ԴԻՎԱՅԻՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ․ ԲԱՔՎԻ ՓԱԴԻՇԱՀԸ, ԲԵՌԼԻՆԻ ԿԱՆՑԼԵՐԸ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԾԱՂՐԱԾՈՒՆ
Բեռլինում խաղարկվեց մի տեսարան, որն առաջին հայացքից սովորական դիվանագիտական միջոցառում էր հիշեցնում։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ մամուլի ասուլիսը ոչնչով չէր կանխատեսում սենսացիաներ, քանի դեռ լրագրողներից մեկը չհիշեցրեց բրիտանական Times-ի հրապարակման մասին, որտեղ հաղորդվում էր հուլիսի 12–14-ը Բաքվի Four Seasons հյուրանոցում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների մասնավոր բանակցությունների մասին՝ նվիրված ուկրաինական կարգավորմանը։ Հենց դրանից հետո դիվանագիտական ցուցափեղկը ճաք տվեց։
Եվ այստեղ տեղի ունեցավ այն, ինչ «Московский комсомольец»-ն անվանեց «բեռլինյան գամբիտ»։ Մերցը, ինչպես և վայել է զգույշ եվրոպացուն, նախընտրեց ձևացնել, թե նման բան տեղի չի ունեցել։ Ալիևը, ընդհակառակը, անսպասելիորեն հաստատեց հանդիպման փաստը։ Եվ նույնիսկ ավելին՝ նա հայտնեց, որ այդ մասին իմացել է բացառապես ադրբեջանցի սահմանապահների շնորհիվ, քանի որ ո'չ Բեռլինը, ո'չ Մոսկվան անհրաժեշտ չեն համարել տեղեկացնել Բաքվին։ Ընդ որում, նա, իհարկե, ընդգծեց, որ «այլևս ոչինչ չգիտի»։ Ահա այսպիսի հեզություն։ Ահա այսպիսի իրազեկ անիրազեկություն։
Խորամանկ քայլ է, խոսք չկա։ Ալիևը, լինելով հավակնոտ մարդ, վաղուց է սովորել ցանկացած միջազգային հարթակ ծառայեցնել սեփական քաղաքականությանը։ Նա Եվրոպային ցույց է տալիս. «Նայե՛ք, ես կարող եմ լինել միջնորդ, կարող եմ տարածք տրամադրել։ Ես կարևոր դեմք եմ։ Առանց ինձ՝ ոչ մի տեղ»։
Բեռլին կատարած այցը Իլհամ Ալիևը վերածեց Ադրբեջանի՝ որպես Եվրոպայի նոր էներգետիկ կենտրոնի աղմկոտ շնորհանդեսի։ Հիմնական թեզը, որ նա հնչեցրեց կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ասուլիսում, պարզ էր և հավակնոտ. Ռուսաստանն այլևս ունակ չէ եվրոպացի գործընկերներին ապահովել նավթով ու գազով, և Բաքուն պատրաստ է ստանձնել այդ դերը։
Սա նա հիմնավորում էր, իհարկե, ոչ թե սեփական ամբիցիաներով, այլ, իր տեսանկյունից, օբյեկտիվ հանգամանքներով։ «Ռուսական էներգետիկ ենթակառուցվածքը քայքայվում է և հանվում է շահագործումից։ Ռուսաստանն այլևս ի վիճակի չէ իր բոլոր ավանդական գործընկերներին մատակարարել բավարար քանակությամբ գազ և նավթ», — հայտարարեց Ալիևը՝ վկայակոչելով ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո ռուսական նավթավերամշակման գործարանների շարքից դուրս գալը։
«Московский комсомолец»-ի հետ զրույցում ԱՊՀ երկրների ինստիտուտի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ադրբեջանական գազի ծավալը, որն այդքան գովազդում է Ալիևը՝ 1.5 միլիարդ խորանարդ մետր, ռուսական 40 միլիարդի ֆոնին «գրեթե ոչինչ է»։ Կարևորը իմիջն է։ Եվ Ալիևն այն ստեղծում է նախանձելի հաստատակամությամբ։ Բրյուսելում, Մոսկվայում՝ ամենուր, նա ցանկանում է երևալ ինքնուրույն ուժի կենտրոն, աշխարհաքաղաքական մեծ խաղացող։ Նա խաղում է միանգամից մի քանի խաղատախտակների վրա, բայց ոչ թե շախմատ, այլ քաղաքական պոկեր։ Եվ, ինչպես միշտ նման մոլախաղերում, ամեն ինչ չէ, որ հաշվարկված է։
Բեռլինում ծափահարությունները դեռ չէին լռել, ավելի ճիշտ՝ անցել էր ընդամենը մի քանի ժամ, երբ կանցլեր Մերցը զանգահարում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կորնելիուսը հայտնեց, որ կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի հետագա առաջխաղացումը, տարածաշրջանային կայունությունը և Երևանի հարաբերությունների զարգացումը Եվրոպական միության հետ։
Այս իրադարձությունների հաջորդականությունը չափազանց ցուցադրական էր՝ այն սովորական զուգադիպություն համարելու համար։ Ալիևի հետ զրույցից հետո Բեռլինը գրեթե անմիջապես ճշգրտեց դիրքորոշումները Փաշինյանի հետ, և դժվար չէ կռահել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման եվրոպական գլխավոր դրդապատճառներից մեկը Սյունիքով անցնող միջանցքն է և ապագա տրանսպորտային հաղորդակցությունները, որոնցով Ադրբեջանը ծրագրում է իր էներգետիկ հոսքերը դուրս բերել եվրոպական շուկաներ։
