«ՈՒՍԱՊԱՐԿԻ» ՎԵՐԵԼՔԸ. ՎԱՀԱԳՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ «ՓԱՌԱՀԵՂ» ՈՒՂԻՆ՝ ՄԻՆՉԵՎ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ԱԹՈՌ
2026 թվականի օգոստոսի 5-ին հայկական պառլամենտարիզմն իր կասկածելի պատմության հերթական էջը շրջեց․ Ազգային ժողովը 62 կողմ ձայնով Վաահն Ալեքսանյանին ընտրեց ԱԺ փոխնախագահ։ Իջևանի 33-ամյա բնակչի համար, ում մեծ քաղաքականություն մտնելու ճանապարհը սկսվել էր ոչ թե օրենսդրական նախաձեռնություններից, այլ ցուցադրական ինքնանվաստացումից, սա կարիերայի գագաթնակետն էր։ Այդ օրը 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցեց 89-ը, և թեև 27-ը դեմ արտահայտվեցին, իշխանական մեծամասնության մեքենան անխափան կերպով ապահովեց անհրաժեշտ արդյունքը։
Այսպես, արաբագետի կրթությամբ, սակայն «իշխանության գլխավոր բարձրախոսի» համբավով մարդը պաշտոնապես հայտնվեց երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության կազմում՝ հասարակությանը կրկին ստիպելով մտածել, թե որտեղ է ավարտվում պետական ծառայությունը և սկսվում մեկ անձի հանդեպ բացարձակ հավատարմությունը։
Ալեքսանյանի քաղաքական էությունը բացահայտվեց մի արտահայտությունից, որը միաժամանակ դարձավ նրա անձնական անեծքն ու կարիերայի տոմսը։ Դեռ 2021-ին նա ի լուր աշխարհի հայտարարեց՝ եթե քվեաթերթիկում կենդանի թեկնածուի փոխարեն լիներ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը, ինքը միևնույն է պատգամավոր կդառնար։ Այս արտահայտությունը նրան անվերադարձ կնքեց որպես իշխանության «ուսապարկ»՝ ինքնուրույն քաղաքական միավորից վերածելով համակարգի լոկ մի աքսեսուարի։ Նրա վերելքն ընթացավ առաջնորդի աչալուրջ հայացքի ներքո. 2022-ի նոյեմբերին, ՔՊ վարչության նիստում, որն անձամբ վարում էր վարչապետը, Վահագնը նշանակվեց վարչության նախագահի տեղակալ։ Պաշտոն, որը նա ընդունեց ծիսական ոգևորությամբ՝ այն անվանելով «մեծագույն պատիվ», ինչը փաստացի դարձավ նրա անվերապահ հնազանդության պայմանագրի պաշտոնական կնիքը։
Նորաթուխ փոխխոսնակի հանրային կենսագրությունը հիշեցնում է հետևողական մանիպուլյացիաների մի իսկական ժամանակագրություն, որոնք ընդդիմախոսները բազմիցս որակել են որպես «բացարձակ սուտ»։ 2021-ի հոկտեմբերին Ալեքսանյանը խորհրդարանի ամբիոնից պատկերավոր նկարագրում էր, թե ինչպես է Գորիսում թեկնածու Առուշ Առուշանյանի հայրը դռնեդուռ ընկած «ծեծում ամեն դուռ»՝ որդու համար ձայներ կորզելով։ Այս հեքիաթը վայրկյանների ընթացքում հերքվեց փաստաբանների կողմից։ Մի քանի տարի անց՝ 2025-ի ապրիլին, նա կրկին բռնվեց իր կեղծիքներում՝ փորձելով խեղաթյուրել Սերժ Սարգսյանի և Ջո Բայդենի հեռախոսազրույցի բովանդակությունը։ Պատմությունը սեփական կամքով խմբագրելու այս փորձը կանխեց Հայկ Մամիջանյանը՝ հրապարակելով ԱՄՆ դեսպանատան դեռ 2010 թվականի պաշտոնական հերքումը։
