Նույն բեմը, նույն դերասանները․ նիկոլա-սերժական քաղաքական թատրոնը
Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի փաստացի ներկայությունը Հայաստանի քաղաքական կյանքում ինքնին ազդակ է այն մասին, որ հայ հասարակությունը, ցավոք, դեռևս մեծ հանդուրժողականություն ունի ստի և կեղծիքի հանդեպ։
Եթե հետևենք Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավին, ակնհայտ է դառնում, որ որքան էլ մեծ է նրանից դժգոհողների թիվը, քիչ չեն նաև մարդիկ, ովքեր շարունակում են աջակցել նրան։
Իհարկե, Սերժ Սարգսյանը լայն զանգվածների աջակցությունը չունի։ Այս առումով նա նույնիսկ զիջում է նորաստեղծ քաղաքական ուժերին։ Սակայն միևնույն ժամանակ ակնհայտ է նաև մեկ այլ փաստ․ հասարակության մեջ չկա հստակ և համընդհանուր պահանջ, ըստ որի՝ ստախոս ու անբանիմաց մարդը պետք է ընդհանրապես դուրս մնա քաղաքական դաշտից։
Սերժ Սարգսյանը, բացի սովորական ստախոս լինելուց, ըստ էության, չի հասկանում ոչ քաղաքականությունից, ոչ էլ աշխարհաքաղաքական գործընթացներից։ Չնայած դրան՝ նրա շուրջ ձևավորված շրջանակները տարիներ շարունակ փորձել են ներկայացնել նրան որպես փորձառու գործիչ և նույնիսկ «մեծ շախմատիստ»։
Մինչդեռ իրականությունն այլ է։ Այս երկու՝ ստի վրա կառուցված քաղաքական կերպարները միայն տնտեսական վնաս չեն հասցրել երկրին։ Նրանց քաղաքականության հետևանքով երկիրը տվել է հազարավոր զոհեր և կորցրել իր տարածքների զգալի մասը։ Այդ ամենը տեղի է ունեցել ստի, տգիտության և պատասխանատվության բացակայության պայմաններում։
Այնուամենայնիվ, ոչ միայն չկա հասարակական պահանջ, որ նման մարդիկ լռեն, այլ նրանք շարունակում են գոյություն ունենալ՝ մեկը որպես իշխանություն, մյուսը՝ որպես կեղծ ընդդիմություն։
Այս երևույթը նոր չէ։ Հայ հասարակական կյանքի մեջ կեղծիքի և դերասանության վտանգը դեռ մեկ դար առաջ էր նկատել Հովհաննես Թումանյանը՝ անդրադառնալով իր ժամանակաշրջանի քաղաքական և հասարակական իրադարձություններին։
Թումանյանը գրում էր․
«Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր… Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է… և հանկարծ դուք տեսնում եք՝ նա խաղ է անում, դերասանություն է անում»։
Նա զգուշացնում էր, որ հասարակական կյանքում այդպիսի դերասանությունը հատկապես վտանգավոր է, որովհետև քաղաքականությունն ու հասարակական գործը բեմ չեն, որտեղ կարելի է պարզապես դեր խաղալ․
«Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են։ Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները»։
Թումանյանը նկարագրում էր, թե ինչպես են հասարակական կյանքում տարբեր մարդիկ տարբեր դերեր վերցնում իրենց վրա՝ փորձելով ներկայացնել այն, ինչ իրականում չեն․
«Իրենց վրա առած զանազան դերեր՝ նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում։ Մեկը ներկայանում է որպես գաղափարական գործիչ, մյուսը՝ հերոս, երրորդը՝ հրապարակախոս, չորրորդը՝ բարեգործ…»։
Բայց այդ ամենի մեջ ամենամեծ կեղծիքը, ըստ նրա, այն է, որ այդ մարդիկ մշտապես խոսում են ժողովրդի անունից․
«Որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն, միշտ գոռում են “ժողովրդի” անունը…— Տեսեք, ժողովուրդը մեզ հետ է»։
Եվ հենց այստեղ է առաջանում ամենաբարդ հարցը՝ ինչպես տարբերել ճշմարտությունը կեղծիքից․
«Դե եկեք ու ջոկեցեք իսկականը կեղծիքից… Եվ մի ժողովուրդ, որ այսքան կեղծիքներ ու կեղծավորներ ունի, նրա գործերը միշտ գետնին կմնան»։
Թումանյանի այս խոսքերը, որոնք ասվել են մեկ դար առաջ իր ժամանակի իրադարձությունների մասին, ցավոք, այսօր էլ չափազանց արդիական են հնչում։
Սերժ Սարգսյանի մասին որոշ շրջանակներ շարունակում են խոսել որպես «փորձառու», «բանիմաց» և «30 տարվա փորձ ունեցող շախմատիստ» քաղաքական գործչի մասին։ Բնականաբար, այդ շրջանակների մեծ մասը պարզապես վարձատրվում է նման գովեստներ հնչեցնելու համար։
Բայց նույնիսկ եթե մի կողմ դնենք այն հարցը, թե նա գիտակցաբար է երկիրը տարել այս իրավիճակին, բավական է հիշել միայն վերջին տարիները՝ հասկանալու համար, թե որքան հաճախ է նա սխալվել։
