Սերժ Սարգսյան — Նիկոլ Փաշինյան․ մեկ բեմ, մեկ ռեժիսոր, մեկ ավարտ

Այսօր հայաստանյան քաղաքական դաշտում ականատես ենք լինում մի պարադոքսալ երևույթի, որտեղ փաստերը փոխարինվում են մանիպուլյացիոն պիտակներով։ Արցախի կորուստը, որը Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի վարած հետևողական արևմտամետ քաղաքականության ողբերգական հետևանքն էր, այսօր փորձ է արվում ներկայացնել բոլորովին այլ լույսի ներքո։

Տարիներ շարունակ, երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր էր, նա և արևմտյան դրամաշնորհներով սնվող բազմաթիվ ՀԿ-ներ ու լրատվամիջոցներ Սերժ Սարգսյանին հետևողականորեն ներկայացնում էին որպես ռուսական դրածո։ Այս մանիպուլյացիան ուներ հստակ նպատակ՝ փրկել Արևմուտքի դեմքը։

Ներկայացնելով Սարգսյանին որպես Ռուսաստանի մարդ՝ Արևմուտքը տպավորություն էր ստեղծում, թե Ռուսաստանն այնքան վատն է, որ իր ազդեցության գոտում իշխում են թալանչի ու անարդար համակարգեր՝ հովանավորվող «պրոեկտների» միջոցով։

Մինչդեռ իրականում «Սերժի ռուսական պրոեկտ» հեքիաթի քողի տակ Սարգսյանի իշխանությունը խորացնում էր արևմտյան օրակարգերը՝ զուգահեռաբար ծաղկեցնելով ներքին անպատժելիությունն ու թալանը, որը բարդվում էր Ռուսաստանի վրա։ Այդ բացահայտ արվող անարդարության և թալանի նպատակն էլ, իր հերթին, ֆեյք հեղափոխություն նախապատրաստելու հիմքեր ստեղծելն էր. հակառակ դեպքում այդքան բացահայտ անարդարություն չէր արվի Սերժի կողմից։

Այսօր պատկերը կրկնվում է հայելային ճշգրտությամբ։ Սերժ Սարգսյանի կողմնակիցներն ու նրա կողմից ֆինանսավորվող, բայց այլ դիրքերից հանդես եկող սազանդարները հիմա էլ Նիկոլ Փաշինյանին են փորձում ներկայացնել որպես «ռուսական պրոեկտ»։ Սա արվում է բացառապես սեփական պատասխանատվությունը սրբագրելու համար։

Նիկոլ Փաշինյանի վարած ազգակործան քաղաքականությունը և Արցախի հայաթափումը փորձ է արվում բարդել Ռուսաստանի վրա։ Սա հարմարավետ թեզ է. եթե Փաշինյանը ռուսական պրոեկտ է, ուրեմն Արցախի կորուստը ոչ թե հայկական իշխանության արևմտամետ և թուրքամետ քաղաքականության կամ դիտավորյալ քայլերի արդյունքն է, այլ Ռուսաստանի «դավաճանության»։

Այս մանիպուլյացիոն շղթան շրջանառության մեջ դնելով՝ Արևմուտքը փորձում է իր հեռահար նպատակների համար Հայաստանի ու Արցախի զոհաբերումը տեղավորել «ռուսական պրոեկտ» պիտակի տակ։ Այս ամենի արդյունքում իրական մեղավորները՝ ՀՀԿ-ն՝ ի դեմս Սերժ Սարգսյանի և Միշիկի (Միքայել Մինասյանի), շարունակում են մնալ ջրի երեսին՝ փրկելով իրենց և իրենց արտաքին հովանավորների դեմքը։

Քանի դեռ մենք չենք սովորել իրերը կոչել իրենց անուններով և տեսնել պիտակների հետևում թաքնված իրական շահերն ու նպատակները, Սերժին ու Նիկոլին հաջողվելու է ընդդիմադիր դաշտում ականներ տեղադրել և պարբերաբար կեղծ օրակարգեր գեներացնել։