Անվտանգություն և խաղաղություն, վերահսկվող քաղաքականություն և ընտրական մեխանիզմների սահմանափակումներ
Հայաստանի պետական կյանքը գտնվում է պատմականորեն վտանգավոր հանգրվանում։ Պատերազմից հետո ձևավորված աշխարհաքաղաքական միջավայրը շարունակում է մնալ անկայուն, սահմանային սպառնալիքները չեն վերացել, իսկ Ադրբեջանի հետ ընթացող գործընթացը չի ստեղծել անվտանգության իրական և համակարգային երաշխիքներ։ Այս իրողությունների պայմաններում գործող իշխանությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հասարակությանը ներկայացնում է խաղաղության օրակարգը՝ որպես կայունության և պաշտպանվածության հիմնական միջոց։
Սակայն խաղաղության մասին հռչակագրերը չեն կարող փոխարինել ուժային հավասարակշռությանը, բանակի խորքային վերակազմավորմանը և պետական ռազմավարական հստակ ուղղությանը։ Խաղաղությունը, եթե այն չի հենվում ուժի և հաշվարկված դիվանագիտության վրա, վերածվում է պատրանքի։ Իսկ պատրանքային խաղաղությունը ոչ միայն չի ամրապնդում անվտանգությունը, այլև թուլացնում է դիմադրողականությունը։
Հանրային դիսկուրսում շրջանառվում է կասկածելի մի թեզ, որի համաձայն ներկայիս պայմաններում ընտրությունների արդյունքը վճռորոշ կերպով պայմանավորված է միայն այն հանգամանքով, թե որքան հաջող կձևավորվի անվտանգության օրակարգը կամ որքան հստակ կարտահայտվի կայունության պահանջը։ Դժվար է անվերապահորեն համաձայնել այս պնդման հետ։ Տեսականորեն նման մոտեցումը կարող է տրամաբանական թվալ, սակայն այն չի հաշվառում մի էական հանգամանք․ Հայաստանի պարագայում «անվտանգություն» հասկացության հանրային ընկալումը հաճախ չի համընկնում գետնի վրա առկա իրողությունների հետ։ Ավելին՝ ներկայումս հասարակական գիտակցության մեջ անվտանգությունը առավելապես նույնացվում է «խաղաղության» հետ, այլ ոչ թե ուժեղ, պատրաստված և պատշաճ զինված բանակի ու ուժեղ կամքով գլխավոր հրամանատարի կերպարի հետ։ Խաղաղության օրակարգը հետևողականորեն առաջ է մղում Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ քաղաքական դաշտի մյուս դերակատարները լայնորեն ընկալվում են որպես այդ գծին հակառակվողներ կամ «ռևանշիստներ»։ Եթե հակառակը լիներ, ապա 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մենք կունենայինք ամբողջովին այլ ներքաղաքական պատկեր։ Պարտությունից և անվտանգության համակարգի ճգնաժամից հետո հասարակական տրամադրությունները պիտի հանգեցնեին արմատապես այլ քաղաքական վերադասավորումների, մինչդեռ իրականությունը ցույց տվեց, որ անվտանգության թեման ինքնին չի դառնում վճռորոշ գործոն ընտրողական վարքագծի մեջ։
Հանրային դիսկուրսում շրջանառվում է կասկածելի մի թեզ, որի համաձայն ներկայիս պայմաններում ընտրությունների արդյունքը վճռորոշ կերպով պայմանավորված է միայն այն հանգամանքով, թե որքան հաջող կձևավորվի անվտանգության օրակարգը կամ որքան հստակ կարտահայտվի կայունության պահանջը։ Դժվար է անվերապահորեն համաձայնել այս պնդման հետ։ Տեսականորեն նման մոտեցումը կարող է տրամաբանական թվալ, սակայն այն չի հաշվառում մի էական հանգամանք․ Հայաստանի պարագայում «անվտանգություն» հասկացության հանրային ընկալումը հաճախ չի համընկնում գետնի վրա առկա իրողությունների հետ։ Ավելին՝ ներկայումս հասարակական գիտակցության մեջ անվտանգությունը առավելապես նույնացվում է «խաղաղության» հետ, այլ ոչ թե ուժեղ, պատրաստված և պատշաճ զինված բանակի ու ուժեղ կամքով գլխավոր հրամանատարի