղծ հեղափոխություն բեմադրվեց և սկուտեղի վրա իշխանությունը Սերժ Սարգսյանը փոխանցեց Նիկոլ Փաշինյանին։

Այսօր միակ բանը, որն ի զորու է, եթե ոչ վերադարձնել կորցրածը, ապա գոնե կանխել բարոյական վերջնական անկումը, ԱՐԴԱՐ ԴԱՏԱՍՏԱՆՆ է այն մարդկանց նկատմամբ, ովքեր մեր ժողովրդի և պետության դեմ գործեցին այս հրեշավոր հանցագործությունը։

Դատաստան նրանց նկատմամբ, ովքեր պետական ինստիտուտները վերածեցին սեփական ունեցվածքի։

Դատաստան նրանց նկատմամբ, ովքեր «ոչ մի թիզ» սկզբունքով քողարկվելով միջազգային շուկայում վաճառում էին Հայրենիքը պաշտպանելու հնարավորությունները։