ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է Արծրուն Հովհաննիսյանի նշանակումը․ Մոսկվայում դա գնահատում են որպես պատմական հիշողությունը վերանայելու փորձ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի՝ Հայաստանի Ազգային պաշտպանական հետազոտական համալսարանի ղեկավարի պաշտոնում նշանակումը։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվայում ուշադրությամբ հետևել են այդ կադրային որոշմանը և այն գնահատում են որպես չափազանց մտահոգիչ ազդակ։

Զախարովան հիշեցրել է, որ Արծրուն Հովհաննիսյանը լայն հասարակական արձագանքի կենտրոնում հայտնվեց անցյալ տարվա մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակին նվիրված օրը, հայկական հեռուստատեսությամբ հնչեցրած իր հայտարարություններից հետո։ Ռուսական կողմի գնահատմամբ՝ նա փաստացի ափսոսանք էր հայտնել Ստալինգրադի ճակատամարտում գերմանական զորքերի պարտության կապակցությամբ և հայտարարել, թե նացիստական Գերմանիայի պարտությունը, իբր, խոչընդոտել է Ադոլֆ Հիտլերի՝ «Մեծ Հայաստանի» ստեղծման ծրագրերի իրականացմանը։

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ այդ հայտարարություններից անմիջապես հետո ռուսական կողմը պաշտոնապես իր բողոքն էր հայտնել։ Մասնավորապես, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը բաց նամակ էր հղել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, իսկ հարցը բարձրացվել էր նաև երկկողմ բարձր մակարդակի շփումների ընթացքում։ Այդ ժամանակ հայկական կողմը Մոսկվային հավաստիացրել էր, որ խոսքը բացառապես Արծրուն Հովհաննիսյանի անձնական կարծիքի մասին է, որը չի արտահայտում պետության պաշտոնական դիրքորոշումը։

Սակայն, ինչպես ընդգծել է Զախարովան, արդեն այն ժամանակ Հայաստանի պետական մարմինների հրապարակային արձագանքի բացակայությունը հարցեր էր առաջացնում, իսկ այժմ Արծրուն Հովհաննիսյանի նշանակումը ռազմական ուսումնական հաստատության ղեկավարի պաշտոնում, Մոսկվայի գնահատմամբ, կարող է վկայել այն մասին, որ նման տեսակետերը փաստացի արժանանում են հայկական իշխանությունների հավանությանը։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կարծիքով՝ տեղի ունեցողը տեղավորվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման ավելի լայն միտման շրջանակում, որն, ըստ Մոսկվայի, այսօր վարում են եվրոպական մի շարք երկրներ։ Զախարովան հայտարարել է, որ Եվրոպայում ավելի ու ավելի հաճախ արդարացվում են կոլաբորացիոնիստներն ու նացիստների հանցակիցները, իսկ նրանց գործունեությունը ներկայացվում է որպես ազգային-ազատագրական պայքար։ Ռուսական կողմը նման գործընթացների հիմնական նպատակը համարում է նախկին Խորհրդային Միության ժողովուրդների ընդհանուր պատմական հիշողության խաթարումն ու նացիզմի դեմ հաղթանակում նրանց վճռորոշ ներդրման արժեզրկումը։

Այս համատեքստում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը զուգահեռներ է անցկացրել Բալթյան երկրների, Արևելյան Եվրոպայի և Ուկրաինայի հետ՝ հայտարարելով, որ նմանատիպ քաղաքականություն իրականացվում է նաև Հայաստանում։ Նա հիշատակել է նաև մայիսի սկզբին Վլադիմիր Զելենսկու այցը Երևան՝ նշելով, որ նրան տրամադրվել է հարթակ՝ Ռուսաստանի հասցեին քննադատական հայտարարություններով հանդես գալու համար։

Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան նման մոտեցումները գնահատում է որպես հայ ժողովրդի հիշատակի նկատմամբ դավաճանություն, քանի որ հայ ժողովուրդը զգալի ներդրում է ունեցել նացիզմի դեմ տարած հաղթանակում։ Նրա խոսքով՝ նացիստական գաղափարախոսությունն արդարացնելու կամ փառաբանելու ցանկացած փորձ պետք է արժանանա միանշանակ դատապարտման՝ ինչպես հասարակության, այնպես էլ պետության կողմից։

Եզրափակելով՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ, Մոսկվայի գնահատմամբ, Հայրենական մեծ պատերազմի նկատմամբ վերաբերմունքի վերանայումը ներկայիս հայկական իշխանությունների կողմից իրականացվող պատմական հիշողության փոփոխման ավելի լայն քաղաքականության միայն մի մասն է։ Որպես օրինակ նա, ռուսական կողմի գնահատմամբ, նշել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության թեմայի լռության մատնելը և Հայ Առաքելական եկեղեցու հեղինակազրկման փորձերը։ Թե որքանով է նման քաղաքականությունը համապատասխանում հայկական հասարակության ակնկալիքներին, ընդգծել է Զախարովան, պետք է որոշեն հենց Հայաստանի քաղաքացիները։

Ավելի վաղ «Հանրային տրիբունալը» հրապարակել էր նյութ Արծրուն Հովհաննիսյանի հանճարեղ բացահայտման» մասին, ըստ որի՝ նացիստական Գերմանիան ծրագրում էր ստեղծել միացյալ Հայաստան։