ԼևՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ․ «ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ԼԵԳԻՏԻՄ ՂԵԿԱՎԱՐ ՉԷ, ԻՍԿ ԻՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ԳՆՈՒՄ Է ՀԻՆԳ ՄԱՆԴԱՏԻ ՀԱՄԱՐ»
Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները, իր գնահատմամբ, ամբողջությամբ կեղծվել են, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այլևս չի կարող համարվել լեգիտիմ։
«Մենք չենք ընդունում, որ 2026 թվականին ժողովուրդը ընտրել է Նիկոլ Փաշինյանին։ Չկա նման բան։ Նա կեղծարար է, նա արդեն ուզուրպատոր է, նա իշխանություն յուրացնող է», – նշել է Զուրաբյանը՝ ընդգծելով, որ եթե 2018 և նույնիսկ 2021 թվականների ընտրությունների լեգիտիմության վերաբերյալ հնարավոր էին տարբեր գնահատականներ, ապա այս անգամ, ըստ նրա, խոսքը գնում է արդեն իշխանության յուրացման մասին։
Զուրաբյանը հատուկ անդրադարձել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողություններին՝ պնդելով, որ ԿԸՀ-ն գերազանցել է իր լիազորությունները՝ անվավեր ճանաչելով առանձին տեղամասերի արդյունքները։ Նրա խոսքով՝ ընտրական օրենսգրքի համաձայն նման իրավասություն ունի միայն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավունք չուներ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները առանձին տեղամասերում։ Այդ իրավունքը բացառապես վերապահված է ընտրատարածքային հանձնաժողովին», – հայտարարել է նա՝ տեղի ունեցածը որակելով որպես օրենքի կոպիտ խախտում։
«Պայքարը հինգ մանդատի համար չէ միայն»
Ըստ ՀԱԿ փոխնախագահի՝ ընթացող իրավական և քաղաքական պայքարի կենտրոնում իրականում մեկ հարց է՝ արդյոք Փաշինյանը կունենա՞ 65, թե՞ 60 պատգամավորական մանդատ։
«Իրական կռիվը հիմա գնում է այս հինգ մանդատի համար։ Փաշինյանին քիչ է կեղծված 60 մանդատը, նա ուզում է կեղծված 65 մանդատ», – ասել է Զուրաբյանը։
Նրա համոզմամբ՝ եթե իշխանությունը պահպանի առնվազն երեք հինգերորդ մեծամասնությունը, դա կբերի անձնիշխանության հետագա ամրապնդման։ Իսկ այդ շեմից ցածր արդյունքը, թեկուզ ամբողջությամբ չլուծելով քաղաքական ճգնաժամը, կարող է ստեղծել որոշ զսպող մեխանիզմներ։
«Այս հինգ մանդատի հարցը ես համարում եմ շատ էական հարց, որովհետև իրականում լուծվում է՝ Նիկոլ Փաշինյանը ավելի՞ է լկտիանալու իր անձնիշխանության մեջ, թե՞ կստեղծվեն որոշակի զսպիչ մեխանիզմներ», – նշել է նա։
«Ընտրությունների գիշերը պետք էր ժողովրդին դուրս բերել փողոց»
Զուրաբյանը քննադատել է նաև հիմնական ընդդիմադիր ուժերի գործողությունները՝ պնդելով, որ ընտրությունների գիշերը նրանք բաց են թողել կարևոր քաղաքական պահը։
«Երբ Նիկոլ Փաշինյանը գիշերվա ժամը երկուսին հայտարարեց իր հաղթանակի մասին, այն պահին, երբ հաշվարկված էր ընդամենը տեղամասերի մոտ 10 տոկոսը, այդ պահին պետք էր ժողովրդին դուրս հանել փողոց։ Գողին պետք է բռնել հանցագործության պահին», – ասել է նա։
Միևնույն ժամանակ, ՀԱԿ ներկայացուցիչը նշել է, որ ընդդիմության նկատմամբ իրականացված զանգվածային ճնշումները, ձերբակալությունները և իրավապահ մարմինների գործողությունները որոշ չափով բացատրում են ընդդիմության պասիվությունը։
«Միակ լուծումը նոր ընտրություններն են»
Զուրաբյանի համոզմամբ՝ ստեղծված քաղաքական ճգնաժամի իրական լուծումը ոչ թե առանձին տեղամասերում վերաքվեարկությունն է, այլ ամբողջ ընտրությունների անվավեր ճանաչումն ու նոր ընտրությունների անցկացումը։
«Ազգային ժողովի ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն և նշանակվեն նոր ընտրություններ։ Սա միակ ելքն է, որը կարող է վերականգնել լեգիտիմությունը Հայաստանում», – հայտարարել է նա։
Միաժամանակ նա ընդունել է, որ նման սցենարի իրականացումը կախված է հիմնական ընդդիմադիր ուժերի՝ Սամվել Կարապետյանի թիմի, «Հայաստան» դաշինքի և ԲՀԿ-ի գործողություններից։
«Արևմուտքը աչք է փակել խախտումների վրա»
Անդրադառնալով միջազգային արձագանքներին՝ Զուրաբյանը պնդել է, որ տարբեր արտաքին դերակատարների գնահատականները պայմանավորված են ոչ թե ժողովրդավարական չափանիշներով, այլ աշխարհաքաղաքական շահերով։
«Ոչ ոք չի մտածում օբյեկտիվ գնահատական տալ ժողովրդավարական գործընթացին։ Բոլոր գնահատականները բխում են բացառապես աշխարհաքաղաքական շահերից», – ասել է նա։
Նրա կարծիքով՝ արևմտյան երկրների արագ շնորհավորանքները կապված են տարածաշրջանային ծրագրերի և Հայաստանի նկատմամբ աշխարհաքաղաքական հետաքրքրությունների հետ։
«Պետք է ձևավորվի միասնական դիմադրության ճակատ»
ՀԱԿ փոխնախագահը հանդես է եկել լայն ընդդիմադիր համախմբման օգտին՝ ընդգծելով, որ խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր ուժերը պետք է ձևավորեն միասնական դիմադրության ճակատ։
«Մենք տեսնում ենք հնարավորություն ստեղծելու հասարակական դիմադրության լայն ֆրոնտ։ Եթե «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ-ն կարողանան ձևավորել միասնական ճակատ, պետք է դրա մեջ ներգրավվեն նաև արտախորհրդարանական ուժերը», – հայտարարել է նա։
Զուրաբյանի խոսքով՝ պայքարը պետք է շարունակվի միաժամանակ բոլոր հարթակներում՝ խորհրդարանում, դատարաններում և փողոցում։
«Սա ԲՀԿ-ի մանդատների հարցը չէ։ Սա Նիկոլ Փաշինյանի կեղծված մանդատներն իր ձեռքից խլելու հարցն է», – եզրափակել է ՀԱԿ փոխնախագահը։


