Տղամարդու խոսքի արժեզրկո՞ւմ. Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի համար դատարկ բան է
Գոյություն ունի կայուն պատկերացում, թե վերջին երկու տասնամյակների հայաստանյան քաղաքականության մեջ եղել է առնվազն երկու տարբեր ժամանակաշրջան՝ մինչև 2018 թվականը և դրանից հետո։ Մեկը կապում են Սերժ Սարգսյանի, մյուսը՝ Նիկոլ Փաշինյանի անվան հետ։ Առաջինը բնորոշվում է որպես «հին համակարգ», երկրորդը՝ «հեղափոխական նորացում»։ Սակայն, եթե մի կողմ դնենք կարգախոսները, փողոցային ելույթների պաթոսն ու պաշտոնական ճառերը, ապա ի հայտ է գալիս մի պատկեր, որը նվազ հակադիր է և շատ ավելի տագնապալի:
ԽՈՍՔԸ ՊԱՐԶ ՓԱՍՏԻ ՄԱՍԻՆ Է. ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ:
Ընդ որում, չեն կատարվում ոչ թե պատահականորեն կամ հանգամանքների բերումով, այլ համակարգային ձևով, կարծես թե հենց դա է իշխանության գործունեության հիմնական մեխանիզմը:
Սկսենք Սերժ Սարգսյանից:
2014 թվականին նա խոստացավ, որ սահմանադրական բարեփոխումներից հետո մտադիր չէ զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Ձևակերպումը չափազանց հստակ էր՝ առանց վերապահումների և երկիմաստությունների: Սակայն արդեն 2018 թվականի ապրիլին՝ նախագահական ժամկետի ավարտից անմիջապես հետո, նա զբաղեցրեց հենց այդ պաշտոնը:
Իհարկե, կարելի է երկար դատողություններ անել սահմանադրական բարեփոխումների, խորհրդարանական մոդելին անցնելու, այդ քայլի ֆորմալ լեգիտիմության մասին: Սակայն վերջնարդյունքում մնում է մի պարզ բան. խոստումը տրվել էր, և այն դրժվեց:
Հետևանքները հայտնի են. զանգվածային բողոքի ցույցեր, փողոցային ճնշում, իշխանության գահավիժում:
է պատահում, ոչ այնքան բուն որոշման պատճառով, որքան վստահության կորստի:
Որովհետև քաղաքականության մեջ, տարօրինակ կերպով, վստահությունը շատ ավելի փխրուն արժեք է, քան իշխանությունը:
Սակայն սխալ կլիներ ամեն ինչ հանգեցնել միայն մեկ դրվագի:
Տնտեսական խոստումները՝ աճ, աշխատատեղեր, բարեկեցության բարձրացում, մեծամասամբ այդպես էլ մնացին թղթի վրա: Երկիրը շարունակում էր բնակչություն կորցնել, աղքատության մակարդակը մնում էր բարձր, իսկ կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսակցություններն ուղեկցվում էին պարբերական սկանդալներով, որոնցում շոշափվում էին նույն ծանոթ ազգանունները:
Կարելի է որքան ասես խոսել արտաքին գործոնների, ճգնաժամերի ու օբյեկտիվ դժվարությունների մասին, բայց փաստը մնում է փաստ. հայտարարված նպատակներն ու ձեռքբերված արդյունքներն այդպես էլ չհամընկան:
Այժմ անդրադառնանք Նիկոլ Փաշինյանին:
Նրա իշխանության գալն ուղեկցվում էր բոլորովին այլ տրամադրությամբ՝ հույսով, ոգևորությամբ, արդարություն հանդեպ հավատով: Թվում էր, թե այս անգամ ամեն ինչ այլ կլինի:
ԹՎՈՒՄ ԷՐ…
Առանցքային խոստումներից մեկը Արցախի թեման էր: Հնչող հայտարարությունները բարձրագոչ էին, վստահ և, ինչպես այն ժամանակ էր թվում, անառարկելի: Ինքնորոշման հարցը, միջազգային ճանաչումը, ազգային արժանապատվությունը՝ այս ամենը մատուցվում էր որպես մի բան, որը ոչ միայն հնարավոր է, այլև անխուսափելի:
Սակայն իրականությունը, պարզվեց, բոլորովին այլ էր:
2020 թվականի պատերազմը, հաջորդող իրադարձությունները և 2023 թվականի վերջնական հանգուցալուծումը հանգեցրին մի արդյունքի, որը դժվար է անվանել այլ կերպ, քան ազգային ողբերգություն: Կորուստները՝ մարդկային, տարածքային, հոգեբանական, անհամաչափ էին տարիներ շարունակ ձևավորված սպասումներին:
Կարելի է վիճել պատճառների շուրջ, մեղավորներ փնտրել արտաքին աշխարհում, հղում անել աշխարհաքաղաքականությանը: Սակայն, ինչպես և նախորդ դեպքում, մնում է առանցքային հարցը՝ արդյո՞ք խոստումները համապատասխանում էին իրականությանը:
Պատասխանը, ցավոք, ակնհայտ է:
Վիճակը լավ չէ նաև մյուս ուղղություններում:
Կոռուպցիայի դեմ պայքարը, չնայած բարձրագոչ հայտարարություններին և ցուցադրական գործընթացներին, այդպես էլ չվերածվեց համակարգային երևույթի: Դատական բարեփոխումները ձգձգվեցին, ինստիտուտների հանդեպ վստահությունը չմեծացավ, իսկ «ժողովրդի իշխանության» մասին խոսակցություններն ավելի ու ավելի հաճախ են բախվում կառավարման մեթոդների վերաբերյալ դժգոհություններին:
Տնտեսությունը, հակառակ «թռիչքային» աճի սպասումներին, կրում է ճգնաժամերի և պատերազմի հետևանքները:
Անվտանգությունը մնում է խնդրահարույց, իսկ արտաքին քաղաքական հավասարակշռությունը՝ ծայրահեղ անկայուն:
ԵՎ ԱՀԱ ԱՅՍՏԵՂ Է Ի ՀԱՅՏ ԳԱԼԻՍ ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ
Չնայած բոլոր տարբերություններին՝ հռետորաբանության, իշխանության գալու եղանակների և քաղաքական ոճի, վերջնարդյունքում զարմանալիորեն նույն պատկերն է ստացվում:
Մեկը խոստանում էր կայունություն և հաջորդականություն, բայց ստացավ վստահության ճգնաժամ:
Մյուսը խոստանում էր արդարություն և ազգային վերածնունդ, բայց երկիրը հասցրեց ծանրագույն կորուստների:
Տարբեր խոսքեր։ Տարբեր կարգախոսներ։ Բայց միևնույն արդյունքը՝ անհամապատասխանություն խոստացվածի և արվածի միջև:
Կարելի է, իհարկե, փորձել սա բացատրել պատահականություններով, արտաքին հանգամանքներով կամ պետության կառավարման բարդությամբ։ Սակայն այդ դեպքում ստիպված կլինենք ընդունել, որ նման «պատահականությունները» չափազանց պարբերական են դարձել՝ պատահականություն համարելու համար:
Եվ այդ ժամանակ այս խոսակցությունը հանգում է չափազանց պարզ և, հենց այդ պատճառով էլ առավել տհաճ մի ճշմարտության:
ԵԹԵ ԽՈՍՏՈՒՄԸ ԴԱԴԱՐՈՒՄ Է ԼԻՆԵԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ԱՅՆ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԴԱՏԱՐԿ ՀՆՉՅՈՒՆԻ:
Քաղաքականության մեջ դա հնչում է որպես ծրագիր, ռազմավարություն կամ ուղեգիծ: Իրականության մեջ՝ որպես բառերի մի հավաքածու, որը որևէ հետևանք չի ունենում դրանք արտաբերողների համար:
Այնինչ բոլորովին վերջերս համարվում էր, որ խոսքը ավելին է, քան պարզապես քարոզչության գործիք։ Որ դրա հետևում պատասխանատվություն կա։ Որ այն պարտավորեցնում է։
Այսօր, սակայն, տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի «շնորհիվ» այդ կապը խզված է:
Ասվեց՝ մոռացվեց:
Խոստացվեց՝ վերանայվեց:
Հայտարարվեց՝ պատճառաբանվեց «փոխված հանգամանքներով»։
Եվ եթե այս ամենին նայենք ոչ թե քաղաքագետի, այլ այն մարդու աչքերով, ով ամեն օր տեսնում է շուրջը կատարվողը, ապա հատկապես նկատելի է դառնում, և այստեղ վիճելն անիմաստ է, որ Սերժ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին միավորում է ոչ թե ծրագիրը, ոչ թե գաղափարախոսությունը կամ ամբիոնից հնչող գեղեցիկ բառերը, այլ միևնույն կենսահայեցողությունը՝ առաջին հայացքից գրեթե աննկատ, բայց դրանով իսկ ավելի կործանարար. խաբեությունն ու մարդկանց սպասումների հմուտ մանիպուլյացիան, որոնք վերածվել են իշխանության գլխավոր գործիքի:
Արդյունքում հանգում ենք մի բանի, որը չի պահանջում ո՛չ բարդ աղյուսակներ, ո՛վ էլ քաղաքագիտական հաշվարկներ:
Տղամարդու խոսքը Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի համար գրոշի արժեք չունի:


