Սերժ Սարգսյանից Նիկոլ Փաշինյան․ նույն ձեռագիրը, նույն վախը՝ ռուսաստանահայերից և արցախցիներից
Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ականները բացահայտ հայտարարում են, որ Ռուսաստանի և Արցախի հայերը սպառնալիք են իրենց իշխանությանը և անպատեհ պիտակավորում են մեր հայրենակիցներին։
Մինչ Նիկոլ Փաշինյանը բացահայտ պիտակավորում է մեր հայրենակիցներին, ցանկանում ենք ձեզ հիշեցնել կամ տեղեկացնել, որ Ռուսաստանի հայերին և Արցախում ապրող հայերին որպես սպառնալիք իր իշխանությանը դիտարկել է նաև Սերժ Սարգսյանը, բայց ոչ բացահայտ պիտակավորելով, այլ փաստաթղթավորված՝ նրանց զրկելով Հայաստանի ապագայի մասին որոշում կայացնելու հնարավորությունից։
2011 թվականի մայիսի 26-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ օրվա իշխանությունը որոշում կայացրեց արտերկրում ապրող հայերին զրկել ընտրություններին մասնակցելու իրավունքից։ Մինչ այդ, թե՛ Եվրոպայում, թե՛ Ռուսաստանում գտնվելիս հնարավոր էր դեսպանատներում մասնակցել Հայաստանում ընթացող ընտրություններին։
Ինչու՞ հենց 2011-ին Սերժ Սարգսյանը որոշում կայացրեց արտերկրում ապրող հայերին զրկել ընտրելու հնարավորությունից։ Հարցն ունի հստակ պատասխան։
Գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքացիություն ունեցող, բայց արտերկրում բնակվող հայերի ճնշող մեծամասնությունը թե՛ 2011-ին, թե՛ հիմա ապրում է Ռուսաստանում։ Հետևաբար, արտերկրում գտնվող հայերին ընտրելու իրավունքից զրկելու շարժառիթը պետք է ուղիղ կապ ունենար Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության հետ։
Այս մասին առաջին անգամ չէ, որ խոսում ենք։ 2012-ին Հայաստանում սկսվեց Արևմուտքում նախագծված, ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Հյուսիս-Հարավ» ծրագրի շինարարությունը, որի նպատակը Ռուսաստանը շրջանցելով՝ Ասիան Եվրոպային ավելի կարճ ճանապարհով կապելն էր։
Սերժ Սարգսյանն արդեն նախապատրաստվել էր՝ հասկանալով, որ 2013-ի ընտրություններին Ռուսաստանում քվեարկող հայերն իրեն չեն ընտրելու։
2016 թվականի մայիսի 25-ին ընտրական օրենսգրքի փոփոխությամբ ևս մեկ անգամ հաստատվեց, որ դրսում ապրող հայերը չեն կարող իրենց գտնվելու երկրում մասնակցել ընտրություններին։
Բայց ամեն բան ավելի խոսուն է դառնում 2016 թվականի ընտրական օրենսգրքի փոփոխությամբ։ Հիշեցնենք՝ այսօր մեր արցախցի հայրենակիցները չեն կարողանում մասնակցել համապետական ընտրություններին հենց այդ փոփոխության պատճառով, չնայած որ տեղական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն։
Կարծես թե 2016-ին Սերժ Սարգսյանը փայլուն տիրապետում էր, թե ինչ զարգացումներ են սպասվում Հայաստանում։ Այդ թվում՝ հաշվարկել էր, որ հարյուր հազարավոր արցախցիներ Հայաստանում են լինելու մոտակա տարիներին և միանշանակ դեմ են քվեարկելու այն իշխանությանը, որի պատճառով զրկվել են սեփական հայրենիքից։
Եվ ակնհայտ է, որ 2016-ի ընտրական օրենսգրքի փոփոխության նպատակը 2017-ի ընտրություններում հաղթանակ ապահովելը չէր, քանի որ նա այդ ժամանակ, ստվերելով Կարեն Կարապետյանին, նրա դեմքով գնաց ընտրության և Ռուսաստանի հայերից վտանգ չէր տեսնում։
2016-ի փոփոխությունն ավելի ուշ սպասվող ընտրություններին նախապատրաստվելու համար էր, քանի որ ավելի ուշ էր սպասվում արցախցիների հայտնվելը Հայաստանում։ Կարճ ասած՝ Սերժ Սարգսյանն այդ փոփոխությամբ նպաստել է, որ թե՛ այսօր, թե՛ 2021-ի ընտրություններում Նիկոլ Փաշինյանը լրացուցիչ խնդիրներ չունենա։
Այսօր այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, շատ դեպքերում իր փաստաթղթավորված նախադեպն ունի Սերժ Սարգսյանի գործողություններում։


