Պատերազմի մասին ճշմարտությունը՝ լռության կնիքի տակ
Պատերազմի, պատմական պատասխանատվության և ազգային աղետի պատճառները ճանաչելու հասարակության իրավունքի մասին
Հայ ժողովուրդը իր բազմադարյա պատմության ընթացքում բազմիցս կանգնել է փորձությունների, կորուստների և ճակատագրական հանգրվանների առջև։ Սակայն յուրաքանչյուր ողբերգությունից հետո ազգի գոյատևման գլխավոր հենարանը եղել է մեկ անսասան արժեք՝ ճշմարտության որոնումը։ Առանց ճշմարտության չի կարող լինել ո՛չ արդարություն, ո՛չ պատմական հիշողության շարունակական պահպանում, և առավել ևս՝ անցյալի փորձի հիման վրա ապագայի վերակառուցում։
Արցախյան 44-օրյա պատերազմը հայոց նորագույն պատմության ամենածանր էջերից մեկն է, որի վերքերը մինչ օրս չեն սպիացել։ Այդ պատերազմի մասնակիցներից մեկը՝ Միքայել Մարգարյանը, իր հրապարակային խոսքում բարձրացնում է հարցեր, որոնք հուզում են ոչ միայն ռազմի դաշտի թոհ ու բովով անցած զինվորին, այլև ողջ հասարակությանը։ Նրա վկայությունը պատերազմի ականատես մարդու ցավոտ հարցադրումն է՝ ուղղված պետությանը և հանրությանը։
Մարգարյանը հիշեցնում է, որ պատերազմի առաջին իսկ օրերից կամավոր մեկնել է Հադրութի առաջնագիծ և սեփական աչքերով տեսել այն իրադարձությունները, որոնք հետագայում դարձան ազգային ողբերգության մաս։ Նրա խոսքում առանձնահատուկ ցավով է ընդգծվում Հադրութի հանձնման հանգամանքը, որը, ըստ նրա, տեղի է ունեցել առանց լիարժեք մարտական դիմադրության։ Այս իրողությունը մինչ օրս մնում է բազմաթիվ հարցերի աղբյուր՝ առանց հստակ պատասխանների և պատասխանատուների բացահայտման։
Նույնպիսի տարակուսանք է առաջացնում նաև Շուշիի պաշտպանության հարցը։ Պատերազմի մասնակիցը նշում է, որ իր ստորաբաժանումը, գտնվելով ռազմավարական կարևորագույն ուղղության անմիջական հարևանությամբ, չի ստացել քաղաքը պաշտպանելու հրաման։ Շուշին, որը դարեր շարունակ եղել է հայկական մշակութային ու հոգևոր դիմագծի խորհրդանիշը, ընկավ այնպիսի պայմաններում, որոնք դեռևս պահանջում են խորքային քննություն և հրապարակային բացատրություն։
Այս հարցերի պատասխանները, ըստ Մարգարյանի, պետք է տրվեին պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կողմից, որը ղեկավարում էր Անդրանիկ Քոչարյանը։ Հանձնաժողովը, պետական լայն ռեսուրսների կիրառմամբ, իրականացրել է բազմամսյա աշխատանք՝ հարցաքննելով բարձրաստիճան պաշտոնյաների և պատերազմի մասնակիցների։ Հանրությունը սպասում էր, որ ներկայացվելիք զեկույցը կդառնա ճշմարտության բացահայտման կարևոր քայլ։ Սակայն զեկույցի չհրապարակումը հասարակության մեջ առաջացրել է նոր հիասթափություն և անվստահություն։
Առանձնապես ցավալի է անհետ կորած զինծառայողների ընտանիքների վիճակը։ Նրանց համար յուրաքանչյուր փաստաթուղթ, յուրաքանչյուր բացահայտում կարող է դառնալ հույսի վերջին շողը՝ իրենց զավակների ճակատագրի մասին որևէ տեղեկություն ստանալու ճանապարհին։ Զեկույցին ծանոթանալու հնարավորությունից նրանց զրկելը ոչ միայն վարչական որոշում է, այլ նաև բարոյական ծանր հարված։
Մարգարյանի կոչը, ըստ էության, ուղղված է ամբողջ հասարակությանը։ Նա դիմում է պատերազմին մասնակցածներին, կորուստ կրած ընտանիքներին, հայրենիք ու տուն կորցրած քաղաքացիներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր նյութապես կամ բարոյապես աջակցել են պատերազմի ընթացքում։ Նրա համոզմամբ՝ ճշմարտությունը իմանալը քաղաքական պահանջ լինելուց զատ, նաև համազգային պարտավորություն է։
Հանրային Տրիբունալը համոզված է, որ այսօր առավել քան երբևէ կարևոր է բաց, հրապարակային և պատասխանատու քննարկումը։ Պետության ուժը պայմանավորված է ոչ միայն հաղթանակներով, այլ նաև սեփական սխալներին առերեսվելու կարողությամբ։ Եթե հասարակությունը զրկվում է ճշմարտությունից, ապա պարտությունը դառնում է նաև բարոյական։ Զեկույցի հրապարակման պահանջը, հետևաբար, արդարության վերականգնման անհրաժեշտ քայլ է և ազգային ինքնագիտակցության հրամայական։
«Պատմությունը ուսուցչուհի չէ, այլ հսկիչ․ այն ոչինչ չի ուսուցանում, սակայն խստորեն պատժում է չսերտված դասերի համար»․ այսպես է մի առիթով արտահայտվել ռուս նշանավոր պատմաբան Վասիլի Կլյուչևսկին։
ժողովուրդը, որը չի ճանաչում իր ողբերգության իրական պատճառները, դատապարտված է կրկին հանդիպելու նույն փորձությանը։ Իսկ ժողովուրդը, որը համարձակվում է պահանջել ճշմարտություն, վերագտնում է իր արժանապատվությունն ու ապագայի իրավունքը։
Ճշմարտությունը պետք է հնչի՝ հանուն հիշողության, արդարության և Հայաստանի վաղվա օրվա։