կերպարի հետ։ Խաղաղության օրակարգը հետևողականորեն առաջ է մղում Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ քաղաքական դաշտի մյուս դերակատարները լայնորեն ընկալվում են որպես այդ գծին հակառակվողներ կամ «ռևանշիստներ»։ Եթե հակառակը լիներ, ապա 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մենք կունենայինք ամբողջովին այլ ներքաղաքական պատկեր։ Պարտությունից և անվտանգության համակարգի ճգնաժամից հետո հասարակական տրամադրությունները պիտի հանգեցնեին արմատապես այլ քաղաքական վերադասավորումների, մինչդեռ իրականությունը ցույց տվեց, որ անվտանգության թեման ինքնին չի դառնում վճռորոշ գործոն ընտրողական վարքագծի մեջ։
Կեղծ բևեռներ և նույն աշխարհաքաղաքական ուղղությունը
Հայաստանի քաղաքական համակարգում ձևավորվել է վերահսկվող բազմաբևեռության պատրանք։ Գործող իշխանությունն ու համակարգային ընդդիմության մի հատվածը, փաստացի, չեն հակադրվում միմյանց ռազմավարական հարցերում։
Հայ ազգային կոնգրեսը՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, իր քաղաքական գծով չի ներկայացնում աշխարհաքաղաքական այլընտրանք գործող իշխանությանը։ Նույն տրամաբանության շրջանակում գործում է նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ Արտաքուստ առկա հակասությունները չեն փոխում հիմնական ուղղությունը, որը շարունակում է համընկնել նույն աշխարհաքաղաքական կենտրոնների շահերին։
Այս կառուցվածքում ընդդիմադիր պայքարը հաճախ վերածվում է ձևական դիմակայության, որի արդյունքը քաղաքական էներգիայի սպառումն է, այլ ոչ թե համակարգային փոփոխությունը։
Փողոցային վերահսկվող պայքար
Մեր երկրում վերջին տարիների բոլոր զանգվածային շարժումները ավարտվել են կանխատեսելի ձախողմամբ։ Դրանք չեն հանգեցրել համակարգային փոփոխության, որովհետև այդպիսի նպատակ չի էլ դրվել։ Փողոցային որոշ նախաձեռնություններ ձևավորվել և ուղղորդվել են հենց նույն քաղաքական ուժերի կողմից՝ կարճաժամկետ էմոցիոնալ ալիք բարձրացնելու և այն հետագայում «մարելու» համար։
Այս մեխանիզմը պարզ է․ կեղծ փողոցային պայքարները բարձրացնում են հանրային սպասումները, սակայն արագ մարում են՝ թողնելով խոր հիասթափություն։ Արդյունքում ձևավորվում է լայնամասշտաբ ապատիա և քաղաքական պասիվություն, ինչը ձեռնտու է գործող համակարգին։ Քաղաքացիները դադարում են հավատալ ինչպես ընտրություններին, այնպես էլ փողոցային պայքարին։ Սա վերահսկվող քաղաքական հյուծման տեխնոլոգիա է։
Առավել կարևոր է նշել, որ տարածաշրջանային լարվածությունը և արտաքին դերակատարների հետաքրքրությունները (ներառյալ արևմտյան և թուրքական հատուկ ծառայությունները) չեն նշանակում ընտրությունների արդյունքի կանխորոշում։ Արտաքին ուժերը հաճախ նախապես ներգրավվում են քարոզչական դաշտում՝ ձևավորելու հասարակական տրամադրություններ և նպաստելու քաղաքական բևեռացման խորացմանը։ Այդ պատճառով անհրաժեշտ է ոչ միայն վերլուծել հասարակական տրամադրությունները, այլև գործնական քայլեր կատարել քարոզչական և տեղեկատվական միջավայրում՝ խուսափելու կեղծ փողոցային շարժումների ակտիվացումից, որոնք կարող են խորացնել հիասթափությունը և նվազեցնել մասնակցությունը ընտրություններին։
Ընտրական գործընթացների իրական սահմանափակումները
