Շուշին «դժգու՞յն էր», թե լքված եվ դավաճանված
2020 թվականի նոյեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից արտասանեց իր քաղաքական կենսագրության ամենացնցող ինքնախոստովանություններից մեկը։ Նա հայտարարեց, որ պատերազմից հնարավոր էր խուսափել, եթե հայկական կողմը համաձայնվեր հանձնել յոթ շրջանները՝ ներառյալ Շուշին։ Մի քանի ժամ անց նույն մարդը փորձում էր արդարանալ՝ տալով իր ցինիզմով գրեթե աննախադեպ հարցը, թե եթե Շուշին հանձնվել է, ապա այդ զինվորներն ում հրամանով են կռվել կամ ինչի համար են կռվել։ Այս երկու հայտարարությունների արանքում է թաղված Շուշիի ողբերգության ճշմարտությունը։
Նիկոլ Փաշինյանը միաժամանակ խոստովանում էր երկու բան․ առաջին՝ Շուշին իր համար քաղաքական սակարկության առարկա էր նույնիսկ պատերազմի ընթացքում, երկրորդ՝ Շուշիի համար զոհված տղաների արյունը հետագայում օգտագործվում էր որպես սեփական անմեղության քարոզչական ալիբի։ Փաստորեն, պետության ղեկավարը սեփական ձախողումը փորձում է ծածկել զոհվածների մարմիններով։
Պատերազմի օրերին Հայաստանի հասարակությանը կերակրում էին կեղծ հաղթական գրառումներով, հայրենասիրական հիստերիայով ու ֆեյսբուքյան ներկայացումներով, մինչդեռ ռազմաճակատում փլուզվում էր ամբողջ պաշտպանական համակարգը։ Մի կողմից ժողովուրդը լսում էր «հաղթելու ենք» մոլագար բացականչությունները, մյուս կողմից Շուշին արդեն դատարկվում էր հրամանատարական կազմից։ Նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը քաղաքից դուրս էր բերվում հրամանատարական կետը, ինչի մասին հետագայում խոսեց Սեյրան Օհանյանը՝ պատմելով, որ ինքն ու Արգիշտի Քյարամյանը նույն մեքենայով դուրս են եկել Շուշիից։ Սեյրան Օհանյանի խոսքերով՝ արդեն նոյեմբերի 7-ին նա Արայիկ Հարությունյանի խնդրանքով մեկնում է Երևան՝ սպառազինության հետ կապված հարցեր լուծելու։
Այսինքն՝ խնդիրը միայն մարդկային ռեսուրսների կամ հրամանատարական կազմի մեջ չէր, առկա էին նաև լրջագույն սպառազինության հետ կապված խնդիրներ, որոնց լուծումը բացառապես Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատվության տիրույթում էր։ Եվ եթե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հարկադրված էր հատուկ ներկայացուցիչ ուղարկել Երևան՝ սպառազինության հարցերը ճշտելու և լուծելու համար, ապա դա արդեն ինքնին վկայում է, որ մինչև նոյեմբերի 7-ը նա անձամբ չէր կարողացել այդ հարցում որևէ արդյունավետ պայմանավորվածության հասնել Նիկոլ Փաշինյանի հետ։ Միով բանիվ, գործ ունեինք Փաշինյանի ուղիղ մասնակցությամբ պաշտպանության կազմակերպված փլուզման բոլոր հատկանիշներն ունեցող գործընթացի հետ։ Միանշանակ պարզ է, որ պետական կառավարման ապաշնորհությունն ու քաղաքական հաշվարկները, դավաճանությունն ու սեփական իշխանության պահպանման մոլուցքը խառնվել էին իրար՝ վերածվելով ազգային աղետի։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետագայում բաց տեքստով հայտարարեց, որ հոկտեմբերի 19-20-ին առաջարկվել էր տարբերակ, որով Շուշին մնում էր հայկական վերահսկողության տակ, այնտեղ տեղակայվում էին ռուս խաղաղապահներ, իսկ ադրբեջանցի բնակիչները վերադառնում էին քաղաք։ Պուտինը նույնիսկ ասաց, որ անձամբ համոզել էր Իլհամ Ալիևին ընդունել այդ տարբերակը, սակայն Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր։ Եվ ահա այստեղ սկսվում է ամբողջ նիկոլական գարշահոտության ամենասև ու ամենանեխած հատվածը։ Եթե դու դեռ հոկտեմբերի 19-20-ին մերժել էիր այն տարբերակը, որով Շուշին մնում էր հայկական վերահսկողության տակ, ապա հետո ի՞նչ նպատակով էիր տղաներին ուղարկում դեպի մահաբեր թակարդ։ Ինչի՞ համար էին մարդիկ մեռնում, քո քաղաքական դեմքը փրկելու, քո ապագա արդարացումների, քո ֆեյսբուքյան ողբերգական ստատուսների, թե՞ նրա համար, որ մի օր ասես, թե Ղարաբաղն Ադրբեջան է, և վերջ։
Շուշին սովորական բնակավայր չէր, այլ քարե բերդ, որի նեղ մուտքերն ու ռազմավարական դիրքերը նույնիսկ սահմանափակ ուժերով հնարավոր էին դարձնում երկարատև պաշտպանությունը։ Բայց դրա փոխարեն այնտեղ տիրում էր խառնաշփոթ, անկազմակերպություն ու գրեթե ինքնասպան հակագրոհների մսաղաց։ Մի կողմից ժողովուրդին կերակրում էին «հաղթելու ենք» թմրեցնող քարոզով, մյուս կողմից քաղաքը փաստացի թողել էին բախտի քմահաճույքին։
Անփութության, ապաշնորհության, գուցե նաև դավաճանության ամենաաղաղակող դրսևորումներից մեկն այն էր, որ ադրբեջանական ստորաբաժանումները գրեթե առանց դիմադրության, կարելի է ասել՝ համարյա անարգել, առաջանում էին դեպի Շուշիի մատույցներ։ Անհասկանալի պատճառներով հայկական հրետանին հարվածներ չհասցրեց մեր հետախուզության կողմից հայտնաբերված ադրբեջանական հատուկջոկատային խմբերի կուտակման վայրերին, որոնք գտնվում էին Շուշիից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, այն դեպքում, երբ հակառակորդի տեղակայման կոորդինատները հայկական հետախույզների կողմից փոխանցվել էին։
Հետևաբար այստեղ արդեն դժվար է խոսել միայն ապաշնորհության մասին, այստեղ տեսանելի է դառնում մի շատ ավելի սարսափելի բան՝ Շուշի քաղաքի դիտավորյալ զոհաբերությունը։ Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ Շուշիի պաշտպանության անկազմակերպությունը դիտավորյալ էր: Տպավորություն է ստեղծվում, որ Շուշիում մնացած զինվորներին ի սկզբանե թողել էին զոհվելու, որպեսզի նրանց մահը հետագայում օգտագործվեր որպես քաղաքական ալիբի: Այս տրամաբանությամբ իրականացվեցին նաև «Շուշին հետ բերելու» հակագրոհները, որոնք նոր զոհեր էին ապահովում՝ պարտությունը որպես հերոսական դիմադրություն ներկայացնելու համար: Որպեսզի հետո այդ նույն Նիկոլ Փաշինյանը լկտիաբար հարց տա, թե եթե Շուշին հանձնվել էր, այդ զինվորներն ինչի համար էին կռվում, որպեսզի նա հայտարարի, թե տեսեք, կռիվ եղել է, տեսեք, 150 մարմին ենք դուրս բերել, տեսեք, քաղաքը պարզապես հանձնված չէր։

Նույն տրամաբանությամբ 2022 թվականի սեպտեմբերյան պայմանավորված ռազմական գործողություններով նախապատրաստվեց Արցախի վերջնական հանձնումը թշնամուն։
Ադրբեջանցի գնդապետ Թեհրան Մենսիմովը հետագայում հայտարարեց, որ նոյեմբերի 7-ին քաղաքն արդեն մաքրված էր հայկական ուժերից, սակայն նոյեմբերի 8-ին Արծրուն Հովհաննիսյանը դեռ գրում էր, թե ծանր ու վճռական մարտեր են ընթանում Շուշիի համար, իսկ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են։