Օրինակ՝ նա հայտարարում էր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Այդ հայտարարությունը հնչեց այն ժամանակ, երբ իշխանության էր արդեն Նիկոլ Փաշինյանը։ Սակայն բոլորին հայտնի էր, որ Փաշինյանը իր քաղաքական գործունեության ընթացքում երբեք չի թաքցրել, որ Արցախը համարում է Ադրբեջանի մաս։ Այս պայմաններում նման հայտարարությունը կարող էր անել կամ իրականությունից կտրված մարդը, կամ մեկը, ով պարզապես մոլորեցնում է հասարակությանը։
Նույն կերպ, երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում պատերազմ չի սպասվում։ Դա այն ժամանակ էր, երբ քաղաքական պայքարում արտաքին սպառնալիքը ներկայացվում էր որպես Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու կարևոր պատճառներից մեկը։ Սակայն Սարգսյանը վստահեցնում էր, թե մոտ ապագայում պատերազմ չի լինի։
Այս ամենից կարելի է անել երկու եզրակացություն՝ կամ Սերժ Սարգսյանը իսկապես չի հասկանում տեղի ունեցող գործընթացները, կամ գիտակցաբար է փորձել թուլացնել հասարակական զգոնությունը։
Այսինքն դժվար է պնդել, թե նա ոչ դավաճան է, ոչ էլ տգետ։
Հնարավոր է ինչ-որ մարդիկ չեն հավատում, որ նա գիտակցաբար է մոլորեցրել հասարակությանը։ Բայց նույնիսկ այդ դեպքում դժվար է պնդել, որ նա պարզապես սխալ չէր հասկանում իրավիճակը։ Որովհետև աշխարհաքաղաքական իրադարձություններին թեկուզ նվազագույն չափով հետևող մարդուն պարզ էր, որ Մերձավոր Արևելքում սպասվում են մեծ փոփոխություններ, որոնք անխուսափելիորեն ազդելու էին նաև տարածաշրջանի վրա։
Ավելի պարզ ասած՝ անկախ նրանից Սերժ Սարգսյանը դավաճան է, թե պարզապես անբանիմաց, երկու դեպքում էլ նման մարդը իրավունք չունի շարունակել զբաղվել քաղաքականությամբ։
Արժանապատվություն ունեցող հասարակությունը չի կարող լուրջ վերաբերվել մի մարդու, ով անգամ ակնհայտ հարցերում շարունակաբար սխալվում է։
Երևանում հաճախ կարելի է լսել պատմություններ այն մասին, թե ինչպես են որոշ բժիշկներ մարդկանցից գումար կորզելու համար հայտարարում վիրահատության անհրաժեշտության մասին։ Երբեմն էլ վիրահատություններ են կատարվում պարզապես անգիտության պատճառով։ Սակայն երբ պարզվում է, որ բժիշկը անտեղի վիրահատել է հիվանդին, մարդիկ այլևս նրա մոտ չեն գնում։
Բայց նույն հասարակությունը, տարօրինակ կերպով, անտարբեր է մնում, երբ Սերժ Սարգսյանի նման տգետ կամ դավաճան գործիչները շարունակում են հանդես գալ կարծիքներով և ազդել քաղաքական կյանքի վրա։
Սա, ցավոք, ցույց է տալիս մեկ կարևոր խնդիր․ մենք ակտիվանում ենք միայն այն ժամանակ, երբ վնասը անմիջապես մեզ է հասնում։ Իսկ երբ վնասը հավաքական է, հաճախ հակված ենք մտածելու, թե դա մեզ չի վերաբերում։
Միևնույն ժամանակ պետք է հասկանալ նաև մեկ այլ կարևոր հանգամանք։ Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի կեղծիքների և քաղաքական դերասանության հիմնական նպատակը հասարակության պառակտումն է։ Երբ հասարակությունը բաժանված է «նախկինների» և «ներկաների», «սևերի» և «սպիտակների», իշխանությունը շատ ավելի հեշտ է պահպանել։
Այս երկու քաղաքական դերակատարների գոյությունը նույն համակարգի տարբեր դերերն են։ Մեկը իշխանության մեջ է, մյուսը՝ ընդդիմության անվան տակ, բայց երկուսն էլ իրականում նպաստում են նույն վիճակի պահպանմանը։ Այդ վիճակը թույլ է տալիս շարունակել սպասարկել արտաքին դերակատարների շահերը։
Պատահական չէ, որ իշխանափոխությունը տեղի ունեցավ այնպիսի ձևով, որ Սերժ Սարգսյանը փաստացի սկուտեղի վրա Նիկոլ Փաշինյանին հանձնեց իշխանությունը։ Այդպես ձևավորվեց այն քաղաքական համակարգը, որի մեջ այսօր ապրում է Հայաստանը։
Այս իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը նիկոլա-սերժական կապանքներից ազատվելն է։ Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ հասարակությունը միասնական ճակատով մերժի այս համակարգը առաջիկա ընտրություններում։
Այդ ժամանակ միայն կարող է իրականություն դառնալ հայ ժողովրդի գլխավոր բաղձանքներից մեկը, որը ձևակերպել է Գևորգ Էմինը․
«Բայց վկա ճեղքված Մասիս լե՛ռը մեր,
Վկա մեր կե՛սը մորթված Տէր-Զորում
Եվ այն կե՛սը,
Որ ե՛ս եմ, դո՛ւ և նա՛,—
Մենք կմիանա՜նք,
Մենք կամբողջանա՜նք,
Կգտնե՜նք մի օր
Լրի՜վ դառնալու
Հնարն անհնար…»։
Եվ միայն այդ դեպքում Հայաստանը կարող է դուրս գալ ստի, կեղծիքի և քաղաքական դերասանության փակ շրջանից։


