«ՄԵԿ ՏԱՐԻ ՄԻՆՉԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ». Ի՞ՆՉ ԵՆ ԹԱՔՑՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ
Երբեմն իշխանությունն անզուշորեն ինքն իրեն մատնում է։ Ոչ թե այն պատճառով, որ պատահաբար պետական գաղտնիք է բացահայտում, այլ որովհետև, փորձելով հանգստացնել հասարակությանը, ակամայից բարձրաձայնում է այն, ինչի մասին սովորաբար ընդունված է լռել։
Հենց դա տեղի ունեցավ կառավարության վերջին նիստում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական արտադրողներն ունեն մոտ մեկ տարի ժամանակ՝ նոր շուկաներ գտնելու և առաջիկա պայմաններին հարմարվելու համար։ Խոսքը հնչեց հանգիստ, առօրեական տոնով, կարծես խոսքը գյուղական ճանապարհի վերանորոգման կամ փաթեթավորման նյութերի մատակարարի փոփոխության մասին լիներ։
Սակայն այստեղ կարևոր մի հարց է առաջանում։
ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ՄԵԿ ՏԱՐԻ։
Ոչ երկու, ոչ հինգ, այլ հենց մեկ տարի։
Երբ երկրի ղեկավարը նման ճշգրիտ ժամկետ է նշում, դժվար է չմտածել, որ նա կամ սպասվող զարգացումների մասին շատ ավելին գիտի, քան պատրաստ է հրապարակայնորեն ասել, կամ արդեն հաշտվել է իր քաղաքականության հետևանքների հետ և այժմ փորձում է հասարակությանը նախապատրաստել դրանց։
Հարկ չկա հայկական արտադրողին բացատրել նոր շուկաներ որոնելու անհրաժեշտությունը։ Ցանկացած գործարար շահագրգռված է վաճառքի աշխարհագրությունն ընդլայնելու մեջ։
Հետևաբար խոսքը նոր հնարավորությունների մասին չէ։ Խոսքը հնարավոր կորուստների մասին է։
Պատահական չէ, որ «Գոլոս Արմենիի» թերթն ուշադրություն է հրավիրել հենց այս հանգամանքի վրա՝ վարչապետի հայտարարությունը կապելով Հայաստանի, Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության միջև հարաբերությունների շարունակական սառնության հետ։
Սակայն խնդիրը միայն տնտեսությունը չէ։
Խնդիրն այն է, որ այսօրվա տնտեսական ռիսկերը պատահական չեն։ Դրանք ութ տարի շարունակ իրականացվող քաղաքականության տրամաբանական հետևանքներն են։
Հենց այդ պատճառով մտահոգիչը նոր շուկաներ գտնելու գաղափարը չէ։ Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունն արդեն ներքուստ հաշտվել է սեփական քաղաքականության հետևանքների հետ և այժմ փորձում է նույն մտքին ընտելացնել նաև հասարակությանը։
Սակայն առավել ուշագրավն այն է, որ իշխանությունն այսօր այլևս չի սահմանափակվում միայն քարոզչությամբ։
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով՝ ստեղծված իրավիճակից դժգոհ ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչները բախվել են բացահայտ ճնշումների։ Ջերմոցատերերից մեկը պատմել է, որ արտադրողներին փաստացի հասկացրել են՝ եթե նրանք հրապարակայնորեն խոսեն արտահանման խնդիրների մասին, հայտարարեն, որ եվրոպական շուկան չի կարող փոխարինել ռուսական շուկային, և պատմեն, թե որքան դժվար է դարձել իրացնել արտադրանքը, ապա եվրոպական շուկայի դռները կարող են ընդմիշտ փակվել իրենց առջև։
Ինչպես նշում է «Հրապարակը», որոշ արտադրողներ ստիպված են հրապարակայնորեն հայտարարել, թե Եվրոպա արտահանումը հաջողությամբ զարգանում է։ Սակայն այդ լավատեսական հայտարարությունների հետևում չկան ո՛չ լուրջ ծավալներ, ո՛չ իրական արդյունքներ։ Չեն նշվում մատակարարումների քանակները, չեն ներկայացվում վաճառքի ցուցանիշները։ Եվ պատճառը հասկանալի է․ լայնածավալ արտահանում պարզապես գոյություն չունի։ Խոսքը մի քանի երկրներ ուղարկված փորձնական խմբաքանակների մասին է։
Այլ կերպ ասած՝ պետական քարոզչությունն արդեն խոսում է հաջողությունների մասին, որոնք առայժմ գոյություն ունեն հիմնականում պաշտոնական հաշվետվություններում և հեռուստատեսային ռեպորտաժներում։
Սակայն, եթե անկեղծ լինենք, խնդիրը ծիրանի, վարդի կամ գյուղատնտեսական այլ արտադրանքի արտահանման մեջ չէ։
Խնդիրն ավելի խորն է։
Խնդիրն այն է, որ այսօրվա տնտեսական ռիսկերը դարձել են այն քաղաքականության անմիջական հետևանքը, որը Նիկոլ Փաշինյանն իրականացնում է արդեն ութ տարի՝ հետևողականորեն հերքելով այն, ինչ վաղուց ակնհայտ է դարձել։
Ի վերջո, ի՞նչ են մեզ ասում այսօր։
Մեզ պատմում են դիվերսիֆիկացիայի, բոլոր գործընկերների հետ հարաբերությունները պահպանելու անհրաժեշտության մասին։ Այն մասին, որ Հայաստանը, իբր, չի պատրաստվում խզել կապերը ոչ Ռուսաստանի, ոչ էլ Եվրասիական տնտեսական միության հետ։
Մեզ կրկին առաջարկում են հավատալ խոսքերին։
Բայց այստեղ կա մի պարզ խնդիր․ քաղաքական գործիչներին գնահատում են ոչ թե նրանց հայտարարություններով, այլ նրանց քայլերով։
Իսկ վերջին ութ տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի քայլերը բոլորովին այլ բանի մասին են վկայում։
Բավական է հիշել 2018 թվականի գարունը։
Այդ օրերին ապագա վարչապետը գրեթե ամեն օր վստահեցնում էր հասարակությանը, Մոսկվային և ամբողջ աշխարհին, որ որևէ աշխարհաքաղաքական շրջադարձ չի նախատեսվում։ Որ այսպես կոչված «թավշյա հեղափոխությունը», որն իրականացվեց Սերժ Սարգսյանի իշխանության ուժային համակարգի տարօրինակ անգործության պայմաններում, ուղղված է բացառապես կոռուպցիայի, կլանային կառավարման և անարդարության դեմ։ Որ խոսքը ներքին բարեփոխումների մասին է, այլ ոչ թե արտաքին քաղաքական ընտրության։
Շատերը հավատացին։
Սակայն կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ խոստումների և իրականության միջև գոյություն ունի այն նույն անդունդը, որն աստիճանաբար դարձավ այս իշխանության այցեքարտը։
Գործնականում, սակայն, նոր իշխանությունը քայլ առ քայլ սկսեց իրականացնել մի քաղաքականություն, որի տրամաբանական հետևանքը դարձավ Ռուսաստանի դիրքերի թուլացումը Հարավային Կովկասում և Թուրքիայի ու Արևմուտքի ազդեցության ուժեղացումը տարածաշրջանում։
2020 թվականի աղետից հետո այդ գործընթացն ավելի արագ ընթացք ստացավ։
Ընդ որում, պարտության պատճառների շուրջ լուրջ ու ազնիվ քննարկման փոխարեն հասարակությանը սկսեցին առաջարկել հարմարավետ բացատրություններ։ Բոլոր դժբախտությունների համար աստիճանաբար սկսեցին մեղադրել Ռուսաստանին։
Այդ արշավի ամենահիշվող խորհրդանշական դրվագներից մեկը դարձավ «Իսկանդերների» պատմությունը, երբ վարչապետը հրապարակայնորեն կասկածի տակ դրեց ռուսական սպառազինության արդյունավետությունը՝ հայտարարելով, թե հրթիռները պայթել են ընդամենը տասը տոկոսով։
Դա պարզապես անհաջող հայտարարություն չէր։
Դա քաղաքական ուղերձ էր։
