«Ժողովրդավար» բռնապետը

Նիկոլ Փաշինյանը սիրում է խոսել ժողովրդավարությունից։ Սիրում է պատմել, թե Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, թե իր իշխանությունը ժողովրդի իշխանությունն է, թե երկրում երբեք այսքան ազատություն չի եղել։

Եթե խոսքերը մի կողմ դնենք և նայենք փաստերին, կտեսնենք բոլորովին այլ պատկեր։ Կտեսնենք մի իշխանություն, որը տարիների ընթացքում հետևողականորեն հարձակվել է պետական ինստիտուտների վրա, փորձել է ենթարկել դատական համակարգը, թշնամացրել է հասարակության տարբեր շերտերին, հետապնդել է քաղաքական հակառակորդներին և անվերջ թշնամիներ է փնտրել սեփական ժողովրդի մեջ։ Կտեսնենք մի իշխանություն, որի քաղաքական գոյության գլխավոր սնունդը ատելությունն է։

Ատելությունը, սակայն, երբեք չի մնում միայն բառերի մակարդակում։

Երբ երկրի առաջին դեմքը տարիներ շարունակ մարդկանց բաժանում է «սևերի» և «սպիտակների», «նախկինների» և «ներկաների», «յուրայինների» և «թշնամիների», վաղ թե ուշ հայտնվում են մարդիկ, որոնք որոշում են, որ քաղաքական հակառակորդին պետք չէ հակադարձել խոսքով։ Նրան պետք է լռեցնել բռունցքով։

Հենց այդ վտանգավոր իրականության մասին են վկայում վերջին օրերի աղմկահարույց դեպքերը։

MakaryanNews-ի տեղեկություններով՝ Արթիկում մի խումբ ՔՊ-ականներ դաժան ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, Ռոբերտ Քոչարյանի աջակից Հակոբ Հարությունյանին։ Ըստ հրապարակման՝ միջադեպին մասնակցել է նաև ՔՊ ցուցակով պատգամավորի թեկնածու Ժաննա Ասատրյանի որդին՝ Սիփան Գրիգորյանը։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ամեն ինչ տեղի է ունեցել օրը ցերեկով, քաղաքապետարանի դիմաց, իսկ միջադեպում ներգրավված են եղել նաև քաղաքապետարանի աշխատակիցներ։

Իրավապահները, իհարկե, պարտավոր են ստուգել այս տեղեկությունների իսկությունը։ Սակայն այստեղ արդեն երկրորդական է դառնում նույնիսկ կոնկրետ միջադեպը։ Առաջնայինն այն է, որ նման լուրերն այլևս հասարակությանը չեն զարմացնում։ Դրանք դարձել են քաղաքական կյանքի սովորական ուղեկիցը։

Ընդամենը մեկ օր առաջ տեղեկություններ տարածվեցին նաև Մասիսում տեղի ունեցած հարձակման մասին, որտեղ թիրախում էին հայտնվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները, այդ թվում՝ կանայք, որոնք զբաղված էին նախընտրական քարոզչությամբ։

Սա արդեն այն իրավիճակն է, երբ իշխանությունը կամ չի կարողանում վերահսկել սեփական աջակիցներին, կամ էլ նրանց մոտ ձևավորվել է համոզմունք, որ ամեն ինչ թույլատրելի է, քանի դեռ դա արվում է «ճիշտ» քաղաքական ճամբարի շահերից ելնելով։

Հայաստանը չափազանց թանկ գին է վճարել վերջին տարիներին, որպեսզի հիմա հայտնվի ներհասարակական թշնամանքի և քաղաքական հաշվեհարդարների ճահճում։ Որևէ քաղաքացի չպետք է վախենա իր քաղաքական հայացքների համար։ Որևէ մարդ չպետք է ենթարկվի հարձակման միայն այն պատճառով, որ աջակցում է այս կամ այն քաղաքական ուժին։

Եթե երկրում ձևավորվում է մի իրականություն, որտեղ օրենքը նահանջում է, իսկ ուժն ու կապերը դառնում են գլխավոր փաստարկը, ապա դա արդեն ժողովրդավարություն չէ։ Դա «բեսպրեդելի» ճանապարհն է։

Եվ այդ ճանապարհի գլխավոր քաղաքական և իրավական պատասխանատվությունը կրում է Նիկոլ Փաշինյանը։