ՎԵՐՋԸ ՆԻԿՈԼԸ ՄԵՂԱՎՈ՞Ր Է, ԹԵ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ․ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՆՈՐԻՑ ՀԻՇԵՑՐԻՆ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

,

44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը արտաբերեց մի նախադասություն, որը հետագայում դարձավ ամբողջ կապիտուլյանտ վարչախմբի հոգեբանական ախտորոշումը․ «Ես պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ»։ Այդ խոսքերը պատահական չէին։ Դրանք մարդու խոսքեր էին, որը գիտակցում էր կատարված աղետի մասշտաբը, բայց միաժամանակ հասկանում էր, որ Հայաստանում ստեղծված քաղաքական, դատաիրավական ու քարոզչական ամբողջ մեքենան իրեն կպաշտպանի, կարդարացնի, կլվանա արյունը, կջնջի մեղքի հետքերը։ Եվ այդպես էլ եղավ։

Այսօր Հայաստանի Հանրապետությունում չկա ոչ մի իրական քննություն 44-օրյա պատերազմի վերաբերյալ։ Կա միայն իշխանության ինքնապաշտպանության մեխանիզմ, որտեղ դատախազությունը, քննչական մարմինները, իշխանական լրատվամիջոցներն ու Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը գործում են նույն տրամաբանությամբ՝ փրկել Նիկոլ Փաշինյանին պատմության և ժողովրդի դատից։ Այդ պատճառով էլ պատերազմի ամբողջ մեղքը հետևողականորեն տեղափոխվում է բանակի վրա։ Մեղավոր են գեներալները, սպաները, կամավորները, նույնիսկ զոհվածները։ Բոլորը, բացի նրանցից, ովքեր տարիներ շարունակ երկիրը վերածեցին քաղաքական կրկեսի, բանակը՝ PR գործիքի, դիվանագիտությունը՝ սրճարանային դեմագոգիայի։

Երբ լսում ես Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննիչ հանձնաժողովի նիստերը, ակամայից հիշում ես Բաքվում կայացած ցուցադրական դատավարությունները Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության դեմ։ Արդեն նախապես որոշված է, թե ով է մեղավոր, ով պետք է հանրության աչքին «հանցագործ» երևա, ում պետք է փրկեն։ Այդ հանձնաժողովի գործունեության մեջ բացակայում է մեկ կարևոր հանգամանք՝ ճշմարտությունը։ Այնտեղ կա միայն քաղաքական պատվեր։ Եվ պատահական չէ, որ հենց այդ ֆոնին Սեյրան Օհանյանի վերջին ելույթը խորհրդարանում հնչեց որպես ծանր հոգեբանական հարված ամբողջ ՔՊ-ական քարոզչամեքենային։

Սեյրան Օհանյանը, լինելով պատերազմի ու բանակի մարդ, շատ լավ հասկանում է մի բան, որը հասարակության մի զգալի մաս դեռ չի համարձակվում ընդունել․ 44-օրյա պատերազմում հայկական բանակը չպարտվեց այնպես, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները։ Բանակը մենակ մնաց։ Մեկ ամիս շարունակ Արցախի պաշտպանության բանակը բառացիորեն սեփական մարմնով պահում էր ճակատը, այն դեպքում, երբ քաղաքական իշխանությունը ապրում էր տեղեկատվական քաոսի, անգործության ու անհասկանալի որոշումների մեջ։ Պատերազմը տանուլ տվեց այն վարչակարգը, որը տարիներ շարունակ զբաղված էր ոչ թե պետություն կառուցելով, այլ՝ իշխանության պահպանման մոլուցքով։

Ուշադրություն դարձրեք, թե ինչ էր ասում Սեյրան Օհանյանը։ Նա խոսում էր ռազմաքաղաքական որոշումների ձախողման մասին, խոսում էր մոբիլիզացիայի տապալման մասին, խոսում էր դիվանագիտական աղետի մասին, խոսում էր այն պետական համակարգի մասին, որը պատերազմի ժամանակ չկարողացավ նույնիսկ հասկանալ, թե որտեղից է գալու հակառակորդի հիմնական հարվածը։ Դրանք պատահական դիտարկումներ չէին։ Դրանք ներսից տեսած մարդու գնահատականներ էին։ Եվ իշխանությունը հենց այդ պատճառով է վախենում նման ելույթներից, որովհետև դրանք քանդում են «ամեն ինչում բանակն է մեղավոր» քարոզչական առասպելը։