Ուղերձ այն մասին, թե ինչ ուղղությամբ է այսուհետ զարգանալու պաշտոնական քարոզչությունը և Հայաստանի արտաքին քաղաքականությունը։
Այնուհետև հաջորդեցին ՀԱՊԿ-ի հասցեին մեղադրանքները, դաշնակիցների դավաճանության մասին անվերջ խոսակցությունները, պնդումները, թե Ռուսաստանը չի կատարում Հայաստանի նկատմամբ ունեցած իր պարտավորությունները։
Այս ամենի ֆոնին հետևողականորեն քայլեր ձեռնարկվեցին՝ Մոսկվային տարածաշրջանային առանցքային բանակցային գործընթացներից դուրս մղելու ուղղությամբ։
Արդյունքները բոլորին հայտնի են։
2022 թվականի սեպտեմբեր։
2022 թվականի հոկտեմբեր։
Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ ներառյալ Արցախը։
Այնուհետև՝ Արցախի հայաթափումն ու հայկական ներկայության վերջնական վերացումը։
Կարելի է անվերջ վիճել այդ իրադարձությունների պատճառների, նախադրյալների և հանգամանքների շուրջ։ Սակայն անհնար է ժխտել մի իրողություն․ ամբողջ այդ ժամանակահատվածն ուղեկցվում էր աննախադեպ մասշտաբների հակառուսական քարոզչությամբ։
Հայ հասարակությանը համառորեն ներշնչվում էր, թե Հայաստանի գլխավոր խնդիրը ոչ Բաքվում է և ոչ էլ Անկարայում, այլ Մոսկվայում։ Թե հենց Ռուսաստանն է խոչընդոտում հայկական պետականության զարգացմանը։ Թե հենց Ռուսաստանն է պատասխանատու պարտությունների համար։ Թե հենց Ռուսաստանն է, իբր, ազգային զարգացման ճանապարհին կանգնած գլխավոր արգելքը։
Իշխանամերձ քարոզչամեքենան տարիներ շարունակ հասարակությանը համոզում էր, որ գոյություն ունի ռուս-թուրքական դավադրություն՝ ուղղված Հայաստանի դեմ։
Սակայն այս ամբողջ տրամաբանության մեջ կա մի հարց, որի պատասխանը դրա հեղինակները երբեք չեն տալիս։
ԵԹԵ ԻՐՈՔ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՐ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ, ԱՊԱ ԻՆՉՈ՞Ւ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ԱՅԴՔԱՆ ՀԱՄԱՌՈՐԵՆ ՁԳՏՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՆՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ։
Ինչո՞ւ է պետությունը, որը, ըստ իշխանական քարոզչության, դարձել է ռուս-թուրքական դավադրության զոհ, փորձում սահմաններ բացել այդ ենթադրյալ դավադրության կողմերից մեկի հետ և միաժամանակ ցուցադրաբար փչացնում հարաբերությունները մյուսի հետ։
Որտե՞ղ են այստեղ տրամաբանություն ու հետևողականությունը։
Այս հարցերին պատասխան չկա։
Եվ չկա ոչ թե այն պատճառով, որ պատասխանն անհայտ է, այլ որովհետև այն անհարմար է։
Այսօր մենք տեսնում ենք նույն քաղաքական գծի շարունակությունը։
Մի կողմից իշխանությունը հայտարարում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարևոր են և պետք է պահպանվեն։
Մյուս կողմից մենք հիշում ենք, թե ինչպես ընդունվեց Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքը, վավերացվեց Հռոմի ստատուտը, որի դրույթները տեսականորեն կարող են օգտագործվել Ռուսաստանի ղեկավարության դեմ։ Հիշում ենք եղեկատվական դաշտում ռուս խաղաղապահների դեմ ուղղված մշտական հարձակումները։
Իսկ այժմ իշխանության ցանկացած քննադատություն ներկայացվում է որպես արտաքին ազդեցության դրսևորում։ Քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ օգտագործում են «Մոսկվայի գործակալի» պիտակը։
Նույն մեղադրանքների թիրախ են դառնում լրագրողները, փորձագետները, հասարակական կազմակերպությունները, ընդդիմության ներկայացուցիչները և նույնիսկ Հայ Առաքելական Եկեղեցին։
Սակայն տնտեսությունը, ինչպես հայտնի է, քարոզչության օրենքներով չի ապրում։
Տնտեսությունն արձագանքում է բոլորովին այլ գործոնների՝ շուկաներին, ներդրումներին, տրանսպորտային ուղիներին, անվտանգությանը և իրական միջպետական հարաբերություններին։
Հենց այդ պատճառով, երբ վարչապետը հայտարարում է, որ Հայաստանն ունի ընդամենը մեկ տարի՝ նոր իրականությանը պատրաստվելու համար, արժե մտածել ոչ միայն արտահանման ճակատագրի մասին։
Արժե մտածել շատ ավելի լուրջ հարցերի շուրջ։
Ի վերջո, ի՞նչ է սպասվում հայկական տնտեսությանը, եթե վերջին ութ տարիներին իրականացվող քաղաքականությունը շարունակվի նույն ուղղությամբ։
Ի՞նչ կլինի այն արտադրողների հետ, որոնք տարիներ շարունակ իրենց արտադրանքի հիմնական մասը վաճառել են ռուսական շուկայում։
Ի՞նչ կլինի այն արտահանողների հետ, որոնք ստիպված կլինեն հաղթահարել նոր մաքսային, լոգիստիկ և ֆինանսական խոչընդոտներ։
Ի՞նչ կլինի հազարավոր գյուղացիների, այգեգործների, ջերմոցատերերի, վերամշակող ձեռնարկությունների և արտահանող ընկերությունների հետ, որոնց գործունեությունը ձևավորվել է այն տնտեսական տարածքում, որի հետ կապերը իշխանությունն այսօր հետևողականորեն թուլացնում է։
Չի՞ ստացվի այնպես, որ սննկացած հայ գործարարներին կփոխարինեն թուրքերը կամ ադրբեջանացիները։
Այս հարցերը հեռու են տեսական լինելուց։
Դրանք արդեն այսօր են մտահոգում հազարավոր մարդկանց։
Եվ պատահական չէ, որ հենց գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչներն են առաջիններից մեկը բարձրաձայնում իրենց մտահոգությունները։
Նրանք ամեն օր առնչվում են շուկայի իրականությանը և շատ լավ հասկանում են այն, ինչ հաճախ չեն ցանկանում հասկանալ քաղաքական գործիչները։ Տասնամյակներով ձևավորված տնտեսական համակարգերը չեն փոխարինվում մեկ-երկու կառավարության որոշումներով կամ եվրոպական հեռանկարների մասին գեղեցիկ խոսքերով։
Իսկ իշխանությունը շարունակում է խոսել դիվերսիֆիկացիայից։
Սակայն դիվերսիֆիկացիան արդյունավետ է միայն այն դեպքում, երբ այն լրացնում է առկա հնարավորությունները, այլ ոչ թե փոխարինում դրանց։ Խելամիտ պետությունները նոր շուկաներ են որոնում՝ չկորցնելով հները։ Նրանք ընդլայնում են գործընկերների շրջանակը՝ չքանդելով արդեն գոյություն ունեցող հարաբերությունները։
Սակայն այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, ավելի ու ավելի է հիշեցնում երկար տարիներ ձևավորված տնտեսական համակարգի աստիճանական ապամոնտաժում։
Եվ հենց այստեղ է թաքնված գլխավոր վտանգը։
Որովհետև խոսքը միայն ծիրանի, լոլիկի կամ ծաղկի արտահանման մասին չէ։
Խոսքը պետականության կայունության մասին է։
Եվ որքան երկար շարունակվի դեռևս 2018 թվականին մեկնարկած Նիկոլ Փաշինյանի քաղաքական գիծը, այնքան մեծ կլինի հավանականությունը, որ մեկ տարի անց Հայաստանի քաղաքացիները ստիպված կլինեն մտածել ոչ թե արտահանման դիվերսիֆիկացման, այլ սեփական գոյատևման հնարավորությունների դիվերսիֆիկացման մասին։
Իսկ դա արդեն տնտեսության խնդիր չէ միայն։
Դա հայկական պետականության և հայ ժողովրդի ապագայի խնդիր է։


