«ԱՎԵՏԱՐԱՆ» ԸՍՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի քաղաքական կյանքը հարուստ է անակնկալներով։ Բայց նույնիսկ այս ֆոնին խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի վերջին հայտարարությունն իրավամբ կարելի է բացառիկ համարել։ Եվ պատճառն ամենևին այն չէ, որ պարոն Ռուբինյանը հանրությանը սկզբունքորեն նոր բան է հայտնել։ Ընդհակառակը, նա պարզապես բարձրաձայնեց այն, ինչի մասին շատերը վաղուց կռահում էին, բայց ինչն իշխանության ներկայացուցիչները մինչ օրս խուսափում էին այդքան բացահայտ ձևակերպել:
Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը գնում է ոչ թե երրորդ, և ոչ էլ անգամ չորրորդ ժամկետի, եթե հարցին մոտենանք քաղաքական, այլ ոչ թե թվաբանական տեսանկյունից։ Պարոն Ռուբինյանը պարզապես որոշել է զբաղվել հեղափոխության յուրօրինակ «հաշվապահությամբ»՝ արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում ընտրվել է 2018-ին, ապա՝ 2019-ին, հետո՝ 2021-ին, իսկ 2026 թվականին կընտրվի արդեն չորրորդ անգամ։ Եվ դրանում որևէ սարսափելի բան չկա: Ավելին, դա, պարզվում է, լիովին համապատասխանում է խորհրդարանական հանրապետության տրամաբանությանը:
Դե ինչ, չենք վիճի։ Խորհրդարանական կառավարման համակարգերն իսկապես առաջին օրը չէ, որ գոյություն ունեն։ Դրանցից մի քանիսն ավելի երկար պատմություն ունեն, քան որոշ հեղափոխականների քաղաքական հիշողությունը։ Բայց այս դեպքում առաջանում է մեկ անհարմար հարց.
Իսկ որտե՞ղ են այդ դեպքում իշխանության վերարտադրության անթույլատրելիության մասին բոլոր այն բոցաշունչ ելույթները։ Որտե՞ղ են այն բոլոր հեղափոխական անեծքները, որոնք տարիներ շարունակ թափվում էին Սերժ Սարգսյանի գլխին: Ու՞ր են այն պատմությունները, թե Հայաստանը հոգնել է միևնույն դեմքերից։ Որտե՞ղ է, ի վերջո, «երրորդ ժամկետի» դեմ մղվող այն հայտնի պայքարը, որը մատուցվում էր համարյա որպես ազգային փրկության հարց։
Ի դեպ, այստեղ հետաքրքիր է ոչ միայն սա։ Բանն այն է, որ բոլորովին վերջերս երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը փաստացի փորձեց պաշտպանել Նիկոլ Փաշինյանին «երրորդ ժամկետի» ձգտելու մեղադրանքներից: Ըստ նրա տրամաբանության՝ երրորդ ժամկետի մասին խոսակցությունն ընդհանրապես կոռեկտ չէր, քանի որ նախորդ վերընտրությունները տեղի են ունեցել արտահերթ ընտրությունների և խորհրդարանական համակարգի առանձնահատկությունների արդյունքում:
Փաստարկը, մեղմ ասած, յուրօրինակ է։ Բայց հենց դա էլ պարոն Ռուբինյանը հերքեց հեղափոխական ուղղամտությամբ։ Չխորանալով իրավական նրբությունների մեջ և չհիշելով արտահերթ ընտրությունները՝ նա պարզապես հերթով թվարկեց ժամկետները։ Եվ հաշվեց արդեն ոչ թե երրորդ, այլ՝ չորրորդ ժամկետը:
Խոստովանենք՝ դժվար էր սպասել, որ երրորդ նախագահի փաստարկներին այսպիսի ծանրակշիռ հարված կհասցնի ոչ թե ընդդիմությունը, այլ «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավարներից մեկը։ Այդուհանդերձ, փաստը մնում է փաստ։ Մինչդեռ Սերժ Սարգսյանը բացատրում էր, թե ինչու Նիկոլ Փաշինյանի երրորդ ժամկետ գոյություն չունի, Ռուբինյանը հայտնեց, որ երրորդն արդեն եղել է, և երկիրը պատրաստվում է չորրորդին:
Բայց ավելի ուշագրավ է մեկ այլ բան։ Բացատրելով, թե ինչու չորրորդ ժամկետը չպետք է որևէ մեկին անհանգստացնի՝ փոխխոսնակը փաստացիորեն գիծ քաշեց բազմամյա հեղափոխական հռետորաբանության տակ։ Չէ՞ որ եթե խորհրդարանական համակարգը թույլ է տալիս միևնույն քաղաքական գործչին ընտրվել այնքան, որքան թույլ է տալիս քաղաքական իրավիճակը, ապա միանգամայն բնական հարց է առաջանում. իսկ ինչի՞ դեմ էր պայքարը, որը հանգեցրեց 2018 թ. «թավշյա հեղափոխությանը»։
Ռուբինյանն ինքը տալիս է նաև այս հարցի պատասխանը։ Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանին քննադատում էին ամենևին ոչ թե իշխանության ղեկին երկար մնալու, այլ սահմանադրական բարեփոխումներից հետո վարչապետ չդառնալու խոստումը դրժելու համար։ Այսինքն՝ խնդիրը, ինչպես պարզվում է այսօր, ժամկետների և նույնիսկ իշխանության պահպանման փաստի մեջ չէր։
Պարոն Ռուբինյանի այս փաստարկն իրավամբ արժանի է հատուկ ուշադրության: Եթե Սերժ Սարգսյանի գլխավոր քաղաքական մեղքը հանրությանը տված խոստումը դրժելն էր, ապա ինչպե՞ս վերաբերվել Նիկոլ Փաշինյանին:
Չկատարված խոստումների ծավալով ներկայիս վարչապետը վաղուց ապահովել է իր ուրույն տեղը հայաստանյան քաղաքական պատմության էջերում: Նա խոստանում էր ազատել Հայաստանի քաղաքացիներին տուգանքների խեղդող համակարգից, մինչդեռ տուգանքների քանակն ավելացավ, իսկ դրանց չափերն՝ աճեցին։ Խոստանում էին պաշտպանել վարկառուներին բանկային կամայականություններից և ազատել մարդկանց վարկերի գծով տույժերի ու տուգանքների անտանելի բեռից, սակայն հենց համավարակի ծանրագույն օրերին իշխանությունը հրաժարվեց քաղաքացիներին լիարժեք ՙվարկային արձակուրդներ՚ տրամադրել։ Ի՞նչ ասել խոստացված խաղաղության մասին, որն ավարտվեց Արցախի կորստով, կամ կոռուպցիայի դեմ խոստացված հաղթանակի, որն այդպես էլ չհանգեցրեց միլիարդների վերադարձի։
Ի վերջո, անհնար է չհիշել Նիկոլ Փաշինյանի ամենահայտնի խոստումներից մեկը, երբ նա հավաստիացնում էր քաղաքացիներին, թե պատրաստ է կտրել իր ձեռքը, եթե երբևէ գողացվի ընտրողի թեկուզ մեկ քվե։ Մինչդեռ վերջին խորհրդարանական ընտրություններն ուղեկցվեցին վարչական ռեսուրսի կիրառման բազմաթիվ փաստերով, պետական հատվածի աշխատողների նկատմամբ ճնշումներով և իշխող ուժի օգտին պետական հնարավորությունների չարաշահմամբ, քվեների գողությամբ, որի ամենաաղաղակող դեպքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ կապված պատմությունն է։ Բայց Փաշինյանի կտրված ձեռքն այդպես էլ չտեսանք։
Ուստի պարոն Ռուբինյանի տրամաբանությունը բերում է բավական անսպասելի եզրակացության։ Եթե խոստումները դրժելն իսկապես պետական գործչի քաղաքական գնահատման գլխավոր չափանիշն է, եթե հենց դրա, այլ ոչ թե իշխանության ղեկին գտնվելու ժամկետների համար է պետք քաղաքական գործչին ենթարկել հանրային դատապարտման, ապա դժգոհությունները պետք է առաջին հերթին հասցեագրվեն հենց Նիկոլ Փաշինյանին։
Նման խիստ մոտեցման դեպքում հարց է առաջանում. իսկ ընդհանրապես բարոյական իրավունք ունի՞ երկրի հետագա կառավարմանը հավակնել մի քաղաքական գործիչ, ով իշխանության է եկել խոստումների հստակ օրակարգով, բայց իրենից հետո թողել է միանգամայն այլ իրականություն։
Համաձայնենք՝ ամեն օր չէ, որ իշխանության ներկայացուցիչն այդքան համոզիչ կերպով հերքում է թե՛ երրորդ նախագահի փաստարկները և թե՛ սեփական քաղաքական ուժի բազմամյա հեղափոխական հռետորաբանությունը։