Այս իրադարձությունների հաջորդականությունը չափազանց ցուցադրական էր՝ այն սովորական զուգադիպություն համարելու համար։ Ալիևի հետ զրույցից հետո Բեռլինը գրեթե անմիջապես ճշգրտեց դիրքորոշումները Փաշինյանի հետ, և դժվար չէ կռահել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման եվրոպական գլխավոր դրդապատճառներից մեկը Սյունիքով անցնող միջանցքն է և ապագա տրանսպորտային հաղորդակցությունները, որոնցով Ադրբեջանը ծրագրում է իր էներգետիկ հոսքերը դուրս բերել եվրոպական շուկաներ։
Իրականությունը բոլորովին այլ ստացվեց։ Հայաստանը քայլ առ քայլ կորցնում է սեփական դիրքերը՝ զիջելով գրեթե բոլոր ուղղություններով, իսկ նրա վարչապետը շարունակում է յուրաքանչյուր նոր զիջում ներկայացնել որպես դիվանագիտական հաջողություն։
Պատմությունն արդեն տվել է իր գնահատականն այն մարդուն, որը դեռ 2019 թվականին Ստեփանակերտի բեմից բարձրաձայն հայտարարում էր. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Անցավ ընդամենը մի քանի տարի, և նույն քաղաքական գործիչը ղարաբաղյան շարժումն անվանեց ճակատագրական սխալ, իսկ այն տարածքները, որոնց համար տասնամյակներ շարունակ արյուն են թափել հայ զինվորները, փաստացի հայտարարեց օտար։ Նման փոխակերպումները պատահական տեղի չեն ունենում։ Դրանք դառնում են գիտակցված քաղաքականության արդյունք, որը երկիրը հասցրեց մեր ժամանակի երկու խոշորագույն ազգային ողբերգությունների՝ 44-օրյա պատերազմին և Արցախի վերջնական կորստին։
Բանակցային գործընթացը տապալվեց։ Ադրբեջանը ուժ կիրառելու հնարավորություն ստացավ։ Պատերազմը դադարեցնելու առաջարկները, որոնք կային դեռևս 2020 թվականի հոկտեմբերին և թույլ էին տալիս խուսափել անհամեմատ ավելի ծանր հետևանքներից, մերժվեցին։ Ավելի ուշ Փաշինյանն ինքը խոստովանեց, որ չի համարձակվել կանգնեցնել պատերազմը՝ վախենալով դավաճանության մեղադրանքներից։ Արդյունքը դաժան եղավ․ հազարավոր զոհեր, հազարավոր խեղված ճակատագրեր, Արցախի հայ բնակչության լիակատար հայրենազրկում, հանրապետության նախկին ղեկավարները Բաքվի բանտերում, իսկ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած մարդը շարունակում է դատողություններ անել խաղաղության և պետականաշինության մասին։
Ոչ պակաս կործանարար եղան կառավարության գործողությունները ռուսական ուղղությամբ։ Փաշինյանը հսկայական քաղաքական ռեսուրսներ ներդրեց Եվրոպական միության հետ ցուցադրական մերձեցման մեջ, Երևանում կազմակերպեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, ԵՄ-ն մշտապես անվանում է Հայաստանի գլխավոր գործընկերներից մեկը և միևնույն ժամանակ հետևողականորեն քանդում է վստահությունը Մոսկվայի հետ։
Սակայն ակնկալվող արդյունքը այս ռազմավարությունը չբերեց։ Արևմուտքը Հայաստանին չտրամադրեց անվտանգության ոչ մի իրական երաշխիք, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները լրջորեն խաթարվեցին։ Եկատերինբուրգում կայացած վերջին բանակցությունները միայն հաստատեցին ճգնաժամի խորությունը։ Գործնական պայմանավորվածությունների հասնել չհաջողվեց։ Ռուսաստան հայկական արտադրանքի մատակարարումների սահմանափակումները պահպանվում են։ Ռուսական կողմը բացահայտ հիշեցնում է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը համատեղել Եվրոպական միությանն անդամակցելու ուղղվածության հետ անհնար է, և Երևանը ստիպված կլինի կողմնորոշվել։
Չնայած սրան՝ Փաշինյանը շարունակում է բոլորին համոզել, թե Հայաստանը միաժամանակ կմնա եվրասիական տարածքում և կշարժվի դեպի եվրոպական ինտեգրում։ Մշտական մանևրելու քաղաքականությունը դադարել է որևէ դիվիդենտ բերել և բացառապես կորուստներ է բերում հենց Հայաստանի համար։
Այս ամենի հետևանքը.
Առաջին․Հայաստանը կորցնում է անվտանգությունը։ Արցախի կորուստը և հայկական պետականության թուլացումը Փաշինյանի` իշխանության ղեկին գտնվելու գլխավոր հետևանքներն են։ Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը դե-ֆակտո քանդված է։ Անվտանգության արևմտյան երաշխիքները, որոնք խոստանում էր Փաշինյանը, մնացին խոստումներ։ Հայաստանը մնում է մեն-մենակ Ադրբեջանի և Թուրքիայի առջև։
Հայաստանը կորցնում է տնտեսությունը։ Արտահանման ճնշող մասը՝ դեպի Ռուսաստան էր ուղվված։ Ռուսական գազը չորս անգամ էժան է եվրոպականից։ Դրամական փոխանցումների երկու երրորդը՝ Ռուսաստանից։ Փաշինյանը կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է հայկական տնտեսությունը։ Արդյունքը՝ առևտրային սահմանափակումներ, շուկաների կորուստ, իսկ ապագայում՝ սնանկացումներ, գործազրկություն, գնողունակության անկում, սոցիալական լարվածության աճ և արտագաղթ։
Երրորդ․ Հայաստանը կորցնում է ապագան։ TRIPP նախագիծը իր ներկայիս տեսքով չի պարունակում Հայաստանի համար և ոչ մի երաշխիք։ Հայաստանը դառնում է պարզապես տարանցիկ միջանցք։ Ոչ մի օգուտ․ միայն ռիսկեր։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը չի պահանջում հայ ռազմագերիների ազատ արձակում։ Արցախում հայկական քրիստոնեական ժառանգությունը մնում է առանց պաշտպանության։
Վերջաբան
Բեռլինում Ալիևն ու Մերցը խաղում էին իրենց խաղերը։ Եկատերինբուրգում Փաշինյանը նվաստացած զիջումներ էր հայցում Ռուսաստանից և չստացավ ոչինչ։ Սյունիքում միջանցք է պատրաստվում ադրբեջանական գազի համար։ Բաքվում բանտերում նստած են արցախցի հերոսները։ Երևանում Փաշինյանը շարունակում է խոսել «եվրոպական ընտրության» և «նոր Հայաստանի» մասին։ Բայց Հայաստան այլևս չկա։ Կա աշխարհագրական տարածք, որտեղ բնակվում են հայեր։ Կա վարչապետ, որը հանձնեց մեր երկիրը։ Կա ապագա, որը չի լինելու։ Եվ քանի դեռ Ալիևի «բեռլինյան գամբիտը» քննարկում են համաշխարհային ԶԼՄ-ները, հայ ժողովուրդը լռելյայն հետևում է, թե ինչպես է իր պատմական հայրենիքը վերածվում պոլիգոնի՝ օտարի փորձարկումների համար։
Պետք չէ սփոփվել խոսակցություններով, թե պատմությունն ինքը ամեն ինչ իր տեղը կդնի։ Պատմությունը ոչ ոքի չի դատում։ Այն միայն արձանագրում է հաղթողներին և պարտվածներին։ Արդարությունն ինքնին գոյություն չունի։ Այն երկնքից չի թափվում, միջազգային կազմակերպությունների որոշմամբ չի գալիս և քաղաքական գործիչների գեղեցիկ ճառերից չի ծնվում։ Դրան հասնում են։ Դրա համար վճարում են։ Պատահում է՝ չափազանց բարձր գնով։
Յուրաքանչյուր ժողովրդի մոտ գալիս է մի պահ, երբ ստիպված է լինում ընտրել՝ լինել սեփական պատմության տերը, թե ընդմիշտ դառնալ ուրիշի պատմության կցորդը։ Այդպիսի պահ է այսօր ապրում Հայաստանը։ Եվ թե ինչպիսին կլինի նրա պատմության հաջորդ գլուխը, կախված է արդեն ոչ թե Բեռլինից, ոչ թե Բաքվից և ոչ էլ Բրյուսելից։ Այն կախված է հենց իրենցից՝ հայերից։


