ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ»-Ը. ԻՆՉՊԵՍ Է ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲԱՔՎԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ ՀԱՆՁՆՈՒՄ ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանը կանգնած է սահմանադրական բարեփոխումների շեմին։ Այն մասին, որ երկիրը «շուտով» պետք է ընդունի նոր Սահմանադրություն, մենք տեղեկանում ենք ոչ թե Երևանի պաշտոնական հայտարարություններից և ոչ էլ համազգային երկխոսության արդյունքում։ Այս լուրը աշխարհին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնականը՝ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ թուրքական Haber Global հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մոտ ապագայում Հայաստանում կմեկնարկի նոր Սահմանադրության ընդունման գործընթացը։ Հենց այդպիսի ազդակներ ենք մենք ստանում։ Հնարավոր է անցկացվի հանրաքվե։ Հայաստանի Սահմանադրության նախաբանից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող դրույթները հանելուց հետո մենք վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չենք տեսնում»,— ընդգծել է Հիքմեթ Հաջիևը։
Մի պահ մտածեք այս իրավիճակի անհեթեթության մասին․ Ադրբեջանն է հայտարարում ինքնիշխան Հայաստանի ներքաղաքական գործընթացի մեկնարկի ժամկետը։ Իսկ Հայաստանի վարչապետը, որը երդվում է անկախությանն իր հավատարմության մասին, նույնիսկ չի մտածում դա հերքելու։
Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մտավ որպես մի մարդ, ով առաջինը թույլ տվեց, որ երկրի գլխավոր իրավական փաստաթղթի բովանդակությունը քննարկվի ոչ թե խորհրդարանում, այլ թշնամու աշխատասենյակներում։ Բաքուն պայման է առաջադրում․ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվեն Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ նախատեսող դրույթները։ Հաջիևն ընդգծել է. «Այն բանից հետո, երբ այդ տարածքային պահանջները հանվեն Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման համար որևէ խնդիր չի տեսնում»։ Իսկ ի՞նչ է անում Փաշինյանը։ Նա չի վրդովվում, չի փորձում բանակցել, դաշնակիցներ չի փնտրում։ Նա հնազանդորեն գլխով է անում և երկիրը նետում սահմանադրական քաոսի հորձանուտը՝ միայն թե հաճոյանա Բաքվի խանին։
Որտե՞ղ է այստեղ ինքնիշխանությունը։ Որտե՞ղ են այն «ազգային շահերը», որոնց մասին վարչապետն այդքան սիրում է խոսել։ Ինքնիշխանությունը նշանակում է, որ քո օրենքները գրվում են քո սեփական տանը, այլ ոչ թե առաքիչով ուղարկվում Ալիևի վարչակազմից։ Սակայն Փաշինյանը, ըստ երևույթին, այլ դասագիրք է սովորել։ Նրա պատկերացմամբ «անկախությունը» նշանակում է ժամանակին ընկալել ուրիշների վերջնագրերը և անվերապահորեն կատարել դրանք։
Կարելի էր այս ամենը վերագրել անփորձությանը կամ դիվանագիտական ձախողումներին։ Բայց ոչ։ Դրա հիմքում սառը և ցինիկ հաշվարկ է։ Փաշինյանը գիտակցաբար իր երկիրը վերածել է մի պետության, որտեղ երկրի համար ամենաճակատագրական որոշումները կայացվում են Անկարայի և Բաքվի թելադրանքով։ Նա Ազգային ժողովը վերածել է Միլի մեջլիսի մասնաճյուղի։ Հանրաքվեն, որի մասին նա հայտարարում է, իրականում ժողովրդի կամարտահայտություն չէ, այլ ֆարս, կրկես, որտեղ հայ ժողովրդին առաջարկվում է քվեարկել այն տեքստի օգտին, որն արդեն իրենց փոխարեն հաստատվել է Բաքվում։
Սա ազգային շահերի բացահայտ դավաճանություն է։ Փաշինյանը մահվան դատավճիռ է ստորագրում հայկական պետական ինքնության մնացորդների համար։
Եվ ամենից վիրավորականը հայ ժողովրդի համար այն կեղծավորությունն է, որով այս ամբողջ խարդախությունը փաթեթավորվում է «խաղաղության» և «նոր դարաշրջանի» մասին գեղեցիկ արտահայտություններով։ Մեզ կրկին փորձում են համոզել, թե կատարվողը Երևանի «պատմական ընտրությունն» է։ Բայց պատմական ընտրությունը կատարվում է ազգային առաջնահերթություններից ելնելով, ոչ թե հարևան երկրի մայրաքաղաքում հորինված «վերջին խոչընդոտը» վերացնելու համար ։
Փաշինյանը ցեխի մեջ տրորեց «ինքնիշխանություն» հասկացությունը։ Նա այդ բառը վերածեց դատարկ հնչյունի։ Եթե պարոն վարչապետն արդեն որոշել է խաղալ ենթակայի դեր, ապա գոնե թող քաջություն ունենա ժողովրդին ճշմարտությունն ասելու. «Մենք փոխում ենք մեր Սահմանադրությունը ոչ թե ձեզ համար, այլ նրանց։ Որովհետև նրանք մեզ խնդրել են»։
Սակայն նա դա չի ասի։ Որովհետև վախկոտը երբեք չի խոստովանի, որ պետականությունը փոխանակել է բաքվի խավիարի և եվրոպացի պաշտոնյաների հավանության հետ։ Քանի դեռ Փաշինյանը իշխանության է, Հայաստանը չի լինելու անկախ քաղաքականություն վարող պետություն, այլ տարածք, որի ճակատագիրը կորոշի ով ասես, միայն ոչ հայ ժողովուրդը։ Եվ սա ոչ թե «խաղաղության գործընթաց» է, այլ կապիտուլյացիա, որը փաթեթավորված է Փաշինյանի պոպուլիզմով և ստով։ Ինչը իրականում կոչվում է ազգի քաղաքական ինքնասպանություն։


