ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԿՈՒՌՔԸ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԽՈՒՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի քաղաքական կյանքում արդեն երեք տասնամյակ շարունակ կրկնվում է միևնույն բառապաշարը՝ անկախություն, ինքնիշխանություն, ազատություն։ Այս բառերը հնչում են բարձր ու հանդիսավոր։ Սակայն երբ փորձենք հասկանալ, թե այդ բառերի հետևում ինչպիսի իրականություն է ձևավորվել, պատկերը դառնում է շատ ավելի բարդ և հակասական։

Անկախությունը ինքնին արժեք է։ Սակայն այն չի կարող գոյություն ունենալ միայն որպես կարգախոս։ Պետության իրական ուժը չափվում է ոչ թե հռետորաբանությամբ, այլ արդյունաբերությամբ, աշխատատեղերով, զարգացող գյուղատնտեսությամբ, գիտությամբ և մշակույթով։

Եթե փորձենք համեմատել Հայաստանի տնտեսական կառուցվածքը տարբեր ժամանակաշրջաններում, ապա ստիպված ենք արձանագրել մի պարզ փաստ․ շատ հաճախ գեղեցիկ բառերը փոխարինել են իրական պետական քաղաքականությանը։

Խորհրդային տարիներին Հայաստանը փոքր տարածքով հանրապետություն էր, սակայն արդյունաբերական ներուժով համարվում էր միության ամենազարգացած շրջաններից մեկը։ Հանրապետությունում զարգացած էին բարձր տեխնոլոգիական ոլորտներ՝ էլեկտրոնիկա, սարքաշինություն, քիմիական արդյունաբերություն, մեքենաշինություն, ռադիոտեխնիկա։ Տասնյակ խոշոր գործարաններ ապահովում էին աշխատանքով հարյուր հազարավոր մարդկանց, իսկ արտադրանքը սպառվում էր միության ամբողջ տարածքում՝ հսկայական շուկայում։

Այդ համակարգը ստեղծել էր արդյունաբերական միջավայր, որտեղ Հայաստանը ոչ թե պարզապես սպառող էր, այլ արտադրող։ Երկիրը մասնակցում էր մեծ տնտեսական շղթայի աշխատանքին՝ արտադրելով տեխնիկա, սարքավորումներ և արդյունաբերական արտադրանք։

Գյուղատնտեսությունն էլ ուներ իր կազմակերպված համակարգը։ Կոլեկտիվ տնտեսությունները ապահովում էին լայնածավալ արտադրություն՝ խաղող, միրգ, գինի և կոնյակ։ Գյուղացին միայնակ չէր իր խնդիրների մեջ․ պետությունն ապահովում էր տեխնիկա, կազմակերպում էր արտադրությունը և երաշխավորում էր իրացման շուկան։

Այս ամենը ապահովում էր այն, ինչը այսօր հաճախ հիշվում է որպես անցյալի հիշողություն՝ համատարած զբաղվածություն։ Մարդիկ աշխատում էին, ընտանիքները ապրում էին համեմատաբար կայուն սոցիալական պայմաններում, իսկ պետությունը իրական դեր ուներ տնտեսության կազմակերպման գործում։

Անկախության առաջին տարիներին Հայաստանը կանգնեց ծանր փորձությունների առաջ՝ պատերազմ, շրջափակում, էներգետիկ ճգնաժամ։ Այդ դժվարությունների կողքին տեղի ունեցավ նաև մեկ այլ գործընթաց, որի մասին այսօր հազվադեպ է խոսվում բաց տեքստով․ երկրի արդյունաբերական ներուժի զանգվածային ոչնչացումը։

Գործարանները փակվեցին կամ վաճառվեցին կոպեկներով։ Արտադրական համակարգերը քանդվեցին։ Տասնյակ հազարավոր մասնագետներ լքեցին երկիրը՝ արտագաղթի ալիքով, որը մինչ օրս չի դադարել։

Անկախության գաղափարով իշխանության եկած քաղաքական ուժերի զգալի մասը պետությունը ընկալեց ոչ թե որպես ազգային զարգացման գործիք, այլ որպես բաժանվող սեփականություն։ Տնտեսական քաղաքականությունը հաճախ վերածվեց սեփականաշնորհման քաոսի, կարճաժամկետ շահերի և պետական կառավարման անկազմակերպության։

