«Ղարաբաղը մերը չի եղել»․ ինչպես է Փաշինյանը ջանասիրաբար փորձում շրջել հայ ժողովրդի պատմության վերջին էջը

44-օրյա պատերազմից հետո մի հարց անդադար ծանրացել է հանրային գիտակցության վրա․ ինչպե՞ս կարողացավ իշխանությունը պահպանել մի մարդ, որի կառավարման արդյունքը դարձավ ազգային աղետը։ Ինչպե՞ս եղավ, որ պետական ամենաբարձր ամբիոններից սեփական մեղքի ու դավաճանության մասին ինքնախոստովանական հայտարարություններով հանդես եկած քաղաքական գործիչը շարունակեց շրջել Հայաստանի քաղաքներով, մասնակցել քարոզարշավների և նույնիսկ ստանալ հասարակության մի հատվածի աջակցությունը։ Այս հարցը վաղուց դուրս է եկել զուտ քաղաքական գնահատականների շրջանակից։ Այն վերածվել է ազգային հոգեվիճակի, արժանապատվության և հասարակական դիմադրողականության մասին ծանր եզրահանգման։ Հանրության անտարբերությունը սեփական նվաստացման նկատմամբ ամենավտանգավոր ճգնաժամերից մեկն է, որովհետև այդ պահից սկսվում է պետության քայքայումը ներսից։

Թվում էր՝ Նիկոլ Փաշինյանն արդեն հատել է քաղաքական ցինիզմի, ուրացման և ազգային սրբությունների պղծման բոլոր սահմանները։ Սակայն նրա յուրաքանչյուր հաջորդ ելույթից հետո ավելի ակնհայտ է դառնում, որ բարոյական անկումը նրա քաղաքական վարքագծի գլխավոր բնութագրին է։ Սյունիքում, հերթական քարոզչական ներկայացման ժամանակ, նա հայտարարեց, թե «Ղարաբաղը մերը չի եղել»։ Այդ արտահայտությունը ցնցեց նույնիսկ այն մարդկանց, որոնք վաղուց սովորել էին իշխանության պարտվողական ու ապազգային հռետորաբանությանը։

Մարդը, ում իշխանության օրոք Արցախը հայաթափվեց, հազարավոր ընտանիքներ կորցրին իրենց որդիներին, տները, գերեզմաններն ու հայրենիքը, այսօր արդեն փորձում է կասկածի տակ դնել հենց Արցախի հայկականությունը։ «Ինչո՞վ է մերը եղել, մի հատ բացատրեք», — ասում է նա՝ սեփական քաղաքական կապիտուլյացիան ներկայացնելով որպես «իրատեսություն»։

Այս մոտեցման հիմքում պատասխանատվությունից խուսափելու փորձն է։ Պարտության ծանր բեռը հասարակության վրա թողնելու համար անհրաժեշտ է նախ արժեզրկել հենց կորցրած հայրենիքի գաղափարը։

Սակայն ողբերգությունն ավելի խորն է։ Վտանգավոր է այն մթնոլորտը, որը աստիճանաբար ձևավորվում է հանրային դաշտում։ Ազգային նվաստացումը փորձում են ներկայացնել որպես քաղաքական հասունություն, իսկ պատմական իրավունքների պաշտպանությունը՝ որպես ծայրահեղականություն։ Հանրային խոսույթում հետևողականորեն տարածվում է այն միտքը, թե պարտությունը պետք է ընդունել որպես «նոր իրականություն», իսկ ազգային հիշողությունը՝ որպես խանգարող հանգամանք։ Սա պայքար է մեր ժողովրդի պատմական հիշողության դեմ, նրա ինքնության և ապագայի դեմ։

Այս հայտարարություններին արձագանքեցին բազմաթիվ մարդիկ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ Ռուսաստանաբնակ բժիշկ Միքայել Սարգսյան իր հուզական տեսաուղերձում մի քանի նախադասությամբ փլուզեց Փաշինյանի քարոզչական թեզերը․

«Արցախը Ամարասով է հայկական, Արցախը Դադիվանքով է հայկական, Արցախը Տիգրանակերտով է հայկական, Արցախը հազարավոր խաչքարերով է հայկական, հարյուրավոր եկեղեցիներով ու վանքերով է հայկական, տասնյակ սերունդների գերեզմաններով է հայկական»։

