ԵԹԵ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԱՐՏՎԵԼ Է, ԱՊԱ Ո՞Ր ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ Է ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ ԱՄՆ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 11-ի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ մասնակցելու Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի (Global First Ladies Academy) տարեկան միջոցառմանը։ Փաստաթղթում նա ներկայացված է որպես «վարչապետի տիկին», իսկ գործուղման ծախսերը պետք է հատուցվեն պետական միջոցների հաշվին։

Սակայն այս որոշումը հարցեր է առաջացնում՝ հաշվի առնելով Աննա Հակոբյանի ավելի վաղ հրապարակային հայտարարությունները։ 2026 թվականի փետրվարին նա հայտարարել էր, որ իր և Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է, իսկ օրեր անց կրկին հաստատել էր, որ հեռանում է կառավարական առանձնատնից և տեղափոխվում է առանձին բնակարան։ Ավելի ուշ վարչապետը խոսել էր ընտանիքը պահպանելու ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին, սակայն հանրությանը չի ներկայացվել որևէ տեղեկություն, որ զույգը վերականգնել է հարաբերությունները կամ փոխվել է Աննա Հակոբյանի հայտարարած կարգավիճակը։

Այս ֆոնին անհասկանալի է, թե ինչ իրավական կամ պաշտոնական հիմքով է Աննա Հակոբյանը ներկայանում որպես «վարչապետի տիկին» և այդ կարգավիճակով մասնակցում միջազգային միջոցառման։ Հարց է առաջանում նաև, թե արդյոք պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող գործուղումը համապատասխանում է հրապարակայնորեն հայտարարված փաստական իրավիճակին։

Հատկանշական է, որ կառավարության որոշման մեջ չի հրապարակվել նաև գործուղման ընդհանուր արժեքը։ Հանրությունը, հետևաբար, զրկված է գնահատելու, թե որքան գումար է ծախսվելու Նյու Յորք նախատեսված ուղևորության, կեցության և օրապահիկների համար։ Եթե իշխանությունները շարունակում են Աննա Հակոբյանին դիտարկել որպես վարչապետի տիկին, ապա պետք է հստակ պարզաբանեն այդ կարգավիճակի հիմքերը։ Հակառակ դեպքում պետական բյուջեի հաշվին իրականացվող այս գործուղումը կարող է առաջացնել իրավաչափության և հանրային միջոցների օգտագործման նպատակահարմարության վերաբերյալ հիմնավոր հարցադրումներ։