Այսինքն՝ կամ հանրությանը գիտակցաբար ստում էին, կամ պետությունը լիովին կորցրել էր իրավիճակի վերահսկողությունը, և երկու դեպքում էլ պատասխանատուն մեկն էր՝ գերագույն գլխավոր հրամանատարը։ Ու մինչ Շուշիի մատույցներում տղաները բառացիորեն մտնում էին մսաղացի մեջ, քաղաքական իշխանությունը զբաղված էր սեփական պատասխանատվությունից փախչելու սցենարներ կառուցելով։
Եվ հենց այստեղ է Շուշիի ողբերգության ամենամռայլ եզրակացությունը։ Շուշին չընկավ միայն ադրբեջանական բանակի գրոհների արդյունքում, Շուշին ընկավ, որովհետև նրա պաշտպանությունը պատշաճ կերպով չէր կազմակերպվել, ընկավ, որովհետև «գերագույն գլխավոր հրամանատարը» կամ ցուցաբերեց հանցավոր անգործություն, կամ գիտակցաբար տարավ իրավիճակը դեպի պարտություն։
Թվում էր, թե Շուշիից հետո, հազարավոր զոհերից հետո, Արցախի կորստից հետո Նիկոլ Փաշինյանը պետք է վերածվեր քաղաքական դիակի, որից նույնիսկ սեփական կողմնակիցները պիտի խուսափեին, թվում էր, թե նա այլևս չպետք է կարողանար ազատ քայլել Երևանի փողոցներով, բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը․ նա ոչ միայն շարունակեց հանգիստ շրջել ու կառավարել երկիրը, այլ նաև սկսեց պողպատյա մուրճով սպառնալ ու հետապնդել իր ընդդիմախոսներին՝ զուգահեռաբար հանձնելով թշնամուն նորանոր տարածքներ։ Եվ դա հնարավոր դարձավ միայն այն պատճառով, որ այս ժողովրդի մի ստվար հատված հերթական անգամ ընտրեց ոչ թե արժանապատվությունը, այլ կռապաշտությունը։ Մի ժողովուրդ, որը տասնամյակներով տարբեր քաղաքական կուռքերի առջև մոմ էր վառում ու նրանց ներկայացնում որպես փրկիչներ, այս անգամ էլ ծնկի եկավ նոր կեղծ մեսիայի առաջ՝ ֆեյսբուքյան լայվերով, փողոցային շոուներով ու «ժողովրդի վարչապետ» կոչվող քաղաքական աճպարարությամբ հիպնոսացված։
Եթե հունիսի 7-ին կրկին հաղթեց կռապաշտությունը, եթե մոլագար «նիկոլապաշտությունը» ևս մեկ անգամ մարդկանց ներսում սպանեց ազգային արժանապատվության զգացողությունը, պատասխանատվությունը սեփական երեխաների ու ապագա սերունդների առջև, ապա դա նշանակում է, որ Հայաստանի և հայ ժողովրդի համար ամենաաղետալի հետևանքները դեռ առջևում են։ Որովհետև այն ժողովուրդը, որը նույնիսկ ազգային աղետից հետո չի կարողանում պատասխանատվություն պահանջել իշխանությունից, այլ շարունակում է նրան աստվածացնել, դատապարտված է նոր կորուստների, նոր նվաստացումների և նոր ազգային ողբերգությունների։ Եվ գուցե նաև արժանի է նման վախճանի։
Կարևոր տեղեկություն։
Հասարակական Տրիբունալի կայքում բացվել է Արցախի բնակիչների նյութական կորուստների վերաբերյալ տեղեկատվության ներկայացման ձևաթուղթը։
Խնդրում ենք այն Արցախի բնակիչներին, ովքեր 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի զավթման հետևանքով կորցրել են իրենց գույքը՝ անշարժ կամ շարժական ունեցվածք, կամ այլ նյութական արժեքներ, լրացնել տվյալ ձևաթուղթը և տրամադրել համապատասխան տեղեկատվություն։
Ձևաթուղթը տեղադրված է կայքի գլխավոր էջում։ Այն գտնելու համար անհրաժեշտ է էջը պտտել դեպի ներքև։
Սա անհրաժեշտ է կրած կորուստների վերաբերյալ տվյալների համակարգման, ընդհանուր պատկերի ձևավորման և հետագա վնասների փաստագրման համար։
Խնդրում ենք տեղեկատվությունը ներկայացնել հնարավորինս մանրամասն և հավաստի՝
— կորսված գույքի տեսակը,
— գտնվելու վայրը,
— մոտավոր արժեքը (եթե հնարավոր է),
— կորստի լրացուցիչ հանգամանքները,
Յուրաքանչյուր դիմում կարևոր է։


