Գորիս-Կապան ճանապարհի հանձնման առեղծվածը․ Գեղամ Մանուկյանի բացահայտումը նոր հարցեր է առաջացնում Փաշինյանի հասցեին
44-օրյա պատերազմից հետո Հայաստանի պետականության համար ամենացավոտ և ամենավտանգավոր որոշումներից մեկը դարձավ Սյունիքում հայկական զինված ուժերի հետքաշումը և Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի փաստացի հանձնումը Ադրբեջանին։
Տարիներ շարունակ իշխանությունները խուսափել են հստակ պատասխան տալ, թե ինչ իրավական հիմքով է իրականացվել այդ քայլը, սակայն այժմ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանի հրապարակած տեղեկությունները նոր լույս են սփռում այդ իրադարձությունների վրա։
Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցած նախընտրական բանավեճի ժամանակ ՔՊ-ի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը փորձեց արդարացնել ճանապարհի կորուստը՝ հայտարարելով, թե դա եղել է ոչ թե ադրբեջանական պահանջ, այլ հայկական կողմի որոշումը։ Սակայն այս հայտարարությունը ոչ թե փակեց հարցերը, այլ ավելի խորացրեց կասկածները, թե իրականում ինչ պայմաններում և ում պատասխանատվությամբ է կայացվել այդ ճակատագրական որոշումը։
Գեղամ Մանուկյանի խոսքով՝ իր և Աննա Գրիգորյանի բազմաթիվ հարցումներից հետո հաջողվել է ստանալ փաստաթղթային հաստատում, որ հայկական զորքերի հետքաշումը տեղի է ունեցել այն ժամանակվա պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի կողմից 2020 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված հրամանի հիման վրա։ Թեև փաստաթուղթը գաղտնի է, սակայն դրա գոյությունն ինքնին հաստատում է, որ հայկական կողմի նահանջը եղել է ոչ թե ռազմական անհրաժեշտության, այլ քաղաքական որոշման արդյունք։
Գեղամ Մանուկյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ Սյունիքում զորքերի հետքաշման որոշման մասին տեղյակ չեն եղել ոչ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, ոչ Զինված ուժերի գլխավոր շտաբը, ոչ էլ գլխավոր շտաբի պետը։ Ըստ նրա՝ գործընթացը կազմակերպվել է բացառապես Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշմամբ և իրականացվել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի ստորագրությամբ։ Եթե այս տեղեկությունները հաստատվեն, ապա խոսքը վերաբերում է պետական կարևորագույն որոշման, որն ընդունվել է արտաքին քաղաքական և ռազմական կառավարման առանցքային մարմինների փաստացի շրջանցմամբ։
Գործող իշխանությունը պետական զիջումները փորձում է ներկայացնել որպես պատերազմից խուսափելու միջոց։ Նույն հիմնավորումը հնչեցվեց Սյունիքում, նույնը՝ Տավուշում։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գիծը վերջին տարիներին կառուցվել է այն թեզի վրա, թե յուրաքանչյուր զիջում կանխում է նոր պատերազմ։ Սակայն իրականությունը ցույց տվեց, որ Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը ոչ միայն խաղաղություն չբերեց, այլև ստեղծեց նոր անվտանգային խնդիրներ։
2021 թվականին Ադրբեջանը մի քանի անգամ փակեց ճանապարհը, սահմանափակեց երթևեկությունը, ապա սկսեց մաքսատուրքեր գանձել իրանական բեռնատարներից։ Ավելի ուշ հայկական համարանիշներով մեքենաների տեղաշարժն ամբողջությամբ արգելվեց, իսկ Սյունիքի հարավը կապող կարևորագույն մայրուղին դարձավ Ադրբեջանի ճնշման գործիք։ Այս ամենը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հայկական իշխանությունները փաստացի հրաժարվեցին ճանապարհի նկատմամբ վերահսկողությունից։
Առանձնապես մտահոգիչ է, որ ճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ անցնելը տեղի ունեցավ առանց սահմանազատման որևէ իրավական գործընթացի ավարտի։ Դեռևս 2020 թվականի դեկտեմբերին ադրբեջանական կողմը ճանապարհի վրա տեղադրել էր «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակներ, մինչդեռ հայկական իշխանությունները շարունակում էին խոսել GPS-ով սահմանների «վերահստակեցման» մասին։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտ հայտարարում էր, որ իր զորքերը կանգնել են այնտեղ, որտեղ իրենց հարմար է, և հետ գնալու մտադրություն չունեն։
Հանրային Տրիբունալը, հաշվի առնելով Գեղամ Մանուկյանի վկայությունները, Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը Ադրբեջանին համարում է Հայաստանի ինքնիշխան շահերին հակասող գործողություն, որի քաղաքական և իրավական պատասխանատվությունը կրում է է Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը։ Տրիբունալի գնահատմամբ՝ Սյունիքում իրականացված քայլերը հանգեցրել են Հայաստանի ռազմավարական դիրքերի թուլացմանը և Ադրբեջանի համար նոր լծակների ստեղծմանը։


