Սերժ Սարգսյանի քաղաքական ստվերը․ ընդդիմությո՞ւն, թե՞ իշխանության անուղղակի հենարան

Серж Саргсян награждает Микаэла Минасяна

Հայ ժողովուրդը այսօր ականատեսն է իր դարավոր պատմության խտացված կրկնությանը, որի դրվագներին բազմիցս հանդիպել է պատմության տարբեր փուլերում։

Եթե հայրենիքի ճակատագրով մտահոգ մարդկանց համար կասկած չկա, որ Նիկոլ Փաշինյանը սպասարկում է օտար շահեր, ապա ցավալի է արձանագրել, որ դեռևս կան մարդիկ, ովքեր նույն վստահությամբ չեն պնդում, որ օտարի շահերին ծառայում են նաև Սերժ Սարգսյանը և Միքայել Մինասյանը։

Քանի դեռ բազմաթիվ փաստերի վրա (որոնց մի մասին անդրադարձել ենք, մի մասին՝ առաջիկայում կանրադառնանք) հիմնված տեսակետը լիարժեք չի ընկալվում, վերջիններիս հաջողվում է ընդդիմադիր դաշտում ականներ տեղադրել և պարբերաբար կեղծ օրակարգեր ձևավորել, ինչը փաստացի նպաստում է Նիկոլ Փաշինյանի դիրքերի ամրապնդմանը։

Պետք է ընդունել, որ պատմության ընթացքում սա առաջին դեպքը չէ, երբ արտաքին ուժերին՝ մասնավորապես Թուրքիային և Արևմուտքին, հաջողվել է իրենց շահերը սպասարկող անձանց ներկայացնել որպես ազգային առաջնորդներ՝ հայրենասիրության դիմակով։

Ներկա փուլում, երբ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ամենաիրատեսական ճանապարհը ընտրություններն են (չբացառելով նաև հետագա փողոցային պայքարը), տրամաբանական կլիներ, որ ընդդիմությունը հանդես գար միասնական դիրքերից, եթե այն իսկապես առաջնորդվում է Հայաստանի շահերով։

Բայց, փաստացի, տեսնում ենք, որ Սերժ Սարգսյանը և Միքայել Մինասյանը, հանդես գալով հայրենասիրական դիրքերից, իրենց գործողություններով հարվածում են ընդդիմությանը՝ տարբեր պատճառաբանություններով, ինչն էլ, ըստ էության, ծառայում է գործող իշխանության շահերին։

Այս անձանց մինչ օրս հաջողվում է մնալ քաղաքական դաշտում՝ «ընդդիմադիրի» անվան տակ։ Դա պայմանավորված է ոչ միայն հասարակության որոշ հատվածների անբավարար տեղեկացվածությամբ, այլ նաև ընդդիմադիր ուժերի կողմից հստակ հայտարարությունների և գնահատականների բացակայությամբ։

Քանի դեռ ընդդիմության հիմնական դերակատարները հստակ քաղաքական գնահատական չեն տալիս Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին և չեն դատապարտում նրա վարած արտաքին քաղաքականությունը, որի հետևանքներով դրվեց Արցախի կորստի և մեր պետականության վտանգման հիմքը, Սերժ Սարգսյանին շարունակելու է հայրենասերի դիրքերից ծառայություն մատուցել Նիկոլին՝ մի կողմից ձայներ փոշիացնելով Արման Թաթոյանի միջոցով, մյուս կողմից՝ հասարակության աչքին սևացնել ընդդիմությանը։

Մենք պետք է ընդունենք, որ արևմտյան քարոզչությունը հաջողվում է՝ նախ մեր բացթողումների և ոչ միասնական գործելու պատճառով։ Առանց կենտրոնացված պայքարի ձևավորման մենք շարունակելու ենք կաղալ, իսկ արևմտյան խոսափողները շարունակելու են մեր միջից ճշմարտություն խոսողներին մարգինալացնել՝ առանձին-առանձին։

Պատմական կարևոր դրվագին անդրադառնալով՝ ավելի ակնհայտ կդառնա, որ մենք իսկապես քարոզչական դաշտում շտկվելու անհրաժեշտություն ունենք։

Օրինակ՝ 1920 թ. (մինչև պատերազմը) Հայաստանի Հանրապետությունը փաստացի վերահսկում էր մոտ 50,000-ից 60,000 կմ² տարածք՝ ներառյալ Կարսը, Արդահանը, Սուրմալուն և Արարատ լեռը, որը ժառանգել էր Ցարական Ռուսաստանից։

Բայց 1920 թվականի դեկտեմբերի 2-ին դաշնակցական կառավարության ստորագրած Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանին մնում է ընդամենը մոտ 9,000–10,000 կմ² տարածք (Երևանի և Սևանի շրջակայքը)։

1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Խորհրդային Հայաստանը վերադարձրեց Ալեքսանդրապոլի պայմանագրով կորսված զգալի տարածքներ՝ Լոռին, Շիրակի մի մասը և այլն։ ՀՀ տարածքը դարձավ մոտ 29,800 կմ²։

Սա պատմական իրողություն է, որի հետ վիճել հնարավոր չէ։

Բայց, փաստացի, հայ հասարակության արևմտյան քարոզիչները հավատացրել են, թե Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Արցախը և Նախիջևանը հանձնվել է Ադրբեջանին։

1921-ի փետրվարյան ապստամբության ժամանակ, երբ բոլշևիկները նահանջել էին, Վրացյանը դիմեց Թուրքիային՝ ակնկալելով զենք և զինամթերք՝ ընդդեմ Կարմիր բանակի։ Դա բացատրվում էր նրանով, որ այդ պահին բոլշևիկները դիտվում էին որպես ավելի մեծ սպառնալիք անկախության համար, քան թուրքերը (որոնց հետ ընդամենը երկու ամիս առաջ էր կնքվել Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով, փաստացի, Հայաստանը դադարում էր գոյություն ունենալ)։ Նամակի բովանդակությունը գրեթե չի տարբերվում մեր օրերում Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի ուղղիղ և քողարկված ակնարկներից՝ ֆեյք ինքնիշխանության և Թուրքիայի հետ հարաբերություններ վերականգնելու մասով։

Ավելի պարզ ասած՝ Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետը օգնություն էր խնդրում թուրքերից՝ ընդդեմ բոլշևիկների, որոնց շնորհիվ Հայաստանը մի քանի ամսում եռապատկել էր իր տարածքները։

Այսօր հասարակությունը կամ լոյալ է, կամ հերոսացնում է առաջին հանրապետության վերջին վարչապետին, բայց բացասական գնահատում այն հայերին, որոնց խոհեմ քաղաքականության արդյունքում կյանքի չկոչվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը։

Այսօր կրկին մենք տեսնում ենք, որ թուրքերի հետ, ընդդեմ Հայաստանի շահի համագործակցող իշխանությունը քարոզչական դաշտում ասոցացվում է ինքնիշխանության հետ՝ սկսած Սերժ Սարգսյանից, բայց Հայաստանի շահով առաջնորդվող ընդդիմությունը, որը կարևորում է Ռուսաստանի դերը մեր երկրի ապագայում, ներկայացվում է որպես ռուսական գործակալ։