Որքա՞նով է անկեղծ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ընդդիմությանը միավորման կոչ հղելիս
Հայաստանի ներքաղաքական կյանքում ձևավորվող վերջին զարգացումները կրկին ի ցույց են դնում մի ցավալի, սակայն արդեն վաղուց ծանոթ իրողություն․ քաղաքական հայտարարությունների և իրական քաղաքական վարքագծի միջև հաճախ գոյություն ունի խոր անդունդ։ Այս հակասության հերթական դրսևորումը դարձավ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հրապարակումը, որը, առաջին հայացքից ներկայացվելով որպես ներքաղաքական իրավիճակի անկեղծ և անաչառ գնահատական, իրականում ավելի շատ հիշեցնում է հերթական կեղծավորության դրսևորում։
Նրա գնահատմամբ՝ պառակտված ընդդիմությունը միավորելու միակ ազդեցիկ գործոնը կարող է լինել գործարար և հասարակական գործիչ Սամվել Կարապետյանը, որը, ըստ առաջին նախագահի, իր ինքնաբավությամբ և կայացածությամբ ի զորու է ստանձնել այդ պատմական առաքելությունը։
Տեր-Պետրոսյանը միաժամանակ ընդգծում է, որ ընդդիմության միավորումը քաղաքական նպատակահարմարության խնդիր չէ, այլ՝ ազգի փրկության հրամայական։ Իհարկե, նա ճիշտ է, խոսելով ընդդիմության համախմբան անհրաժեշտության մասին։ Սակայն հենց այս պնդումն է, որ առաջացնում է լուրջ հակասություններ նրա գործնական քայլերի հետ։
Բանը նրանում է, որ դեռևս 2025-ի դեկտեմբերին Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրես կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։ Կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը հայտնել էր, որ կուսակցությունը ոչ միայն մասնակցելու է ընտրություններին, այլ վարչապետի թեկնածու է առաջադրելու վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին։
Այստեղ առաջանում է հիմնարար հարց․
Ինչպե՞ս կարելի է միաժամանակ խոսել ընդդիմության միավորման «ազգային փրկության» անհրաժեշտության մասին և միևնույն ժամանակ ընտրություններին մասնակցել առանձին՝ գիտակցելով, որ սեփական քաղաքական ուժը մեծ հավանականությամբ չի հաղթահարելու ընտրական շեմը։
Ընտրական օրենսգրքով սահմանված 4 տոկոսանոց արգելապատնեշը ոչ թե տեսական, այլ խիստ գործնական իրականություն է։ Քաղաքական վերլուծությունների մեծ մասը վկայում է, որ ՀԱԿ-ի ընտրական ներուժը դժվար թե ապահովի այդ շեմի հաղթահարումը։ Այդ պայմաններում ընտրություններին առանձին մասնակցելու որոշումը դառնում է ոչ թե քաղաքական պայքարի դրսևորում, այլ ընդդիմադիր ընտրազանգվածի գիտակցված մասնատում։
Սա արդեն թույլ է տալիս խոսել ոչ թե քաղաքական սխալի, այլ անկեղծության պակասի մասին։ Երբ քաղաքական գործիչը հրապարակավ կոչ է անում միավորվել հանուն ազգի փրկության, սակայն սեփական քայլերով նպաստում է նույն այդ պառակտմանը, հասարակությունն իրավացիորեն սկսում է կասկածել հայտարարությունների իրական նպատակներին։
Տպավորություն է ստեղծվում, որ միավորման մասին բարձրագոչ կոչերը ծառայում են ոչ թե իրական համախմբմանը, այլ քաղաքական պատասխանատվության վերաբաշխմանը՝ ապագա անհաջողությունները նախապես արդարացնելու նպատակով։ Այս պարագայում ընդդիմության ձայների հնարավոր փոշիացումը դառնում է կանխատեսելի հետևանք, որի համար հետագայում կարելի է մեղադրել «չմիավորված ընդդիմությանը», բայց ոչ սեփական որոշումները և իշխանության կողմից ստեղծված խաղի կանոնները, որոնք ի սկզբանե կանխորոշում են ընտրությունների արդյոինքները։
Այսպիսով, ներկայիս իրավիճակում հիմնական հարցը այլևս այն չէ, թե ով կարող է միավորել ընդդիմությանը, այլ՝ արդյո՞ք այդ միավորման մասին խոսողները իրապես պատրաստ են սեփական քայլերով ծառայել այդ նպատակին։ Եվ հենց այստեղ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած «անկեղծ խոստովանությունը» Հանրային Տրիբունալի կարծիքով հնչում է ոչ թե որպես ճշմարտության արտահայտություն, այլ որպես քաղաքական հաշվարկի հերթական դրսևորում։