Հետաքրքիր է նաև այն, որ Սեյրան Օհանյանը բաց տեքստով հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ մինչ օրս չկա գոնե մեկ քրեական գործ այն դիվանագետների, այն պետական պաշտոնյաների, այն քաղաքական պատասխանատուների նկատմամբ, որոնք տապալել են բանակցային գործընթացը։ Ո՞ւր են նրանք։ Ինչո՞ւ են դատում միայն զինվորականներին։ Ինչո՞ւ պատերազմի պատասխանատվությունը կրում են նրանք, ովքեր խրամատում էին, իսկ նրանք, ովքեր կաբինետներում պետություն էին հանձնում, այսօր դեռ իշխանության են։

 

Այստեղ արդեն խնդիրը միայն քաղաքական չէ։ Սա հասարակության հոգեբանական քայքայման հարց է։ Տարիներ շարունակ հայ հասարակությանը սովորեցրել են, որ պարտությունը պետք է ընդունել որպես «խաղաղության դարաշրջան», նվաստացումը՝ որպես իրատեսություն, ազգային ողբերգությունը՝ որպես զարգացման հնարավորություն։ Մարդկանց ուղեղների մեջ ներդրվել է պարտվածի մտածողություն։ Եվ երբ Արծվիկ Մինասյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում էր, որ գործող իշխանությունը վաղուց վերածվել է թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկուի, նա իրականում նկարագրում էր այն բարոյահոգեբանական մթնոլորտը, որը ձևավորվել է Հայաստանում 2018-ից հետո։

Արծվիկ Մինասյանի ելույթում ամենակարևոր հատվածը թերևս այն էր, որտեղ նա հիշեցնում էր իշխանության ստերի շղթան։ Սկզբում մարդկանց համոզում էին, թե Արցախը երբեք չի հանձնվի։ Հետո սկսեցին բացատրել, որ Արցախը «բեռ» էր։ Սկզբում ասում էին՝ ժողովուրդը ոստիկանության բռնության չի ենթարկվելու։ Հետո նույն ոստիկանությունը մարդկանց գլուխներ էր ջարդում Երևանի փողոցներում։ Սկզբում խոսում էին ժողովրդավարությունից, հետո ամբողջ պետական համակարգը վերածեցին քաղաքական հաշվեհարդարի գործիքի։

 

Հայաստանում ձևավորվել է մի հիվանդ իրականություն, որտեղ իշխանությունը սեփական գոյությունը պահելու համար պատրաստ է զոհաբերել ամեն ինչ՝ բանակ, պետականություն, պատմություն, նույնիսկ ազգային հիշողություն։ Այդ պատճառով էլ այսօր իշխանական քարոզիչները շատ ավելի հեշտ են խոսում «արևմտյան Ադրբեջանի» թեման շրջանցելու անհրաժեշտությունից, քան Արցախի օկուպացիայից։ Այդ պատճառով էլ ադրբեջանական բանտերում պահվող հայերի թեման իշխանության համար դարձել է անհարմարություն, ոչ թե ազգային ողբերգություն։

Երբ Արծվիկ Մինասյանը ասում էր, որ գործող իշխանությունը քաղաքացուն վերածել է հպատակի, դա չափազանցություն չէր։ Հայաստանում իշխանությունը վաղուց կառուցում է վախի, հուսահատության ու բարոյական կապիտուլյացիայի համակարգ։ Մարդուն ամեն օր ներշնչում են, որ ինքը թույլ է, անպաշտպան է, ոչինչ փոխել չի կարող։ Իսկ այդպիսի հասարակությանը կառավարելը շատ հեշտ է։

Հայաստանի ամենամեծ ողբերգությունն այսօր միայն տարածքային կորուստը չէ։ Ամենամեծ ողբերգությունն այն է, որ պետությունը ղեկավարում են մարդիկ, որոնք պարտությունը վերածել են քաղաքական տեխնոլոգիայի։ Եվ քանի դեռ ամբողջ իրավապահ համակարգը ծառայում է մեկ պետական հանցագործի փրկությանը, քանի դեռ քննիչ հանձնաժողովները գործում են իշխանության պատվերով, քանի դեռ պատերազմի իրական պատասխանատուները թաքնված են պետական աթոռների հետևում, հասարակությունը չի ստանա ոչ ճշմարտություն, ոչ արդարություն, ոչ էլ ապաքինում։

Ինչպես կասեր Րաֆֆի-ն՝ «Ծառի որդն իրենից չլինի, հազար տարի կապրի։ Մեր գողը մեր տանից է, մեր որդը մեր ջանիցն է»։ Եվ այսօր այդ խոսքերը հնչում են առավել արդիական, քան երբևէ։ Որովհետև ոչ թե «Շուշին էր դժգույն», այլ Նիկոլ Փաշինյան անունով որդն այդ դժգունությունը փոխանցեց ամբողջ հայ իրականությանը։