Ապատեղեկատվության շքերթը շարունակվեց նաև 2025-ի դեկտեմբերին, երբ Ալեքսանյանը Factor.am-ի եթերում թիրախավորեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Փաստաբան Արսեն Բաբայանն այն ժամանակ ուղիղ մատնանշեց՝ պատգամավորը գործում է կեղծ տվյալներով և վկայակոչում մի տեսանյութ, որի իսկությունը որևէ փորձաքննությամբ հաստատված չէ։ Նույնիսկ ԿԸՀ-ի չոր վիճակագրությունը Ալեքսանյանի համար պատնեշ չեղավ. 2026-ին նա պնդում էր, թե «Բարգավաճ Հայաստանը» տեղամասերից մեկում ստացել է ընդամենը 7 ձայն՝ պաշտոնական 22-ի փոխարեն, մինչև որ Իվետա Տոնոյանը ստիպված եղավ հրապարակել կնքված արձանագրությունները։ Իսկ Լևոն Քոչարյանի հասցեին հնչեցրած զրպարտությունը, թե իբր նրա երիտասարդության հարցերը լուծել է ԱԱԾ «Ալֆա» ջոկատը, Քոչարյանը որակեց ոչ միայն սուտ, այլև ծայրահեղ վիրավորական զրպարտություն։
Ալեքսանյանի ֆինանսական դիմանկարը ոչ պակաս ուշագրավ է, քան նրա հռետորաբանությունը։ 2024 թվականին, ունենալով 10,16 մլն դրամի պաշտոնական եկամուտ, նա հաջողացրել է մարել 4,2 մլն դրամի վարկ՝ տարեվերջին հաշվեհամարներին թողնելով ընդամենը 117 հազար դրամ։ Սակայն արդեն 2025-ին, հայտարարագիրը երկու շաբաթ ուշացումով ներկայացնելով, նա ցուցադրեց զարմանալի տնտեսական ճկունություն. վաճառելով իր Kia-ն 3,39 մլն դրամով՝ պատգամավորը ձեռք բերեց 6 միլիոնանոց ամենագնաց, իսկ նրա բանկային մնացորդները հանկարծակի թռան մինչև 4 մլն դրամ։ Այս հաշվապահության առանձնակի «համն ու հոտը» «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ընկերությունից ստացած 31,8 մլն դրամի անտոկոս փոխառությունն է, որի ներկայացուցիչը, ի զարմանս մեզ, հայտնվել էր ՔՊ-ի նվիրատուների ցանկում։
Ամենաաղմկոտ ֆինանսական պատմություններից է Pastinfo.am-ի բացահայտումը, որը ՔՊ հաշվետվություններում գտել էր Ալեքսանյանի կողմից արված 2,5 մլն դրամի նվիրատվություն։ Զավեշտն այն է, որ պատգամավորն իր սեփական հայտարարագրում այս ծախսը «մոռացել էր» նշել, թեև օրենքը պարտադրում է հայտարարագրել 2 միլիոնը գերազանցող ցանկացած գումար։ AntiCor կենտրոնը սրանում տեսավ ոչ թե մոռացկոտություն, այլ այդ փողերի ծագման օրինականության լուրջ կասկածներ։ Եթե հաշվի առնենք, որ ՔՊ-ում հանկարծակի հայտնվել էին բազմաթիվ նմանատիպ՝ հենց 2,5 միլիոնանոց նվիրատվություններ, ապա պատկերը նմանվում է ոչ թե պատահականության, այլ ստվերային ֆինանսավորման հղկված մեխանիզմի։
Փոխխոսնակի բարոյական նկարագիրն ամբողջանում է խորհրդարանական էթիկայից հեռու միջադեպերով։ 2021-ի օգոստոսին նա լեզվական հարձակումից անցավ ֆիզիկականի՝ նիստերի դահլիճում ոտքով հարվածելով ընդդիմադիր պատգամավոր Վահե Հակոբյանին ։ Օրենսդիրի մտավոր հենքն էլ պակաս խարխուլ չէ. ըստ մամուլի հրապարակումների՝ նա հեռացվել է Հայ-ռուսական համալսարանի մագիստրատուրայի երկրորդ կուրսից՝ ակադեմիական պարտքերի պատճառով։ Ճակատագրի հեգնանքով՝ ապագա փոխնախագահը չկարողացավ ստանալ «Սահմանադրական իրավունք, պետության և իրավունքի տեսություն» մասնագիտությունը։
Այսպիսով, Վահագն Ալեքսանյանը բազմեց իր պաշտոնին՝ ուսերին տանելով ապացուցված ստի, ագրեսիայի և ֆինանսական մութ անկյունների ծանր բեռը։ Նրա նշանակումը ոչ թե լոկ հավատարիմ կամակատարի հաղթանակն է, այլ ամբողջ իշխանության հիվանդության ախտանիշը։ Իշխանություն, որը գերադասում է խորհրդարանի նախագահությունում տեսնել ոչ թե պետականակերտ գործչի, այլ անխափան աշխատող «ուսապարկի», որը պատրաստ է հնչեցնել ցանկացած տեքստ և կատարել տիրոջ ցանկացած հրահանգ։ Հայ ժողովուրդը, անկասկած, կտա իր գնահատականը, և այդ վճիռը շատ ավելի ծանր կլինի, քան խորհրդարանական մեծամասնության «կողմ» ձայները։