Քաղաքական գործընթացների գնահատման ժամանակ անթույլատրելի է անտեսել ինստիտուցիոնալ միջավայրը, որի շրջանակներում պետք է իրականացվեն ընտրությունները։ Հաճախ հանրային դիսկուրսը կենտրոնանում է վարկանիշների, անվտանգության օրակարգի կամ թեկնածուների շուրջ ձևավորվող համակրանքների վրա, սակայն իրական ազդեցությունը ձևավորվում է ոչ միայն քաղաքական հռետորաբանությամբ, այլ՝ ընտրական համակարգի կառուցվածքով և վերահսկողական մեխանիզմներով։
Վերջին օրենսդրական փոփոխություններով ընտրական գործընթացների նկատմամբ լիարժեք հանրային վերահսկողությունը էապես սահմանափակվել է։ Դիտորդական առաքելության իրավունքը վերապահվել է այն կազմակերպություններին, որոնք ուղղակիորեն կապված չեն ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հետ։ Արդյունքում քաղաքական սուբյեկտները զրկված են իրենց գործընթացի ամբողջական վերահսկման գործիքներից, իսկ վարչական և կազմակերպչական ռեսուրսների ազդեցությունը դառնում է գործնականում անխոչընդոտ։
Նման կառուցվածքի պայմաններում ընտրությունների ելքը ձևավորվում է համակարգի ներսում՝ նվազագույն ռիսկերով իշխանության համար։ Հասարակական տրամադրությունները կարող են փոխվել, թեկնածուների նկատմամբ վերաբերմունքը կարող է աճել կամ նվազել, սակայն ինստիտուցիոնալ սահմանափակումների պարագայում այդ տրամադրությունները չեն վերածվում իրական իշխանափոխության մեխանիզմի։ Նույնիսկ եթե հասարակության զգալի հատվածը համակրանք ցուցաբերի որևէ թեկնածուի նկատմամբ, այդ թվում՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ, դա ինքնին չի երաշխավորում արդյունքի արտացոլումը վերջնական քվեարկության մեջ, քանի որ ձայների հաշվարկման գործընթացը քաղաքական ուժերի վերահսկողությունից դուրս է։
Իրական այլընտրանքի համախմբման հարցը
Այս պայմաններում ընտրական ճանապարհով փոփոխությունը դառնում է խիստ սահմանափակված, եթե ընդդիմադիր քաղաքական պայքարի մասնակիցները չեն ձևավորում դաշինք՝ համախմբելով ուժային, ֆինանսական և կազմակերպչական ռեսուրսները։
Ռոբերտ Քոչարյանը, որպես փորձառու պետական գործիչ, շարունակում է մնալ ընդդիմադիր դաշտի առանցքային դեմքերից մեկը։ Գործարար Սամվել Կարապետյանը ներկայացնում է կառավարչական և տնտեսական ռեսուրսների պոտենցիալ։ Քաղաքական ազդեցիկ դերակատար է նաև Գագիկ Ծառուկյանը, որի հնարավոր միավորումը վերը նշված կենտրոնների հետ կարող է ստեղծել կազմակերպչական և ռեսուրսային լուրջ բևեռ։
Սակայն հարցը միայն համախմբման մեջ չէ։ Հարցը քաղաքական կամքի մեջ է։
Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը պատրաստ են հետընտրական զարգացումների հնարավոր սրմանը։ Արդյո՞ք նրանք ունեն բավարար կազմակերպչական ներուժ՝ դժգոհ զանգվածների իրական համախմբման համար։ Եվ վերջապես՝ արդյո՞ք նրանք պատրաստ են, անհրաժեշտության դեպքում, գնալ համակարգային փոփոխության՝ այդ թվում ոչ միայն ընտրական, այլև վճռական փողոցային պայքարի մեթոդներով։
Եզրակացություն
Հայաստանի առջև կանգնած խնդիրը անձերի մրցակցությունը չէ։ Խնդիրը պետության ինքնիշխանության, անվտանգության և կառավարման համակարգի վերակառուցումն է։
Պատրանքային խաղաղությունը չի կարող փոխարինել անվտանգային համակարգը։ Վերահսկվող ընդդիմադիր բևեռները չեն կարող ապահովել փոփոխություն։ Ինստիտուցիոնալ սահմանափակումների պայմաններում ընտրական մեխանիզմը ինքնին բավարար չէ իշխանափոխության համար։
Հետևաբար կարևորագույն հարցը հետևյալն է․ գոյություն ունի՞ քաղաքական ուժ, որը պատրաստ է ոչ թե հերթական ընտրական ցիկլին մասնակցելու և մի քանի պատգամավորական մանդատ ստանալու, այլ հեղափոխական փոփոխությունների։