Եվ իսկապես, ինչպե՞ս կարելի է օտար անվանել այն հողը, որի վրա դարերով ձևավորվել է հայկական պետական, մշակութային և հոգևոր կյանքը։ Ինչպե՞ս կարելի է ժխտել մի տարածքի հայկականությունը, որտեղ յուրաքանչյուր վանք, յուրաքանչյուր խաչքար, յուրաքանչյուր պատմական շերտ վկայում է հայկական ներկայության մասին։ Արցախը հայկական քաղաքակրթության կարևորագույն հենասյուներից է։ Այնտեղ հայկականությունը պարզապես գոյություն չի ունեցել․ այնտեղ այն արարել է, պաշտպանվել է և փոխանցվել սերունդներին։

Եվ միայն Փաշինյանի դավաճանական քաղաքականության հետևանքով այդ հայրենիքը հանձնվեց Ադրբեջանին՝ ռազմական պարտության, քաղաքական կամազրկության և հետևողական զիջումների շղթայի միջոցով։ Այսօր էլ նա փորձում է հանրությանը ներքաշել նվաստացուցիչ ու կեղծ բանավեճի մեջ՝ «Արցախը մերն է, թե՞ մերը չէ» թեմայով։ Այդ հարցադրումն ինքնին մանիպուլյատիվ է, որովհետև Արցախի հայկականությունը քննարկման ենթակա թեմա չէ։ Այն պատմական, մշակութային և քաղաքակրթական իրողություն է։

Եվ այստեղ առաջանում է մի հարց, որից Փաշինյանն ու նրա գաղափարական աջակիցները մշտապես խուսափում են․ իսկ ինչո՞վ է Արցախը ադրբեջանական։ Ի՞նչ պատմական իրավունք ունի Ադրբեջանը Արցախի նկատմամբ։ Այդպիսի իրավունք գոյություն չունի։ Իրավական դաշտում ևս պատկերը չափազանց անհարմար է Բաքվի համար։ Արցախի ընդգրկումը Խորհրդային Ադրբեջանի կազմում հիմնված էր 1921 թվականի հուլիսի 5-ի Կովկասյան բյուրոյի քաղաքական որոշման վրա։ Սակայն ներկայիս Ադրբեջանը սեփական սահմանադրությամբ մերժել է իր խորհրդային իրավահաջորդությունը՝ դրանով խարխլելով նաև այդ որոշման իրավական հիմքը։

Արցախը կարող է ժամանակավորապես օկուպացված լինել, կարող է բռնի ուժով հայաթափված լինել, սակայն նրա հայկական էությունը չի վերանում։ Պատմությունը չի փոխվում նախընտրական ելույթներով։ Ամարասը, Դադիվանքը, Գանձասարը, Տիգրանակերտը և հազարավոր խաչքարերը շատ ավելի ծանրակշիռ վկայություններ են, քան ցանկացած իշխանության քարոզչական հնարքները։ Արցախում ցանկացած քար և ցանկացած թուփ պահպանել են հայկական դարավոր հիշողությունը և շարունակելու են պահպանել այն ի հեճուկս փաշինյանների։

Այս ֆոնին առանձնահատուկ հնչողություն են ստանում Մոնթե Մելքոնյան խոսքերը, որոնք այսօր վերածվել են քաղաքական և բարոյական չափանիշի․

«Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը…»

Այս նախազգուշացումը այսօր հնչում է գրեթե մարգարեական ճշգրտությամբ, որովհետև Նիկոլ Փաշինյանի քաղաքական գիծը հետևողականորեն տանում է դեպի հազարամյակների պատմության ավարտ՝ ջնջելով ազգային հիշողությունը, ուրանալով պատմական ծառանգությունը և ազգային սրբությունները և թուլացնելով պետականության հիմքերը։

Եվ եթե հայ ժողովուրդը չի ցանկանում դառնալ սեփական պատմության ողբերգական ավարտի լուռ վկան, ապա առաջիկա ընտրությունները պետք է ազգային զարթոնքի սկիզբ վերածվեն։ Հունիսի 7-ը պետականության պահպանման և վերջնական կազմաքանդման միջև հստակ սահմանագիծ է։ Նիկոլ Փաշինյանի մերժումը այս պայմաններում դառնում է ոչ միայն քաղաքական ընտրություն, այլև պատմական անհրաժեշտություն։ Հակառակ դեպքում Հայաստանը կարող է կորցնել պետականության այն վերջին հենասյուները, որոնք հրաշքով դեռ պահպանվել են։