ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՐԵՆ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՑԱՆՔՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Հանրային հեռուստատեսության եթերում տեղի ունեցած բանավեճի ժամանակ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ըստ էության, արեց այնպիսի խոստովանություն, որը վաղուց պետք է դառնար իրավապահ մարմինների քննության առարկա։ Խոսելով Գորիս-Կապան ճանապարհի մասին՝ նա հայտարարեց, որ դրա հանձնումը եղել է «մեր պահանջը»։
Այսինքն՝ ոչ թե Ադրբեջանը պարտադրել է, ոչ թե պատերազմական իրավիճակն է ստիպել, ոչ թե միջազգային հանրությունն է ճնշում գործադրել, այլ հենց Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է սեփական նախաձեռնությամբ գնացել այդ քայլին։
Երկար ժամանակ հասարակությանը ներկայացվում էր, թե Գորիս-Կապան ճանապարհի կորուստը պատերազմի հետևանք էր, արտաքին ճնշումների արդյունք կամ ստեղծված իրավիճակից բխող անհրաժեշտություն։ Ալեն Սիմոնյանի խոսքերից պարզ է դառնում, որ որոշումը կայացվել է հենց իշխանության կողմից։ Հետևաբար ամբողջ քաղաքական և իրավական պատասխանատվությունը մնում է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի վրա։
Առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ ճանապարհի և հարակից տարածքների նկատմամբ վերահսկողությունից հրաժարումը տեղի է ունեցել այն շրջանում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացները դեռևս նույնիսկ չէին սկսվել։ Պետական սահմանի վերաբերյալ որևէ վերջնական իրավական փաստաթուղթ գոյություն չուներ։ Այդ պայմաններում Հայաստանի տարածքների կամ ռազմավարական նշանակության ճանապարհների ճակատագիրը որոշելու լիազորություն որևէ պաշտոնյա չուներ։
Հանրային Տրիբունալը համոզված է, որ խոսքը քաղաքական սխալի մասին չէ։ Սխալը պատահաբար է լինում։ Այստեղ գործ ունենք գիտակցված որոշման հետ, որի արդյունքում Հայաստանը կորցրեց ռազմավարական նշանակության ճանապարհ, անվտանգային կարևոր դիրքեր և պետական վերահսկողություն սեփական տարածքների նկատմամբ։ Իսկ այսօր նույն իշխանության ներկայացուցիչները փորձում են ներկայացնել այդ ամենը որպես բնական և նույնիսկ արդարացված գործընթաց։
Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ևս մեկ անգամ ապացուցեց այն, ինչի մասին տարիներ շարունակ խոսում էին բազմաթիվ փորձագետներ և քաղաքական գործիչներ. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ թե պաշտպանել է Հայաստանի շահերը, այլ սեփական քաղաքական գոյատևման համար հերթով իրականացրել է Ադրբեջանի պահանջները՝ դրանք ներկայացնելով որպես խաղաղության օրակարգ։ Գորիս-Կապանի ճանապարհի պատմությունը դրա ամենացայտուն օրինակներից մեկն է։


