ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ. «ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱԶԱՏՎԻ ՆԻԿՈԼԻՑ, ԿԱՄ ՆԻԿՈԼԸ ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ»

«Գոլոս Արմենիի» թերթի՝ «Կամ Հայաստանը կազատվի Նիկոլից, կամ Նիկոլը՝ Հայաստանից» կոշտ վերնագրով հրապարակումը վերջին օրերի ամենաճշգրիտ քաղաքական գնահատականներից մեկն է: Նյութը նվիրված է նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին և այն գաղափարական տրանսֆորմացիային, որը, հոդվածագրի կարծիքով, ապրում է Հայաստանի ներկայիս իշխանությունը:

Քննադատության կենտրոնում Փաշինյանի թեզերն են՝ կապված Արցախի և Ղարաբաղյան շարժման հետ: Հոդվածագիրը փաստացի մեղադրում է վարչապետին ադրբեջանական քաղաքական օրակարգի լեգիտիմացման մեջ՝ նշելով, որ նման հայտարարությունները կասկածի տակ են դնում հայ ժողովրդի բազմամյա ազգային-ազատագրական պայքարը և անարգում հազարավոր զոհերի հիշատակը:

Հեղինակի առանձնակի վրդովմունքն է հարուցում իշխող թիմի ներկայացուցիչների արձագանքը։ Հոդվածում ուղղակիորեն խոսվում է Փաշինյանի թիմակիցների լուռ համաձայնության մասին՝ կապված Ղարաբաղյան շարժման կարևորության վերանայման հետ: Հիշատակվում են Սասուն Միքայելյանի և Գագիկ Մելքոնյանի անունները՝ որպես խորհրդանշական հիշեցում այն մարդկանց մասին, որոնց քաղաքական և ռազմական անցյալն անմիջականորեն կապված է Արցախյան գոյամարտի հետ։ Սակայն, ինչպես նշում է հեղինակը, այսօր նրանք նախընտրում են բանավեճի մեջ չմտնել սեփական իշխանության ղեկավարի հետ:

«Գոլոս Արմենիի»-ն ընդգծում է, որ խոսքն արդեն ոչ թե ստանդարտ քաղաքական առճակատման, այլ խորը արժեհամակարգային և պետական ճգնաժամի մասին է։ Հրապարակման մեջ գործող իշխանության գործողությունները նկարագրվում են որպես արտաքին ուժային կենտրոնների շահերի սպասարկում, իսկ Փաշինյանի քաղաքական ուղեգիծը բնութագրվում է որպես նախկին ազգային նարատիվներից գիտակցված հրաժարում՝ հանուն սեփական իշխանության պահպանման։

Եզրափակիչ մասում հեղինակը զգուշացնում է, որ ներկա փուլը կարող է շրջադարձային դառնալ հայոց պետականության համար, իսկ հասարակությունը, նրա կարծիքով, կանգնած է ընտրության առջև, որի հետևանքները որոշիչ կլինեն երկրի ապագայի համար. կամ Հայաստանը կազատվի Նիկոլից, կամ Նիկոլը՝ Հայաստանից:

«Հանրային տրիբունալը» սկզբունքորեն կարևոր է համարում այն փաստը, որ հայկական մեդիատիրույթում շարունակում են հնչել գնահատականներ, որոնք ուղղակիորեն բարձրացնում են տեղի ունեցող գործընթացների համար իշխանության քաղաքական և պատմական պատասխանատվության հարցը։

Մեր կողմից միայն հավելենք. Սասուն Միքայելյանի դիրքորոշումն այս դեպքում դժվար թե որևէ մեկին զարմացնի։ Բավական է հիշել նրա սկանդալային հայտարարությունը 2018 թ. նոյեմբերին Թալինում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Այդ ժամանակ Միքայելյանը, լինելով «Ելք» խմբակցության պատգամավոր, հրապարակավ հայտարարեց, թե «թավշյա հեղափոխության» հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը:

«Մեր նորագույն պատմության մեջ մենք կարողացանք հասնել այն գագաթնակետին, որն անհնարին էր թվում. նախորդ իշխանությունների օրոք ձևավորվել էր կարծիք, թե հնարավոր չէ հաղթել»,- 2018 թ. աշնանը հայտարարում էր Սասուն Միքայելյանը՝ խոսելով Հայաստանում իշխանափոխության մասին: Այնուհետև հնչեց այն արտահայտությունը, որը շատ առումներով խորհրդանշական դարձավ նոր իշխանության ողջ հետագա գաղափարական էվոլյուցիայի համար. «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, բայց այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»։

Արդեն այն ժամանակ ակնհայտ դարձավ, որ նոր իշխանության համար քաղաքական կոնյունկտուրան և սեփական «հեղափոխական» լեգիտիմության պաշտամունքն աստիճանաբար սկսեցին փոխարինել ազգային-պետական արժեհամակարգին: Եվ այսօրվա լուռ համաձայնությունն Արցախյան շարժման վերանայմանը, պատահական դրվագ չէ, այլ իշխանափոխությունից հետո առաջին իսկ ամիսներին սկիզբ առած աշխարհայացքային դեգրադացիայի տրամաբանական շարունակություն:

Եվ եթե 2020 թ. նոյեմբերի ազգային աղետից, հազարավոր զոհերից, Շուշիի կորստից և կապիտուլյացիոն հայտարարությունից հետո, իսկ այնուհետև 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վերջնական հանձնումից և հայ բնակչության տեղահանումից հետո Սասուն Միքայելյանը շարունակեց մնալ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմում, ապա դա արդեն քաղաքական կարգապահության կամ կուսակցական հավատարմության հարց չէ, այլ՝ գիտակցված մեղսակցություն:

Որովհետև այս ամենից հետո նրանց կողքին մնալ՝ նշանակում է ընդունել տեղի ունեցածը, ընդունել Արցախի հանձնումը, ընդունել ազգային անվտանգության համակարգի քայքայումը, ընդունել պետության նվաստացումը և արդարացնել այն քաղաքական գիծը, որը քայլ առ քայլ երկիրը հասցրեց ներկայիս վիճակին:

Եվ այդ ժամանակ նրա 2018 թ. խոսքերը, թե «հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը», դադարում են պատահական քաղաքական էկզալտացիա թվալ: Այսօր դրանք արդեն ընկալվում են որպես այդ ողջ ուժի ծրագրային հայտարարություն, որը հանուն իշխանության պահպանման պատրաստ եղավ զոհաբերել ոչ միայն Արցախը, այլև՝ հայոց պետականությունը: