«Գահերի խաղը» Հայաստանում. Սարգսյանը, Մինասյանը և Փաշինյանն ընդդեմ Քոչարյանի. պայքար ազգի հոգու համար

Չնայած այն բանին, որ Հայաստանի քաղաքական ուժերի դասավորությունը և առանցքային խաղացողների դրդապատճառները վաղուց արդեն գաղտնիք չեն ո՛չ մասնագետների, ո՛չ էլ ուշադիր հասարակության համար, ընտրությունների նախաշեմին Ռոբերտ Քոչարյանի և նրա գլխավորած «Հայաստան» դաշինքի դեմ տեղեկատվական արշավի ակտիվացումը սկզբնապես կարող էր սովորական նախընտրական բանավեճի տպավորություն ստեղծել։ Թվում էր, թե խոսքը ստանդարտ մրցակցության մասին է, որի շրջանակներում կողմերը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում և ձգտում ամրապնդել իրենց դիրքերը։

Սակայն իրադարձությունների հետագա զարգացումը, տարբեր՝ առաջին հայացքից իրար հետ չկապված խմբերի գործողությունների համաժամանակայնությունը, ինչպես նաև այն համառությունը, որով վերարտադրվում են միևնույն թեզերը, վկայում են տեղի ունեցողի բոլորովին այլ բնույթի մասին։ Խոսքը ոչ թե տարերային քաղաքական պայքարի, այլ նպատակաուղղված և համակարգված արշավի մասին է, որն ունի հստակ խնդիր՝ թույլ չտալ ընտրազանգվածի համախմբումը «Հայաստան» դաշինքի շուրջ և նվազագույնի հասցնել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կշիռը առաջիկա ընտրական փուլում։

Ռոբերտ Քոչարյանի, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության և «Առաջ» կուսակցության մասնակցությամբ «Հայաստան» դաշինքի ստեղծման մասին հայտարարությունը դարձավ հենց այն պահը, որից հետո թաքնված գործընթացները դուրս եկան մակերես։ Փաստացի անմիջապես սկսվեց լայնածավալ տեղեկատվական գրոհ, որում ներգրավված են ինչպես իշխանական ռեսուրսները, այնպես էլ այն խմբերը, որոնք ձևականորեն իրենց դիրքավորում են իշխանությունից դուրս։ Այս արշավի կենտրոնական տարրը դարձավ հասարակությանը պարտադրվող այն թեզը, թե դաշինքը իբր ի վիճակի չէ հաղթահարել ընտրական շեմը, ինչը փաստական հիմքերի բացակայության պայմաններում վկայում է ոչ թե վերլուծության, այլ հանրային վարքագծի ծրագրավորման փորձի մասին։

Այս կոնֆիգուրացիայում հատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի շրջապատի գործունեությունը, ում մեդիառեսուրսները տևական ժամանակ վերարտադրում են Ռոբերտ Քոչարյանի դեմ ուղղված միևնույն նարատիվները։ Հատկանշական է, որ օգտագործվող թեզերը գրեթե բառացիորեն համընկնում են 2008-2018 թվականներին վերահսկվող կառույցների միջոցով տարածվող թեզերին։ Սա վկայում է ոչ միայն մեթոդների շարունակականության, այլև ռազմավարական խնդրի պահպանման մասին, այն է՝ Քոչարյանի՝ որպես ինքնուրույն քաղաքական գործոնի վերացումը։

Իմպիչմենտի թեման, որն ակտիվորեն շահարկվում էր մեկուկես տարվա ընթացքում, այս տրամաբանության մեջ նույնպես ձեռք է բերում կիրառական նշանակություն։ Դրա հիմնական նախաձեռնողները Սերժ Սարգսյանի կողմնակիցներն էին՝ Նարեկ Մալյանը, Էդգար Ղազարյանը, ինչպես նաև «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցությունը։ Սակայն այս նախաձեռնությունն ինքնին ի սկզբանե չէր ենթադրում գործնական արդյունքի հասնել, ինչի մասին վկայում է իրական գործողությունների բացակայությունը նույնիսկ անհրաժեշտ ընթացակարգային հնարավորությունների ի հայտ գալուց հետո («Հայաստան» դաշինքը պատրաստակամություն էր հայտնել տրամադրել իր բոլոր պատգամավորների ստորագրությունները)։ Իմպիչմենտն օգտագործվել է որպես Քոչարյանի դեմ ագրեսիվ քարոզչության եւ ընտրողին բարոյալքելու գործիք, որպես ընտրություններին մասնակցության անիմաստության զգացում ձեւավորելու եւ, որպես հետեւանք, հասարակության այն հատվածի մասնակցությունը նվազեցնելու միջոց, որը պոտենցիալ կերպով կարող էր աջակցել ընդդիմությանը։

Ոչ պակաս հատկանշական է «Ուժեղ Հայաստան» շարժման և Սամվել Կարապետյանի անձի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այստեղ նույնպես նկատվում է ծանոթ սխեման՝ ներսից ազդելու փորձեր, արհեստական հակասությունների ստեղծում և նպատակաուղղված տեղեկատվական արտահոսքեր։ Միևնույն ժամանակ, Սամվել Կարապետյանի թիմում Միքայել Մինասյանի շահերի սպասարկողներ են հանդիսանում Էդգար Ղազարյանը և Գոհար Մելոյանը, որոնց ակտիվությունն ուղղված է ինչպես շարժման ներսում, այնպես էլ ընդդիմադիր այլ կենտրոնների հետ հարաբերություններում պառակտում մտցնելուն։ Ցանկացած կառույց, որն օժտված է ինքնուրույն քաղաքական սուբյեկտայնության պոտենցիալով, կոորդինատների այս համակարգում դիտարկվում է որպես սպառնալիք, որը ենթակա է չեզոքացման։

Այս ֆոնին առանձնապես նկատելի է շահերի համընկնումը տարբեր կենտրոնների միջև, որոնք հրապարակավ փորձում են տարանջատվել միմյանցից։ Նկատվում է ոչ միայն իմաստների, այլև ձևակերպումների համընկնում, որոնք հնչեցվում են գործընթացի տարբեր մասնակիցների կողմից։ Իսկ հիմա տանք հռետորական հարց. ի՞նչ է սա, եթե ոչ համակարգային կոորդինացում, երբ Նարեկ Մալյանի և Էդգար Ղազարյանի կողմից Քոչարյանի հասցեին հնչող հրապարակային մեղադրանքները համընկնում են Ստյոպա Սաֆարյանի, Տարոն Չախոյանի և իշխանության այլ ներկայացուցիչների հարձակումների հետ։ Պատահականությո՞ւն։ Միթե՞ կարող են լինել այսքան համընկնումներ, եթե խոսքը չի վերաբերում համակարգված արշավին՝ նախատեսված հոգեբանական և ընտրական ազդեցության համար։

Տեղի ունեցողը որպես պատահական համընկնումների ամբողջություն ներկայացնելու փորձերը քննադատությանը չեն դիմանում, քանի որ խոսքը տարիներ շարունակ ծավալվող համակարգային աշխատանքի մասին է։ 2008 թվականից ի վեր հետևողական ջանքեր են գործադրվել Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից դուրս մղելու ուղղությամբ, ինչի վրա ծախսվել են զգալի ռեսուրսներ։ Սակայն ներկա փուլը բնութագրվում է նրանով, որ նախկին մեթոդների պահպանմանը զուգահեռ փոխվել է մասնակիցների կոնֆիգուրացիան. նրանք, ովքեր նախկինում գործում էին առանձին-առանձին, այսօր օբյեկտիվորեն աշխատում են մեկ ուղղությամբ։