Այս երկարատև քայքայման գործընթացում, սակայն, կարելի է առանձնացնել մի ժամանակաշրջան, երբ տնտեսությունը սկսեց աստիճանաբար դուրս գալ փլուզման վիճակից։ Այդ փուլը կապված էր Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների հետ, երբ իրականացվեցին մի շարք կարևոր տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրեր, վերագործարկվեցին արտադրական որոշ ոլորտներ, իսկ տնտեսությունը սկսեց կայուն աճ արձանագրել։

Սակայն այդ վերականգնման փուլը չդարձավ երկարաժամկետ ազգային ռազմավարություն։ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին կրկին գերիշխեց այն մոտեցումը, որի համաձայն տնտեսությունը առաջնային հարց էր, եթե այն վերաբերվում էր նեղ իշխանամերձ շրջապատին։

Այսօր Հայաստանի տնտեսության կառուցվածքը զգալիորեն փոխվել է։ Արտադրական ոլորտը փոքրացել է, գյուղատնտեսությունը հիմնված է հիմնականում մանր տնտեսությունների վրա, իսկ տնտեսության գերակշռող մասը տեղափոխվել է ծառայությունների ոլորտ՝ առևտուր, ֆինանսներ և տուրիզմ։

Այլ կերպ ասած՝ երկիրը, որը ժամանակին արտադրում էր տեխնիկա և արդյունաբերական արտադրանք, այսօր մեծ մասամբ ներմուծում է այն։

Փոխվել է նաև մշակութային կյանքը։ Խորհրդային տարիներին ստեղծագործում էին մեծ արվեստագետներ՝ Արամ Խաչատրյան, Մարտիրոս Սարյան,Պարույր Սևակ, Հովհաննես Շիրազ եւ այլն:

Նրանց ստեղծագործությունները մինչ այսօր համարվում են հայկական մշակույթի կարևոր արժեքներ։

Այդ ժամանակ մշակույթը պետականորեն ֆինանսավորվում էր․ գործում էին կինոստուդիաներ, թատրոններ եւ այլն, իսկ արվեստագետները հնարավորություն ունեին ստեղծագործել առանց շուկայական ճնշման։

Այսօր մշակութային դաշտը հիմնականում գործում է շուկայական պայմաններում։ Հանրաճանաչ են դառնում այն արտիստները, ովքեր կարողանում են մեծ լսարան հավաքել՝ համերգներով, հեռուստատեսությամբ կամ ինտերնետում, իսկ այդ լսարանը հավաքվում է անբովանդակ ,ցածրակարգ կլկլոցների եւ կիսամերկ տգեղ մարմինների ի ցույց դնելու շնորհիվ:

Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսական և մշակութային համակարգերը կառուցված են եղել տարբեր սկզբունքներով։ Խորհրդային շրջանում կար ուժեղ արդյունաբերություն և պետականորեն կազմակերպված մշակույթ, իսկ այսօր հորինված անկախ Հայաստանում գործում է վայրի շուկայական համակարգ ։

Այս ամբողջ պատկերը մեզ բերում է մի կարևոր եզրակացության։

Այսպիսով, անկախությունը չի կարող լինել միայն պոպուլիստական կարգախոս։ Այն արժեք է միայն այն դեպքում, երբ կարողանում է ստեղծել արդյունաբերություն, աշխատատեղեր, զարգացնել գիտությունը և պահպանել մշակույթը, ապահովել անվտանգություն

Սակայն վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանում ձևավորվեց մի յուրօրինակ քաղաքական խավ, որի գոյության հիմնական հենարանը դարձավ հենց այդ դատարկ գաղափարի շահագործումը։ Այս գաղափարախոսները անկախությունը վերածեցին ոչ թե զարգացման ծրագրի, այլ քաղաքական կուռքի։ Այն դարձավ մի տեսակ սրբազան բառ, որի անունից կարելի էր արդարացնել ցանկացած սխալ, ցանկացած ձախողում և նույնիսկ ցանկացած հանցանք՝ ժողովրդի և պետության դեմ ուղղված։

Իսկ պետությունը, որը կառավարվում է պոպուկիստական լոգունքներով, ոչ թե ռազմավարությամբ, անխուսափելիորեն կորցնում է իր ապագան։