ՇՈՒՇԻ-2026. ԻՆՉՊԵՍ ԱԼԻԵՎԸ ՓԼՈՒԶԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԱՌԱՍՊԵԼԸ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ։

Առաջին հայացքից Շուշիի գլոբալ մեդիաֆորումը սկզբունքորեն նոր ոչինչ չէր պարունակում։ Իլհամ Ալիևը խոսում էր խաղաղության, տրանսպորտային երթուղիների, նոր աշխարհաքաղաքական իրողությունների և տարածաշրջանի հեռանկարների մասին։ Նման հայտարարություններ նախկինում ևս հնչել էին։ Սակայն հենց Շուշիում առավելագույն անկեղծությամբ ձևակերպվեց այսօրվա Ադրբեջանի քաղաքական փիլիսոփայությունը։ Ավելին՝ հենց այնտեղ հնչեց Նիկոլ Փաշինյանի Արցախի հարցում քաղաքականության ամենաանողոք դատավճիռը։

Վերջին տարիներին Փաշինյանը հայ հասարակությանը ներշնչում էր մի պարզունակ սուտ. իբր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը խաղաղության հասնելու համար վճարվող անհրաժեշտ գինն էր։ Իբր Արցախի համար պայքարից հրաժարվելը նրա բնակչության անվտանգության նախապայմանն էր։ Հայաստանի իշխանությունները մեզ համոզում էին, որ նախկին դիրքորոշումներից հրաժարվելը ճանապարհ կբացի անվտանգության, բարիդրացիության և արցախահայության իրավունքների պաշտպանության համար։ Հենց այդ տրամաբանությամբ էին արդարացվում Պրահայի պայմանավորվածությունները, հետագա զիջումները և նախկին բանակցային ամբողջ համակարգի ապամոնտաժումը։

Սակայն այսօր իրականությունն այլ տեսք ունի։ Այն խաղաղությունը, որի մասին խոսում է Ալիևը, չի եկել երկու ժողովուրդների միջև փոխզիջման արդյունքում, այլ հաստատվել է Արցախում հայկական ներկայության վերացումից հետո։ Այն խաղաղությունը, որի մասին խոսում է Բաքուն, հաստատվել է միայն այն բանից հետո, երբ ինքնորոշման հարցը վերջնականապես դուրս է բերվել միջազգային օրակարգից։ Այն խաղաղությունը, որի մասին խոսում է Ադրբեջանը, չի ենթադրում ո՛չ կարգավիճակ, ո՛չ միջազգային պաշտպանության մեխանիզմներ, ո՛չ էլ նույնիսկ այն սուբյեկտի գոյությունը, որի իրավունքները դեռ ոչ վաղ անցյալում խոստանում էին երաշխավորել։

Եվ սա, թերևս, վերջին տարիներին Փաշինյանի ներկայացրած ամբողջ հիմնավորման ամենադաժան պատասխանն է։ Եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն անհրաժեշտ էր Արցախի հայության պաշտպանության համար, ապա որտե՞ղ են այսօր արցախցիները։ Եթե զիջումները պետք է հանգեցնեին փոխզիջման, ապա ինչո՞ւ են Շուշիում խոսում բացառապես հաղթանակի մասին։ Եթե Փաշինյանի քաղաքականությունն Արցախի փրկության քաղաքականություն էր, ապա ինչո՞ւ նույնիսկ պաշտոնական Բաքուն այն դիտարկում է բացառապես սեփական նպատակների իրագործման գործիք։

Սակայն անգամ սա չէր Հայաստանի ղեկավարի համար ամենատհաճը։

Անսպասելիորեն Փաշինյանի ստերի դեմ ամենաանհարմար վկան հենց Իլհամ Ալիևն է դարձել։

Ադրբեջանի առաջնորդը խոստովանեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, երկար տարիներ առաջ են մղել կարգավորման մի տարբերակ, որը Բաքուն ամենևին էլ իրեն ձեռնտու չէր համարում։ Խոսքը վերաբերում էր առաջին փուլում հինգ շրջանների վերադարձին, մինչդեռ Լաչինի և Քելբաջարի շրջանների ճակատագիրը պետք է որոշվեր ավելի ուշ՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի քննարկման հետ զուգահեռ։ Ավելին, կարգավորման տարբեր նախագծեր նախատեսում էին նաև հետագա կամարտահայտություն Ղարաբաղի կարգավիճակի հարցով։

Ստացվում է բավական հետաքրքիր պատկեր։ Այսօր Փաշինյանը հայ հասարակությանը պատմում է, թե իրեն արդեն իսկ պարտված խաղ է բաժին հասել։ Իսկ Ալիևը փաստացի ընդունում է, որ խաղը շարունակվում էր, և որ Ադրբեջանը ստիպված էր բանակցել այն հարցերի շուրջ, որոնք այսօր նույնիսկ այլևս չեն քննարկվում։ Մինչև 2020 թվականը գոյություն ուներ բանակցությունների առարկա։ Գոյություն ուներ կարգավիճակի հարցը։ Գոյություն ուներ Լաչինի միջանցքի հարցը։ Գոյություն ունեին կարգավորման միջազգային մեխանիզմներ։ Գոյություն ունեին տարբերակներ, որոնք Բաքուն չափազանց շահավետ էր համարում հայկական կողմի համար։