Ի վերջո, ուրվագծվում է ոչ թե պարզապես քաղաքական պայքար, այլ մանրակրկիտ մտածված, բազմամակարդակ ռազմավարություն, որը քողարկվում է մրցակցության անվան տակ, բայց իրականում ուղղված է ընտրազանգվածի ապամոբիլիզացմանը, ապակողմնորոշմանը և մասնատմանը։ Յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր հայտարարություն, ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Սերժ Սարգսյանի շրջապատի յուրաքանչյուր «նախաձեռնություն» հաշվարկված է այնպես, որ ժողովուրդը լինի պառակտված, մոլորեցված և զրկված այլընտրանքի շուրջ համախմբվելու հնարավորությունից։

Այս սխեմայի հիմնական շահառուն Նիկոլ Փաշինյանն է։ Նրա համար կրիտիկական չէ սեփական դիրքերի ամրապնդումը, ավելի կարևոր է այլ բան՝ թույլ չտալ ուժեղ, միավորված հակառակորդի հայտնվելը։ Ուժի ցանկացած այլընտրանքային կենտրոնի ձևավորումն ընկալվում է որպես մահացու սպառնալիք։ Եվ այս մանրակրկիտ հաշվարկված քաոսի մեջ, ինչպես հայելու մեջ, ի հայտ է գալիս երկրորդ խաղացողը՝ Սերժ Սարգսյանն իր մերձավոր շրջապատով։ Նոր, անվերահսկելի իշխանության հայտնվելը նրանց համար պարզապես անախորժություն չէ. դա աղետ է, որը հիշեցնում է պատմության դատաստանի առջև ունեցած վախը։ Չէ՞ որ հենց նրանց «բարեփոխումները», նրանց բեմադրած «թավշյա հեղափոխությունը» և սահմանադրական արկածախնդրությունները հանգեցրին հնագույն հայկական երկրամասի՝ Արցախի անդառնալի կորստին։

Այս դրամատիկ ներկայացման մեջ յուրաքանչյուր քայլ հաշվարկված է, իսկ խաղատախտակի վրա յուրաքանչյուր խաղաքար՝ դասավորված։ Կուսակցությունները, ընտրազանգվածը, ժողովուրդը սոսկ մարիոնետներ են, որոնց շարժումը թելադրվում է մեկ նպատակի համար՝ իշխանության պահպանում և պատասխանատվությունից խուսափում՝ այն սխալների համար, որոնք Հայաստանի համար արյուն և տարածք են արժեցել։

Այժմ ակնհայտ է. քանի դեռ չեն բացահայտվել և չեն վնասազերծվել այն ուժերը, որոնք կանգնած էին այս ողբերգության հետևում, ազգային և պետական անվտանգությունը մնում են վտանգված։ Սա դաս է բոլորի համար. ժողովրդավարությունը, եթե այն սոսկ իմիտացիա է, վերածվում է մարիոնետների թատրոնի։ Եվ որքան բարձր են «խաղացողների» հավակնությունները, այնքան բարձր է դրա գինը ժողովրդի համար։

Հանրային տրիբունալը դիմում է Հայաստանի բոլոր ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին. թույլ մի՛ տվեք, որ մանիպուլյատորների կողմից մանրակրկիտ կառուցված արհեստական հակասությունները որոշեն մեր երկրի ճակատագիրը։ Յուրաքանչյուր ձայն ոչ թե ձևականություն է, այլ ազգային շահերի պաշտպանության գործիք։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններում որոշվում է ոչ միայն նոր խորհրդարանի կազմը, այլև Հայաստանի, մեր պատմության և մեր ազգի ապագան։ Եղե՛ք ուշադիր, վերլուծե՛ք տեղի ունեցողը, կատարե՛ք գիտակցված ընտրություն և գործե՛ք այնպես, որ ձեր որոշումները ծառայեն Հայրենիքի շահերին, այլ ոչ թե առանձին խմբերի հավակնություններին։