ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ ԽԱԹԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ

«Հայաստանի Հանրապետության համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ»։

Այս խոսքերը, որոնք Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանանդյանը, պարզապես անպատասխանատու քաղաքական գործչի աղաղակող հայտարարություն չէին, այլ Նիկոլ Փաշինյանի վարչակարգի վարած ապազգային քաղաքականության տրամաբանական ավարտը։

Խանանդյանը, ինչպես իր բոլոր կուսակցական «ուսապարկ» ընկերները, հերթական անգամ ցուցադրեց ստրկամիտ հնազանդություն՝ անվերապահորեն կատարելով իր տիրոջ հանցավոր հրահանգները, որոնք ուղղված են հայ ժողովրդի պատմական հիշողության և արժանապատվության դեմ։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը երբեք չի եղել և չէր էլ կարող լինել քաղաքական սակարկությունների առարկա, ինչպես, օրինակ, փորձում է այն ներկայացնել Խանանդյանի կուսակից Արման Եղոյանը։ Սա արտաքին քաղաքականության որևէ «գործիք» չէ, որը կարելի է մի կողմ դնել հանուն տվյալ պահի շահերի։ Սա սրբազան պարտք է մեկուկես միլիոն անմեղ զոհերի, Եղեռնը վերապրածների սերունդների և ողջ հայ սփյուռքի հանդեպ, որը տասնամյակներ շարունակ պայքարել է պատմական արդարության վերականգնման համար։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը սկսվել է Հայաստանի անկախությունից շատ առաջ՝ 1965 թվականին Ուրուգվայի ճանաչմամբ, 1987 թվականի Եվրոպական խորհրդարանի բանաձևերով, տասնյակ երկրների և միջազգային կազմակերպությունների ընդունած որոշումներով։ Անկախ Հայաստանը չի ստեղծել այս օրակարգը․ այն ժառանգել է այն որպես իր ազգային ինքնության մի մաս և պարտավոր էր շարունակել այն։ Իսկ ի՞նչ են անում այսօրվա իշխանությունները։ Նրանք դավաճանում են այդ ժառանգությանը։

«Ուսապարկ»-հաճախորդներ․ մեկ հրաման՝ մեկ ձայն

Խանանդյանի հայտարարությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման «ոչ առաջնահերթ» լինելու մասին ո՛չ պատահական իմպրովիզացիա է, ո՛չ էլ խորհրդարանականի ինքնուրույն մտորումների արդյունք։ Դա այն ամբողջական գաղափարական գծի մի մասն է, որի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է և որն ինքը անվանում է «Իրական Հայաստանի» գաղափարախոսություն։ Այդ հայեցակարգի էությունը, ինչպես այն ներկայացրել է վարչապետը, մարդկանց գիտակցության մեջ «պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան» անցումն է։ Իսկ ի՞նչ է դա նշանակում գործնականում։ Հրաժարում պատմական ժառանգությունից, այն տարածքներից, որոնք կազմել են պատմական Հայաստանը՝ Վանից, Էրզրումից, Սասունից, Մուշից, Անիից, Արարատ լեռից։ Այն տարածքներից, որոնք Հայոց ցեղասպանության արդյունքում դատարկվել են հայերից։

Այս քաղաքականության խորհրդանշական դրսևորումներից մեկը 2025 թվականի նոյեմբերի 1-ից սահմանային կնիքներից Արարատ լեռան պատկերը հանելու որոշումն է։ Արարատը պարզապես լեռ չէ։ Այն զինանշանի խորհրդանիշ է, աստվածաշնչյան կերպար, հիշեցում այն մասին, թե որտեղից ենք մենք եկել։ Բայց իշխանությունները բացատրում են, թե դա արվում է «Իրական Հայաստանի» տրամաբանության շրջանակում։ Եվ մենք պետք է հավատա՞նք, որ սրբազան խորհրդանիշը հանվել է զուտ տեխնիկական նկատառումներից ելնելով։ Թե՞ սա պատմական հիշողությունից ցուցադրական հրաժարում է՝ հարևաններին հաճոյանալու համար։

Բայց գուցե սա եզակի դեպք է՞։ Նայենք նույն Փաշինյանի մյուս հայտարարություններին։ 1988 թվականին սկսված Արցախյան շարժումը նա անվանեց «ճակատագրական սխալ»։ Այնուհետև գնաց էլ ավելի հեռու և հայտարարեց․ այդ հողերը մերը չեն եղել։ Եվ սա ասում է այն հողերի մասին, որտեղ բազմաթիվ հայ զինվորներ են զոհվել, որտեղ տասնամյակներ շարունակ դպրոցներ ու հիվանդանոցներ են կառուցվել, որտեղ հայերն ապրել են հազարամյակներ շարունակ, և որտեղ բառացիորեն յուրաքանչյուր քար աղաղակում է հայկական դարավոր ներկայության մասին։

«Քաղաքացիական պայմանագրի» կառավարման տարիներին մենք բազմիցս համոզվել ենք, որ այս խմբակցության պատգամավորներն ինքնուրույն քաղաքական գործիչներ չեն։ Նրանք անդեմ կատարողներ են, խամաճիկներ, որոնք պատրաստ են քվեարկել ցանկացած բանի օգտին և ասել ցանկացած բան, միայն թե հաճոյանան իրենց առաջնորդին։

Նրանց հնազանդությունը վաղուց անցել է բոլոր սահմանները։ Նրանք պատրաստ են ոտնահարել նախնիների հիշատակը, հրաժարվել ճշմարտության համար դարավոր պայքարից, միայն թե վարչապետի աշխատասենյակից հավանության արժանանան։ Նրանք իրենց պատգամավոր են անվանում, բայց իրականում ընդամենը մեկ մարդու կամքը կատարողներ են, մի մարդու, որն արդեն բազմիցս ապացուցել է, որ Հայաստանի ազգային շահերը հակասում են իր սեփական շահերին։

Դիվանագիտական ճակատի քայքայում

Խանանդյանի հայտարարությունը միջազգային հանրությանը հղված ազդանշան է․ Հայաստանը զիջում է դիրքերը, Հայաստանը հրաժարվում է իր պատմական առաքելությունից։ Եվ սա այն պահին, երբ տասնյակ երկրներ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

Դիվանագիտական ջանքերն ակտիվացնելու, այս հարցն առաջ մղելու համար բոլոր լծակներն օգտագործելու փոխարեն, փոխանակ Արցախում թուրք-ադրբեջանական տանդեմի իրականացրած էթնիկ զտումները միջազգային հանրությանը ներկայացնելու որպես Հայոց ցեղասպանության շարունակություն՝ Փաշինյանի վարչակարգը այն հայտարարում է «ոչ առաջնահերթ»։ Իսկ սա ի՞նչ է, եթե ոչ ազգային շահերի նպատակաուղղված սաբոտաժ։

Եկել է ժամանակը, երբ յուրաքանչյուր հայ պետք է հասկանա․ նրանք, ովքեր ճշմարտության համար պայքարը հայտարարում են «ոչ առաջնահերթ», իշխանություն լինելու իրավունք չունեն։ Նման իշխանությունը չի կարող լեգիտիմ լինել, քանի որ չի արտահայտում հայ ժողովրդի ձգտումները։ Որովհետև մեզ համար, մեր ժողովրդի համար, Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը եղել, կա և լինելու է սրբազան առաջնահերթություն։ Եվ Փաշինյանի ոչ մի խամաճիկ չի կարող մեզ հակառակում համոզել։

Բայց քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը» իշխանության են, ազգային շահերի խաթարումը հետապնդման ենթակա չէ։