Պարադոքսալ է, սակայն այսօր Ադրբեջանի նախագահն է իր հայտարարություններով կազմաքանդում Հայաստանի իշխանության գլխավոր քաղաքական առասպելներից մեկը։ Քանի որ, եթե հավատանք հենց Ալիևի խոսքերին, միջազգային հանրությունն ամենևին էլ Հայաստանին չէր ստիպում հրաժարվել Արցախից։ Ընդհակառակը՝ տարիներ շարունակ միջնորդները փորձում էին գտնել այնպիսի բանաձև, որի դեպքում տարածքների վերադարձը կզուգակցվեր Արցախի կարգավիճակի հետագա որոշմամբ։ Եվ հենց այդ բանակցային իրականությունն է անհետացել վերջին տարիներին։

Սակայն Արցախը ֆորումի միակ թեման չէր։

Ոչ պակաս ուշագրավ էին Մոսկվային հասցեագրված ազդակները։ Ընդ որում, հենց այս հատվածում Շուշիի ֆորումը ժամանակ առ ժամանակ շատ ավելի անկեղծ էր թվում, քան վերջին ամիսների բազմաթիվ պաշտոնական դիվանագիտական հայտարարություններ։ Հատկապես հետաքրքիր էր հետևել, թե ինչպես է պաշտոնական Բաքուն միաժամանակ խոսում Ռուսաստանի հետ հարաբերություններում ճգնաժամի հաղթահարման մասին և նույն պահին իրեն թույլ տալիս բավական թափանցիկ քաղաքական խայթոցներ հասցնել իր «ռազմավարական գործընկերոջը»։

Մոսկվայի համար ամենազգայուն դրվագը դարձավ Ալիևի պատասխանը ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի հարցին։ Ադրբեջանի նախագահը փաստացի խորհուրդ տվեց Ուկրաինային երբեք չհաշտվել տարածքների կորստի հետ և հավատարիմ մնալ իր դիրքորոշմանը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի իրավիճակն իր օգտին փոխելու համար։

Քաղաքականությունից հեռու մարդու համար նման խոսքերը կարող են թվալ միջազգային իրավունքի վերաբերյալ վերացական դատողություններ։ Սակայն շարունակվող ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում դրանք բոլորովին այլ կերպ են ընկալվում։ Ավելին, Ալիևը ուկրաինացիներին առաջարկեց օգտվել հենց ադրբեջանական փորձից՝ չճանաչել ստեղծված ստատուս քվոն, սպասել բարենպաստ պահի և հասնել իրավիճակի վերանայման այն ժամանակ, երբ հանգամանքները նպաստավոր լինեն։

Հետաքրքիր էր նաև Միխայիլ Գուսմանի հետ կապված դրվագը։ Ռուսաստանի պետական ՏԱՍՍ գործակալության բազմամյա ղեկավարներից մեկը հայտարարեց, որ իր գրեթե քառասունամյա գործունեությունը յուրատեսակ գործուղում էր եղել, և որ այժմ ինքը վերջապես վերադարձել է հայրենիք՝ նրան շարունակելու ծառայել։

Ինքնին այս հայտարարությունը բավական խորհրդանշական էր։ Սակայն ավելի հետաքրքիր էր համատեքստը։ Ալիևը փաստացի չէր էլ թաքցնում այն նշանակությունը, որ Գուսմանը ունեցել է ադրբեջանական դիրքորոշման առաջմղման գործում 44-օրյա պատերազմի ընթացքում ։ Նա դա անվանեց «տեղեկատվական շրջափակման ճեղքում»։

Ֆորումի ողջ մթնոլորտը վկայում էր այն մասին, որ Բաքուն այլևս անհրաժեշտություն չի զգում Մոսկվային նայել այն աչքերով, ինչպես դա անում էր դեռ մի քանի տարի առաջ։ Ռուս-ադրբեջանական ճգնաժամի հաղթահարման մասին խոսակցությունների ֆոնին Ալիևն իրեն թույլ էր տալիս կատակներ, որոնք հազիվ թե հավանության արժանանան Մոսկվայում։ Ընդ որում, խոսքը կոպիտ հարձակումների մասին չէր, այլ շատ ավելի ցավոտ երևույթի՝ սեփական գերազանցության ցուցադրական զգացողության։ Ադրբեջանի նախագահն իրեն թույլ էր տալիս հեգնել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այս կամ այն հարց տված լրագրողի համար՝ տուն վերադառնալուց հետո։ Դահլիճը ծիծաղում էր։ Ալիևը նույնպես։ Չծիծաղել, կարծես, մնում էր միայն նրանց, ում այդ կատակն անմիջականորեն վերաբերում էր։

Առավել խոսուն է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը։ Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները երկար ժամանակ փորձում էին հասարակությանը համոզել, թե խոսքը միայն տրանսպորտային հաղորդակցությունների և փոխշահավետ տնտեսության մասին է։ Սակայն Շուշիում Ալիևը կրկին օգտագործում է «Զանգեզուրի միջանցք» եզրույթը և բացահայտ ընդգծում դրա անհրաժեշտությունը։ Ստացվում է, որ Բաքուն շարունակում է խոսել այն բանի մասին, որն, իբր, Երևանում գոյություն չունի։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի Դոնալդ Թրամփին հասցեագրված գրեթե ցուցադրական գովասանքը։ Ալիևը փաստացի ամերիկյան նախագահին ներկայացրեց որպես նոր տարածաշրջանային իրականության ճարտարապետ։ Եվ դա պատահական չէ։ Հենց Թրամփի անվան հետ է կապվում TRIPP նախագիծը, որը պետք է Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ ստեղծի Հայաստանի տարածքով՝ միաժամանակ տարածաշրջանում ամրապնդելով աննախադեպ ամերիկյան ներկայություն։ Եթե նախկինում Հարավային Կովկասը համարվում էր Ռուսաստանի առանձնահատուկ շահերի գոտի, ապա այսօր Շուշիում շնորհակալության խոսքեր են հնչում Վաշինգտոնի հասցեին։

Ստացվում է բավական հետաքրքիր պատկեր։ Բաքուն շարունակում է հավաստիացնել Մոսկվային իր բարեկամության և ռազմավարական գործընկերության մասին, սակայն միաժամանակ ողջունում է այն նախագծերը, որոնք Արևմուտքում բացահայտ դիտարկվում են որպես ռուսական ազդեցությունը թուլացնելու գործիք։

Շուշիի ֆորումում Ալիևն իրեն պահում էր հաղթողի պես։ Ընդ որում, այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ իր պատկերացմամբ նա հաղթել է ոչ միայն Հայաստանին։ Նրա պատասխաններում, խոսքի երանգներում և ցուցադրական ինքնավստահության մեջ զգացվում էր համոզվածություն, որ Ադրբեջանը կարողացել է օգտվել ոչ միայն Երևանի թուլությունից, այլև Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի ակնհայտ թուլացումից։ Այստեղից էլ՝ Մոսկվայի հասցեին հնչող խայթոցները, Ուկրաինային տրվող միանշանակ խորհուրդները՝ երբեք չհաշտվել տարածքների կորստի հետ, Միխայիլ Գուսմանի հետ կապված ցուցադրական պատմությունը և նոր տարածաշրջանային իրականությունը բացառապես ադրբեջանական քաղաքական կամքի արդյունք ներկայացնելու ձգտումը։

Այսօր Ալիևն ակնհայտորեն փորձում է իր վրա հագցնել մեծ խանի թիկնոցը՝ կարծելով, թե պատմությունն արդեն կայացրել է վերջնական դատավճիռժ և որոշել հաղթողներին։ Սակայն Հարավային Կովկասում Մեծ խաղը չի ավարտվել. ավելի շուտ այն մտնում է նոր փուլ։ Այստեղ շարունակում են հատվել Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի և ուժային այլ կենտրոնների շահերը, ուստի ցանկացած հաղթանակ մնում է հարաբերական այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել խաղը։ Իսկ խաղը, ըստ ամենայնի, կավարտվի այն ժամանակ, երբ ձեռք բերվի նոր աշխարհակարգի շուրջ համաձայնություն։ Ավելին, Բաքուն ավելի ու ավելի ակտիվորեն հավակնում է մի դերակատարության, որն անխուսափելիորեն շոշափում է երկու տարածաշրջանային տերությունների՝ Ռուսաստանի և Իրանի շահերը։ Իսկ դա արդեն պատասխանատվության բոլորովին այլ մակարդակ է և բոլորովին այլ ռիսկեր։ Ուստի ամենևին էլ փաստ չէ, որ Ադրբեջանի ներկայիս հաղթարշավը հավերժական կլինի, և որ մի քանի տարի անց տարածաշրջանի քաղաքական քարտեզը նույն տեսքը կունենա, ինչ այսօր։

Շուշիի ֆորումի արդյունքներով կարելի է անել ևս մեկ եզրակացություն, որն առնչվում է ոչ այնքան Ադրբեջանին, որքան Հայաստանին։ Ֆորումը ակնառու կերպով ցույց տվեց, թե որքան ոչ համոզիչ են թվում հայկական իշխանությունների բազմաթիվ բացատրություններն այն մասին, թե ինչպես և ինչու կորսվեց Արցախը։ Եվ որքան հաճախ է Ալիևը մանրամասն խոսում նախկին բանակցային գործընթացի, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկների, Ղարաբաղի կարգավիճակի, Լաչինի և Քելբաջարի շուրջ քննարկումների մասին, այնքան ավելի ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինյանի այն վարկածի կեղծ լինելը, ըստ որի՝ ամեն ինչ կորսված էր դեռևս 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» առաջ։